Լրահոս

24.05.2013 22:03


Մարզային գրանցում ունեցող կանայք Երևանում ծննդաբերելու համար ստիպված են հավելյալ գումար վճարել

Մարզային գրանցում ունեցող կանայք Երևանում ծննդաբերելու համար ստիպված են հավելյալ գումար վճարել

Մայիսի 24-ին Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (IWPR) հայաստանյան գրասենյակը անցկացրեց քննարկում, որի շրջանակներում անդրադարձ կատարվեց Հայաստանում ծննդաբերել պատրաստվող կանանց խնդիրներին:

Առողջապահության նախարարի հրամանով` Ծննդօգնության և երեխայի առողջության պետական հավաստագրերը տեղայնացվել են: Որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 1-ից:

Այսպիսով, այս տարվա մայիսից մարզային գրանցում ունեցող կանայք մայրաքաղաքում ծննդաբերելու համար ստիպված են հավելյալ գումար վճարել, ինչը նշանակում է, որ միայն Երևանում գրանցված կանայք իրավունք ունեն օգտվել մայրաքաղաքի բուժհիմնարկների անվճար ծննդօգնությունից:

Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Մարիամ Մկրտչյանը, Սեռական և վերարտադրողական առողջության ծրագրերի պատասխանատու Անուշ Պողոսյանը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Ավագյանի պարզաբանմամբ` որոշման հիմնական նպատակը մարզերի ծննդօգնության հիմնարկների հասցեականության ուղարկվող ֆինանսական միջոցների ապահով կանանց բավարարվածության, ֆիզիկական մատչելիության բարձրացումը, բուժօգնության շարունակականության ապահովումն է:

«Հղիության նորմալ ընթացք ունենալու դեպքում կինը մեծ հաջողությամբ կարող է ծննդաբերել ըստ բնակության վայրի: Չնայած այդ ամենին, նա իրավունք ունի հղիության առաջին իսկ օրվանից դիմել Երևանի որևէ բուժհաստատություն և ինը ամիս շարունակ ծառայություններ ստանալ Երևանում՝ վճարելով փոքրիկ գումար և կարիք չունենալով ապրել Երևանում, ներկայացնել կեղծ փաստաթղթեր, և այլն», ասաց Գայանե Ավագյանը` ավելացնելով, որ այն կանայք, ովքեր ամիսներ շարունակ հսկողության տակ են գտնվում մարզային բուժհաստատություններում և ցանկություն են հայտնում ծննդաբերել Երևանում, պետք է վճարեն 107 հազար ՀՀ դրամ պետական վճար:

Ավագյանը նշեց, որ ուղեգրման համար հիմք է ընդունվում ոչ թե գրանցման, այլ բնակության վայրը և նույնիսկ մարզերում գրանցված կանայք, եթե բնակվում են Երևանում և իրենց նախածննդյան հսկողությունը ստացել են Երևանում, ապա կծննդաբերեն հենց մայրաքաղաքում:

Առողջապահության նախարարության տեսակետին հակադարձելով՝ ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ասաց, որ պետք է հղի կնոջը ընտրության հնարավորություն տալ: «Թույլ տվեք մարդիկ իրենք ընտրեն, չի կարելի ջարդել հղի կնոջ ցանկությունը: Տեղայնացնելով խնդիր չեք լուծելու։ Պարտք կանեն, էլի կգան Երևանում կծննդաբերեն»:

«Մարզերի հիվանդանոցները չունեն համապատասխան տեխնիկա, և կանայք պարտքով գումար կվերցնեն կտեղափոխվեն Երևան, կծննդաբերեն այստեղ և հետո կվերադառնան», ասաց Պողոսյանը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը խոսելով որոշման մասին` նշեց, որ դժվար է չհամաձայնել Թևան Պողոսյանի տեսակետի հետ, որ ազատ ընտրությունը ամենաճիշտն է: Ըստ Հայրապետյանի` անհրաժեշտ է առաջին հերթին ժողովրդի հավատի ուղղությամբ աշխատել, որպեսզի մարդիկ հավատ ունենան մարզերի բուժհաստատությունների նկատմամբ:

IWPR-ի այն հարցին, թե որքանով կարող է այս որոշումը ազդել Հայաստանում վերջերս շատ քննարկվող ժողովրդագրական խնդիրների, արտագաղթի, ծնելիության անկմանը Թևան Պողոսյանը միանշանակ ասաց, որ կարծում է, թե դա կարող է ծնելիությունը զսպող և որոշ դեպքերում արտագաղթը խթանող հանգամանք լինել:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի կարծիքով ծնելիությունը ժողովրդագրական աճի միայն 10 տոկոսն է կազմում: «Գոյություն ունեն այլ գործոններ` մահացություն, արտագաղթ, և այլն»:

Այս խորագրի վերջին նյութերը