Լրահոս

22.05.2013 17:25


Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է

Գյումրու ՍԱՊԾ տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների մասով նախաքննությունն ավարտվել է

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ավարտվել է Գյումրու տարածքային բաժնում հայտնաբերված չարաշահումների դրվագով նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Գյումրու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից 2008-2010թթ. ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի, թաղման նպաստների և ժառանգվող գումարների հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 5 անձանց:
Այսպես.
Էդուարդ Վարժապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Արթուր Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-314-րդ հոդվածով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Էդուարդ Վարժապետյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 4.337.835 ՀՀ դրամ կենսաթոշակի դեպոնենտ գումարները հափշտակելու, վերջինիս` պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու, փաստաթաղթեր կեղծելու, Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Կիմա Փիլոյանի և Ա.Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու համար:
Կիմա Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Աբրահամյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 71.932.125 ՀՀ դրամ թաղման նպաստ և ժառանգվող գումարները, ինչպես նաև Արթուր Աբրահամյանի և Անյա Խաչատրյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 13.990.929 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար:
Ռուբեն Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արդյունքում պետությանը 85.923.054 դրամի գույքային վնաս պատճառելու համար:
Անյա Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով` Արութր Աբրահամյանի և Կիմա Փիլոյանի հետ խմբով յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.884.397 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները հափշտակելու և փաստաթղթեր կեղծելու համար: Անյա Խաչատրյանի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ և կասեցվել: Միջոցներ են ձեռնարկվում` նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Է.Վարժապետյանի, Ա.Աբրահամյանի, Կ.Փիլոյանի և Ռ.Մնացականյանի մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, և նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար:

Հիշեցնենք, որ կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում 2011թ. մայիսին հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանը:

Ընդհանուր առմամբ` քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 60 անձ, որոնցից 13-ի վերաբերյալ նախաքննությունը շարունակվում է: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 10 քրեական գործ` 41 անձանց վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 965 039 611 ՀՀ դրամ, որից 602 474 171 դրամը` նախաքննության ընթացքում գտնվող դրվագներով:
Չարաշահումներ են հայտնաբերվել նաև Արմավիրի ՍԱՊԾ տարածքային բաժնում, որի ուղղությամբ կատարվում է նախաքննություն: Մասիսի և Կոտայքի տարածքային բաժիններում, փոստային մասնաճյուղերում նշանակված մասնագիտական ստուգումներն ավարտական փուլում են:

Այս խորագրի վերջին նյութերը