Լրահոս

22.05.2013 13:52


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ առաջադրել մեղադրանք

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ առաջադրել մեղադրանք

Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու, ապօրինի մեղադրական դատական վճիռ կայացնելու, նրա նկատմամբ հանցագործությունները կոծկելու գործողությունները, որոնք ուղեկցվել են անձին ապօրինի կալանքի տակ պահելով և ինքնասպանության հասցնելով, կատարվել են բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանի, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ս. Աղաբեկյանի, ՊՆ քննչական ծառայության քննիչների, բժշկական փորձաքննություն իրականացնողների կողմից կազմակերպված և ուղղորդված գործողություններով, որը հանդիսանում է մարդու դեմ ուղղված հրեշավոր հանցագործություն:

Նման փաստով պաշտոնատար անձանցից մի քանիսի հեռացումը աշխատանքից հանդիսանում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի, իրավունքի գերակայության սկզբունքի ակնհայտ խախտում, որի վերաբերյալ դեռեւս սույն թվականի մայիսի 8-ին պահանջել ենք ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանից կազմակերպության հայտարարությունն ընդունել որպես հաղորդում:

Այնուամենայնիվ, մինչ օրս Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինություններ թույլ տված որոշ պաշտոնական անձինք շարունակում են պաշտոնավարել եւ հայտնի չէ, թե արդյոք նրանց նկատմամբ առաջադրվել է մեղադրանք :

Օրենքով սահմանված նորմերի և լիազորությունների չիրականացումը դիտարկում ենք որպես պետական ամենաբարձր մակարդակով ՀՀ քաղաքացու նկատմամբ կազմակերպված հանցագործության կոծկում, արդարադատության նկատմամբ հանցագործություններ կատարած անձանց հովանավորում:

Պահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազից.

  1. նշված պաշտոնատար անձանց նկատմամբ առաջադրել մեղադրանք
  1. Հայկ Մովսիսյանի նկատմամբ ապօրինությունների հիմքով հարուցել քրեական գործ եւ կատարված հանցագործությունների բացահայտման և իրավական գնահատական տալու նպատակով իրականացնել բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, իսկ արդյունքների մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը