Լրահոս

23.05.2013 21:59


Արմավիրցու մոտ հողի հարկի ու ոռոգման ջրի վարձերի սառեցումը տարակուսանք է առաջացնում

Արմավիրցու մոտ հողի հարկի ու ոռոգման ջրի վարձերի սառեցումը տարակուսանք է առաջացնում

Հարցազրույց Արմավիր գյուղի բնակիչ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր և ՀՀ գյուղնախարարի նախկին օգնական Սուրիկ Ասմարյանի հետ

–Մայիսի 22–ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ այցելեց Արմավիրի մարզ և մի շարք խոստումներ տվեց կարկտահարությունից տուժած գյուղացիներին։ Հավատո՞ւմ եք, որ այդ խոստումներն իրականություն կդառնան։

Քանի որ Ձեր հիշատակած այցի արդյունքներով ժամեր առաջ ՀՀ կառավարությունը ընդունել է համապատասխան Ծրագիր, անիմաստ է անդրադարձ կատարել երեկվա արմավիրյան իրադարձություններին: Հենց նոր ծանոթանալով այդ ծրագրի քաղվածքներին՝ արեցի մի եզրակացություն` եղավ այն, ինչ որ լինելու էր… իշխանությունն արել է այն, ինչ պարտավոր էր անել` վերմակը քաշել է իր կառույցների վրա։

–Մասնավորապես ի՞նչ նկատի ունեք։

–Այդ որոշումից, ակնհայտ է, որ մայիսի 12-ի աղետալի կարկտահարությունից և տուժած արմավիրիցիների բողոք-միտինգներից բիրիքով շահեցին (այս բառի իսկական իմաստով) պետական երկու` տարածաշրջանի ոռոգման կառույցը և հարկայինը, մեկ մասնավոր` հակակարտային կայաններ կառուցողները և անապահով ընտանիքները: Վերջիններիս` հալալ է, թող ինձ ներեն իրենց ևս այս ցանկի մեջ ընդգրկելուև համար:

–Կոնկրետ ո՞վ ինչպե՞ս շահեց։

–Առաջին երկու կառույցների համար դա երկնքից թափված մանան էր։ Ավելի քան 730 մլն կանխավճարը այլ կերպ քան մանանա չես որակի, երբ տնտեսական տարվա վերջերին հարկերն ու վարձավճարները հավաքագրում էին, այն էլ՝ մեծ դժվարություններով, դատ ու դատաստաններով` միայն դրանց 70 տոկոսը:
Մշուշապատ են գլխավոր տուժողի` կարկտահարված գյուղերի գյուղացիների փոխհատուցում կամ օժանդակություն հատկացնելու, վարկերի ու դրանց տոկոսադրուքների սառեցման հարցերը:
Դրական պետք է համարել, որ Ծրագրով հստակեցված է տուժած գյուղերի քանակը` 47-100 տոկոս տուժած գյուղերի թիվը իջեցվել է 20-ի, 27-ը տուժել են 50 տոկոսով: Եվ վերջ: Գոնե ԶԼՄ–ի հրապարակումներով դժվար է եզրակացնել, թե մնացած հիմնախնդիրներին կոնկրետ ինչպիսի լուծումներ են գտնված:
«Գովելի» է ագրոմիջոցառումների բաժինը: Այս բաժնի վրա երևի սովետական ժամանակների մասնագետներ են աշխատել՝ մոռանալով, որ 22 տարի է՝ հողը կոլխոզ-սովխոզներինը չէ։

Անշուշտ, նման միջոցառումների անհրաժեշտությունը կար: Հազարամյակներով պետություն կոչվածը խնդիր է ունեցել երկիրը պաշտպանել արտաքին վտանգից և կազմակերպել ներքին կենսագործունեություն: 650 տարի կորցրեցին անկախ պետությունը, երբ մոռացանք հոգալ թե՛ առաջինի, և թե՛ երկրորդի մասին։

Արդյոք կառավարության խոստացած այդ լուծումներն իրականում կթեթևացնե՞ն գյուղացու բեռը։ Արմավիրցիները կառավարությունից հենց նամնօրինա՞կ լուծում էին պահանջում։ Եվ կառավարության այդ Ծրագրում կա՞ն իրական զիջումներ։

Կառավարության ծրագիրը ծրագիր է, այնտեղ չպետք է լինեին զիջումներ, և իսկապես էլ զիջումներ չկան: Այլ հարց է, թե որքանով է այս ծրագիրը բավարարում կարկատահարված արմավիրցիներին։ Իմ համեստ դիտարկմամբ՝ ծրագիրը պետք է ունենար միջոցառումների ժամանակացույց։ Ի դեպ, որքան փնտրեցի՝ համացանցում չգտա նշված Ծրագիրը։ Բա տուժած գյուղացիներս չըմբռնե՞նք, թե ինչը ինչից հետո է, ումի՞ց ինչ ենք պահանջելու, ե՞րբ և ովքե՞ր են պատասխանատու ծրագրի ու միջոցառումների իրականացման համար:
Ինչ մնում է հողի հարկն ու ոռոգման ջրի վարձերը սառեցնելուն և այն լուրջ զիջում հռչակելուն, բոլոր գյուղացիներիս մոտ այն անխտիր, մեղմ ասած, տարակուսանք է առաջացրել:
–Ինչո՞ւ:
–Դատեք ինքներդ: Հողի հարկ կոչվածը գյուղտնտեսությունների համար խորհրդանշկան թվեր են: Բարձր են ջրի վարձերը: Եկեք տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում մեկ տարվա հողի հարկն ու ոռոգման ջրի վճարը գումարային տեսքով: Մեկ հեկտարի հաշվով հողի հարկերը տարածաշրջանում տատանվում են 17- 58 հազ. դրամի սահմաններում: Ոռոգման ջրի վարձերը մեկ հա հաշվով ` 26-52 հազ. դրամ: Մեկ սեփականատեր-կարկտահարվածի հաշվով «զիջվել է» 43-110 հազ. դրամի չափով:
Եզրակացությունները, կարծում եմ ավելորդ են, երբ օրինակ ես հազարավոր դոլարների վնաս եմ կրել, բայց ինձ «զիջում են» փշրանքներ, ընդամենը 250 – 300 դոլարին համարժեք դրամ:

–Բայց միևնույն է՝ գյուղացին ստիպված կընդունի չէ՞ այդ «փշրանքը»։
–Կարծում եմ՝ չեք գտնի մի գյուղացու, որ դեմ լինի պետական, թեկուզ մոնոպոլ կառույցի ֆինասավորմանը: Եթե կառավարությունն է ընդունել, որ կարկուտի հասցրած վնասներն ահավոր են, և գյուղացին մի քոռ կոպեկ եկամուտ չի ունենալու, ապա ինչո՞վ են մեկ տարի սնվելու երկրի ապագան` 47 գյուղերի դպրոցականներն ու ուսանողները, գյուղերի երիտասարդությունը, ինչո՞վ և ինչպե՞ս են վարձավճներն ու վարկային տոկոսները փակելու 47 գյուղերի ուսանողները, ավելորդ է խոսել հաշմանդամների խնդիրների մասին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը