Քաղաքական

23.05.2013 23:27


Արամ Մանուկյան. «Ապշելու բան է՝ սահմանի վրա գազը արժե 180 դոլար, քաղաքացուն հասնելիս ավելանում է ևս 170 դոլարով» (տեսանյութ)

Արամ Մանուկյան. «Ապշելու բան է՝ սահմանի վրա գազը արժե 180 դոլար, քաղաքացուն հասնելիս ավելանում է ևս 170 դոլարով» (տեսանյութ)

Այսօր ժամը 18:00-ին մեկնարկած գազի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական քննարկումը շարունակվել է մինչև ուշ երեկո: «7օր»–ի թղթակիցը հայտնում է, որ ընդմիջման ժամանակ՝ ժամը 20:30-ի սահմաններում, մոտենալով Ազգային ժողովի դարպասների մոտ գազի գնի թանկացումից բողոքող քաղաքացիներին՝ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավաքվածներին ծանոթացրել է քննարկված հարցերի հետ:
–Այս վիճակով գազի թանկացումը այդքան չի լինում, բայց այն, ինչ իշխանությունները հիմա ասում են, իրար հակասում են. նախարարն ասում է, որ դեռ բանակցություններ են գնում, ամեն ինչ կարող է փոխվել, իսկ Ռոբերտ Նազարյանն ասաց հետևյալը, որ մոտավորապես գազը թանկանում է 18,2%-ով և դառնում է 156-160 դրամ։ Բայց ավելի վտանգավոր է այն, որ դրա արդյունքում թանկացնում են էլեկտրաէներգիան մոտ 30%–ով։ Այսինքն իրենք քաղաքացու համար այդ ծանր բեռը երկու մասի բաժանեցին, մի մասը կգնա գազին՝ իր հետևանքներով, որն էլ կբերի ուրիշ ապրանքների թանկացման, իսկ մյուս մասն էլ կգնա էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Դրա արդյունքում, եթե 20–ին գումարում ենք 30, ստացվում է՝ էներգակիրները կթանկանան 50 տոկոսով, որը բնականաբար հանգեցնելու է մնացած բոլոր ապրանքների, բոլոր ծառայությունների թանկացմանը,–ասել է Ա. Մանուկյանը:
«7օր»–ի հարցին, թե սուբսիդավորման մասին արդյոք քննարկում եղե։լ է, թե՞ ոչ, Արամ Մանուկյանը պատասխանել է.

–Ասում են, որ պետք է լինի, բայց՝ որտեղի՞ց է լինելու, չեն նշում։ Ֆինանսավորման աղբյուրը էսպես են մեկնաբանում՝ քանի դեռ խնդիրը բանակցությունների փուլում է, թույլ տվեք չասենք դրա մասին: Բնականաբար, այսպես տրամաբանենք, եթե բյուջեից լինի, նույն այդ քաղաքացու վզին է նստում այդ գումարը, որովհետև բյուջեն հարկատուների վճարների հաշվին է կատարվում, կամ եթե լինի մյուս տարբերակը, որ կառավարությունը քննարկում է արտաքին պարտատոմսեր հրապարակել և վաճառել արտասահմանում, դա ավելացնելու է արտաքին պարտքը, որը նորից ժողովուրդի հաշվին է: Ամեն դեպքում սուբսիդավորման հարցը քննարկվելու է Ազգային Ժողովում, և առանց խորհրդարանի համաձայնության չի կարող լինել:
Ըստ Արամ Մանուկյանի՝ ինչ էլ որոշվի, գների բարձրացումն անխուսափելի է.

–Թվեր են ասում, որ ապշելու բան է՝ Հայաստանի սահմանի վրա գազի 1000 խորանարդ մետրը արժե 73 000 դրամ՝ 180 դոլար, քաղաքացուն հասնում է 132 000 դրամով, այսինքն 170 դոլար էլ ավելանում է սահմանից այս կողմ, այսինքն 10 000 կիլոմետր գազը գալիս հասնում է մինչև Նոյեմբերյան 180 դոլարով, Նոյեմբերյանի սահմանից մինչև Նոյեմբերյան ավելանում է 170 դոլարով, այսինքն՝ մեկին մեկ։ Պատգամավորների մեծ մասի հարցը սա էր՝ ինչպե՞ս կարող է պատահել, որ 10 000 կմ գազը գալիս է 180 դոլարով, բայց մինչև Վանաձոր, Սպիտակ, Երևան, գազը հասնում է 170 դոլար թանկացած։ Նրանք էլ իրենց թվերի մեջ խճճված են, հաճախ չգիտեն, թե ինչ են ասում։ Օրինակ, ուղղիղ հարց տվեցինք, թե Մոսկվայում բնակիչը ի՞նչ գնով է գնում գազը, պատասխանը հետևյալն էր՝ մոտավորապես 500 դոլլար՝ կախված տարբեր տարածաշրջաններից։ Հրանտ Բագրատյանն անմիջապես զանգեց Մոսկվա և ճշտեց այնտեղի գինը, Մոսկվայում 50-55 դոլլար են մուծում իրենց գազի համար, այսինքն այս մարդիկ ուղղակի խաբում են,–ավելացրեց Արամ Մանուկյանը:
Մեր այն դիտարկմանը, որ հանրապետականները խոսում են, թե սուբսիդավորումը կարող է լինել Եվրամիության երկրների հաշվին այն բանի դիմաց, որ Հայաստանը Մաքսային միությանը չանդամագրվի, արդյոք դրա մասին ակնարկ եղե՞լ է խորհրդարանում, Արամ Մանուկյանը պատասխանել է, որ այդ պարագայում պետք է պարտատոմսեր վաճառել Եվրոպական Միության երկրներում, և դա դառնա մեր արտաքին պարտքը:
Հարցին, թե որքա՞ն է դրա հավանականությունը, Արամ Մանուկյանն ասել է, որ չի կարող պատասխանել, և ինքը տպավորություն ունի, որ իշխանություններն էլ չգիտեն, թե ինչ պետք է անել, կամ էլ թաքցնում են, թե ինչ են անում:
Իսկ թե ի՞նչ հիմնավորում է տրվում էլեկտրաէներգիայի թանկացմանը, Արամ Մանուկյանը պատասխանել է՝ էլեկտրաէներգիայի մեծ մասը գազի հաշվին են թանկացնում, բայց մեզ մոտ գազով արտադրված հոսանքը այնքան ծավալ չի կազմվում, որ 30 տոկոսով դրա գինը բարձրանա.

–Կարծեմ, մեր սպառած էլեկտրաէներգիայի 35 տոկոսն է, որ գազով է արտադրվում:
Արամ Մանուկյանը նշել է, որ խորհրդարանական քննարկման ժամանակ հարց է հնչել հայ-իրանական գազամուղով ստացվող գազի վերաբերյալ.

–Իշխանություններն ասում են, որ լրիվ հնարավոր է Իրանից գազ ստանալ, բայց երաշխիք չկա, որ իրանական կողմը այն չի թանկացնի:

Հ.Գ. Խորհրդարանական քննարկման ավարտին Ազգային ժողովի մեր հավաստի աղբյուրներից լուր ստացանք՝ այդ քննարկման ժամանակ բացահայտվել է, որ գազի թանկացման մասին պայմանագիրը կնքվել է 2013թ. ապրիլի 1-ին, սակայն Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովը գազի թանկացման մասին հայտը ստացել է մայիսի 14-ին։ Ստացվում է, որ իշխանությունները մեկ ու կես ամիս հանրությունից թաքցրել են գազի թանկացման մասին լուրը` սպասելով Երևանի ավագանու ընտրություններին, և միայն ընտրություններից հետո են հանրությանը տեղեկացրել դրա մասին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը