Մեկնաբանություն

23.05.2013 12:21


Պետական ու սեփական «բուրդը»

Պետական ու սեփական «բուրդը»

Հայտնի ֆիլմի հերոսն առաջարկում էր չխառնել պետական բուրդը սեփական բրդի հետ և գերակա համարել պետական շահը։ Նույն ոճի մեջ հանդես գալով ԱԺ–ում՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշում է, թե անհրաժեշտ է վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ:

Դե հիմա եկեք տեսնենք, թե արդյոք վարչապետն այդ սկզբունքո՞վ է առաջնորդվել։

Վերջին հինգ տարին Հայաստանի տնտեսությունը տեղում դոփել է։ 2009թ. մեր ՀՆԱ–ն անկում ապրեց դրամական հաշվարկով 14,4%, իսկ դոլարային հաշվարկով՝ ավելի քան 35%:

2010թ. սկսած՝ թեթև աճ է արձանագրում, բայց աճն այդ անվանական է, քանզի առկա է բարձր գնաճ։

Տիգրան Սարգսյանն իր ներկայացրած նոր ծրագրով խոստանում է ՀՆԱ տարեկան աճ 5-7 տոկոսի միջակայքում։ Հաշվի առնելով գազի գնի սպասվող աճի ու այդ աճի հետևանքով մյուս ապրանքների ու ծառայությունների անխուսափելի թանկացման հեռանկարը՝ ՀՆԱ 5-7 տոկոս աճը կլինի ոչ թե իրական, այլ անվանական։ Բարձր ինֆլյացիայի դեպքում ՀՆԱ անվանական աճը կարող է անգամ երկնիշ լինել, բայց դա չի նշանակի կյանքի որակի դրական փոփոխություն, այլ ճիշտ հակառակը։

Մի խոսքով՝ Տիգրան Սարգսյանի կառավարման տարիներին անգամ պետական վիճակագրական տվյալներով տնտեսության վիճակը վատացել է։ Էլ չխոսած արտագաղթի և մյուս բացասական երևույթների մասին։

Այս տնտեսական քաղաքականությունը, ցավոք, որևէ դրական բան չի խոստանում նաև առաջիկայում։

Եվ ահա այս ամենի ֆոնին մի քանի անգամ աճել են Տիգրան Սարգսյանի անձնական եկամուտները։ Վարչապետի լրացրած եկամուտների հայտարարագիրը և պետական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նրա սեփական եկամուտներն աճել են, իսկ երկրում արձանագրվել է ՀՆԱ կտրուկ անկում, աղքատության աճ, գործազրկության ավելացում, ներդրումների կրճատում և արտագաղթ։

Այսպես, 2008թ. վարչապետն անձնական հաշիվներում ունեցել է 17 մլն 247 հազ. դրամ և 22 հազ. դոլար, իսկ արդեն 2012թ.` 35 մլն դրամ և 870 հազ. դոլար: Այլ կերպ ասած՝ նրա դրամային եկամուտները կրկնապատկվել են, իսկ դոլարային եկամուտներն ավելացել մոտ 40 անգամ: Սա, կրկնեմ, ըստ հայտարարագրի։ Կարելի է միայն ենթադրել, թե իրականում ինչպիսի դինամիկ աճ է արձանագրվել Տիգրանի անձնական եկամուտներում, և ինչպիսի դիվերսիֆիկացիա է ապահովվել նրա տնօրինած տարադրամների զամբյուղում։

Այս ամենը հաշվի առնելով՝ կարող ենք եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանը, կոչ անելով վերանայել յուրաքանչյուրիս անձնական շահի գերակայությունը հանրային, պետական, ազգային շահի նկատմամբ, նկատի է ունեցել նախևառաջ սեփական վարքականոնի փոփոխությունը։ Քանզի վերջին հինգ տարում նրա անձնական շահը մշտապես գերակայել է պետական, հանրային ու ազգային շահի նկատմամբ։

Տիգրանի կոչը նաև յուրօրինակ ինքնախոստովանական ցուցմունք է։ Բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե նա խելքի է եկել և այլևս «ատկատահեն» ոլորտներով չի զբաղվելու։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեմագոգիան և ցինիզմը հեռու չեն Տիգրանից, կարող ենք պնդել, որ անձնական ու պետական շահի մասին նրա պատկերացումները կմնան նույն հարաբերակցության մեջ։ Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը կդիմանա՞ Տիգրանի ու նրա շեֆի՝ դրամական միավորների հանդեպ ունեցած թուլությանը և պաթոլոգիկ սիրուն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը