Լրահոս

22.05.2013 13:30


Մարտունակ և անհեռանկար

Մարտունակ և անհեռանկար

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013թ. մայիսի 22-ի նիստում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն,

ննարկվող փաստաթղթի վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և՛ առաջադրանքներով, և՛ ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Այն ժամանակ իմ ելույթում և՛ կոնկրետ ցուցանիշներին էի անդրադարձել, և՛ կառավարության գործելաոճին, և՛ իրականության ու հայտարարվածի հակասությանը:

Միայն ցավով արձանագրեմ՝ շատ հավանական է, որ ա՛յս կառավարությունը ա՛յս ծրագիրը նույնպես ձախողելու է: Իբրև վկայություն՝ մի մեջբերում վերջին՝ արտաքին ռիսկեր բաժնից. «Էներգակիրների ներմուծման գների հնարավոր բարձրացումը… կարող է զսպող ազդեցություն ունենալ… նաև ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա»:

Այո°, կառավարությունը գրեթե չի փոխվել, ծրագիրը գրեթե չի փոխվել, բայց փոխվել է կյանքը, ավելի են խորացել-սրվել մեր պետության ու հասարակության առջև ծառացած բարդագույն խնդիրները:

Մենք նաև դուրս ենք եկել պարբերական ընտրությունների ցիկլից, ու թվում է՝ առնվազն չորս տարի, վարչապետի խոսքերով, «նվիրական, տքնաջան աշխատանքի» ժամանակ ունենք:

Ճիշտ է, քաղաքական մեծամասնությունը կարծում է` անցած ընտրություններում ինքը ժողովրդի անվերապահ վստահությանն է արժանացել, իսկ մենք էլ վստահ ենք` իշխանությունը ուղղակի ջարդել է ընտրական համակարգը Հայաստանում, և ընտրություններով ոչինչ չի որոշվում:

Վերջին ընտրություններում ինձ համար երկու տիպական դրվագ կար. ցուցադրում են կադրեր, երբ ընտրական տեղամասում թաղի տղան աղմուկ, հայերեն՝ դեբոշ էր սարքել: Հայաստանի Հանրապետության ոստիկանի համազգեստով չորս անձինք ուղղակի ի վիճակի չէին, չէին համարձակվում թաղի այդ տղային զսպել: Նա հարձակվում էր, գոռգոռում, երեք-չորս անգամ ներխուժում տեղամաս: Ոստիկանի համազգեստով անձինք, այսինքն՝ պետությունը, անզոր էր այդ տղայի առաջ:

Երկրորդ պատկերը՝ լրագրողները հարց են տալիս վարչապետին՝ ահազանգեր կան, որ ընտրակաշառք են բաժանում Հանրապետականը և ոչ միայն: Վարչապետն ասում է՝ հերյուրանք է: Խելացի պատասխան:

Երևանի տասնյակ հազարավոր բնակիչներ ստացել են այդ ընտրակաշառքը, հազարավորները բաժանել են: Այդքան մարդ առնվազն գիտի, որ տվել ու ստացել է, գիտի՝ ինչն-ինչոց է: Իշխանությունն ասում է՝ հերյուրանք է: Խոսքի և իրականության այս հակասությունն է մեր կյանքի ճշգրիտ բնութագիրը:

Բայց այսօր արդեն սա էլ կարևոր չէ. ո°չ մենք ենք Ձեզ համոզելու, ո°չ էլ Դուք եք հրապարակավ խոստովանելու, որ իշխանության վերարտադրությունը գերնպատակ է:

Կարևորը այլ բան է: Մարտունակ, ապահով, անվտանգ, բարեկեցիկ, ազատ Հայաստան ունենալու ի՞նչ նախադրյալներ ենք ստեղծել և ինչպե՞ս ենք հասնելու այդ տեսլականին: Այս բոլոր բառ-բնորոշիչները, բնականաբար, կառավարության ծրագրից են: Թղթի վրա գրված:

Կյանքը բոլորվին այլ է՝ հոգևոր, բարոյական ծանր մթնոլորտ, հուսալքություն, արտագաղթ, աղքատություն, հեռանկար չտեսնող երիտասարդություն, ամեն օր մի տեղ հուսահատ բռնկում:

Մյուս կողմից՝ Հայաստանի ինքնիշխանության վրա շարունակական ճնշումներ: Անկախ պետականության 22 տարիների արդյունքը սա՞ էր լինելու:

Մենք չենք ասում՝ ոչինչ չի արվում: Մենք ասում ենք՝ արվածը անսահման քիչ է ու տանում է ոչ մի տեղ: Մենք մեղավոր փնտրելու խնդիր էլ չունենք: Բնականաբար, մեղքի, պատասխանատվության բաժին ունեն բոլոր կառավարությունները, քաղաքական հիմնական բոլոր ուժերը: Բայց մի՞թե ժամանակը չէ կանգ առնել և լուծումներ փնտրել:

«Մենք միակ ճիշտն ենք, մենք պարտավոր ենք անընդհատ վերարտադրվել»,- մտածողությունն այլևս սպառում է ձախողել Հայաստանի պետականությունը:

Այո°, քաղաքական մեծամասնությունը կարող է հրահանգով միաձայն քվեարկել ու միանձնյա կառավարել: Բայց ո՞րն է նպատակը: Եթե թղթի վրա գրվածը, ապա ինչո՞ւ ենք անընդհատ հեռանում այդ նպատակից, ինչո՞ւ ենք ազգերի, պետությունների մրցակցության մեջ անընդհատ տանուլ տալիս:

Ե՞րբ է անցյալի ու ապագայի հանդեպ պատասխանատվությունը մեզ հարկադրելու անձնական, խմբային, քաղաքական շահերից վեր կանգնել ու պետական մտածողություն դրսևորել:

Ի վերջո, ամենքս նույն հող ու ջրից ենք: Այս դահլիճի բոլոր՝ իշխանական-ընդդիմադիր-այլընտրանքային, հատվածներում մարդիկ են, ում հետ ճանապարհ ենք անցել, կյանք ենք ապրել: Մենք հո գիտենք, որ քաղաքական մեծամասնության առնվազն 80 տոկոսն էլ է դժգոհ այս վիճակից ու անելանելիության զգացողություն ունի:

Ակնհայտ է՝ ստեղծված անհեռանկար կացությունից ելք գտնելու թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է, որը եթե ճիշտ հետևություններ չանի, հենց ինքն է փլուզեու խաղաղ, անցնցում զարգանալու մեր հնարավորությունը: Խնդրում եմ՝ մի՛ մոռացեք՝ հաճախ անակնկալ անկումը գալիս է հենց այն պահերին, երբ իշխանությանը թվում է, թե բոլոր վտանգները ետևում են մնացել, և ինքը բացարձակապես տիրապետում է իրավիճակին:

Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն,

Ես սովորեցնելու, դաս տալու ոչ մի ցանկություն չունեմ: Բացի իշխանությունից, անձնական բարեկեցությունից, այլ արժեքներ կան: Անկախ պետականությունը, ազատ հայ մարդը և յուրաքանչյուրիս պարտքը՝ մեզանից հետո թողնելու երկիր, որտեղ ընդդիմություն-իշխանություն ներկայացնող ամեն մեկս ու մեր զավակները հպարտ ապրելու հնարավորություն կունենան:

Ցավոք, ա՛յս կառավարության ա՛յս ծրագիրը մեզ չի մոտեցնում այդ նպատակին:

Այս խորագրի վերջին նյութերը