Քաղաքական

23.05.2013 12:39


«Բարգավաճ Հայաստան»–ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

«Բարգավաճ Հայաստան»–ը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին

Այսօր խորհրդարանում Ստեփան Մարգարյանը ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը կառավարության ներկայացրած առաջիկա տարիների ծրագրի մասին՝ ընդգծել է, որ երկրի առջև ծառացած մարտահրավերները շարունակում են մնալ։ Նրա խոսքերով՝ այս ծրագիրը չունի հստակ թիրախավորում։

Պարզ չէ, թե ինչ ենք ունենալու 1–2 տարի հետո։ Ուղիղ մեկ տարի առաջ խորհրդարանում ներկայացվեց կառավարության 5–ամյա ծրագիրը, որը շատ քիչ էր տարբերվում այս ծրագրից։ Հիշեցնենք, որ ԲՀԿ–ն դեմ է քվեարկել այդ ծրագրին,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Նա մասնավորեցրել է՝ կառավարության թե՛ նախորդ և թե՛ այս ծրագրում նշված է, որ 100 հազար աշխատատեղ պետք է ստեղծվի։

–Տեսնես այս մեկ տարվա ընթացքում քանի՞ աշխատատեղ է ստեղծվել։ Այս ծրագրում ներկայացված այդ նույն 100 հազա՞րն է, նույն 100 հազարի թի՞վն է նախորդ ծրագրից բերվել այստեղ։ Մենք նաև չենք տեսնում ծրագիր, որի արդյունքում որևէ գործարար կտեղափոխվի սահմանամերձ գյուղեր և այնտեղ գործունեություն կծավալի,–նշել է Ս. Մարգարյանը։

Վերջում Ս. Մարգարյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան»–ը իշխանության մաս չկազմելով, ունենալով իր հստակ պատկերացումները երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում՝ չի կարող կիսել այս ծրագրի քաղաքական պատասխանատվությունը և դե՛մ է քվեարկելու կառավարության ծրագրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը