Լրահոս

23.05.2013 17:25


Ադրբեջանից արտաքսել են Լեռնային Ղարաբաղ այցելած վրացի լրագրողուհուն

Ադրբեջանից արտաքսել են Լեռնային Ղարաբաղ այցելած վրացի լրագրողուհուն

Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը պարզաբանումներ է տվել վրացական «Go Group Media» լրատվական գործակալության լրագրող Մարգարիտա Ախլեդիանիին Ադրբեջանից արտաքսելու կապակցությամբ: ԱԳՆ-ի լրատվական ծառայության ղեկավար Է. Աբդուլաևը հայտարարել է. «Առանց Ադրբեջանի պաշտոնական մարմինների հետ համաձայնեցնելու այցելությունները Ադրբեջանի գրավյալ տարածքներ անհարգալից քայլ են Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ և ադրբեջանական օրենսդրության ու միջազգային իրավունքի չափորոշիչների խախտում»:

Արտաքսված լրագրող Մարգարիտա Ախլեդիանիի խոսքերով՝ ինքն Ադրբեջան էր մեկնել «Հումանիտար հետազոտությունների միության» հրավերով բռնի տեղահանվածների և փախստականների հետ գործնական պարապմունքներ անցկացնելու նպատակով:

Երբ նա վայրէջք է կատարել Բաքվի միջազգային օդանավակայանում, չի կարողացել անձնագրային հսկողության կետն անցնել: Նրա խոսքերով՝ իրեն համարյա ամբողջ օրը պահել են օդանավակայանում և ոչ մի պարզաբանում չեն տվել։ Լրագրողը հետո է իմացել, որ իր մուտքի արգելքը կապված է Լեռնային Ղարաբաղ այցելության հետ, այն էլ այն դեպքում, երբ անձնագրում չի եղել ոչ մի կնիք կամ հետք, որը կվկայեր Լեռնային Ղարաբաղ այցելության մասին:

Մարգարիտա Ախլեդիանին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է և մասնագիտության բերումով կարող է այցելել ցանկացած տեղ, նա նաև նշել է, որ իր հետ Լեռնային Ղարաբաղ այցելած Բրիտանացի լրագրողների մուտքն Ադրբեջանի տարածք չեն խոչնդոտել:

Այս խորագրի վերջին նյութերը