Լրահոս

22.05.2013 12:01


Գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված Կենսաբանական բազմազանության միջազգային օրվան

Գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված Կենսաբանական բազմազանության միջազգային օրվան

Քանի որ միջազգային հանրությունը մեծ ջանքեր է ներդնում հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին և սահմանելու «հետ-2015»-յան օրակարգը ներառյալ կայուն զարգացման նպատակների շարքը, ջուրը և կենսաբազմազանությունը քննարկման կարևորագույն ուղղություններից են:

Չնայած թվացյալ առատությանը, մեր մոլորակի ջրի ընդամենը չնչին մասն է հասանելի որպես քաղցրահամ ջուր: Մենք ապրում ենք ջրային առումով ավելի ու ավելի անապահով դարձող աշխարհում, որտեղ ջրի պաhանջը հաճախ գերազանցում է մատակարարմանը և ջրի որակը չի համապատասխանում նվազագույն չափանիշներին: Ժամանակակից միտումների ներքո, ջրի պաշարը ապագայում չի բավարարելու պահանջարկը:

Կենսաբազմազանությունն ու վերջինիս կողմից մատուցված էկոհամակարգի ծառայությունները կարևոր նշանակություն ունեն անվտանգ ջրային աշխարհի տեսլականի իրագործման համար: Էկոհամակարգերը ներգործում են ջրի տեղական, տարածաշրջանային և համաշխարհային հասանելիությանը և որակին: Անտառները օգնում են կարգավորելու հողի էռոզիան և պաշտպանելու ջրի որակը և մատակարարումը: Ճահճուտները կարող են նվազեցնել հեղեղների ռիսկի գործոնը: Հողի բազմազանությունը օգնում է պահպանել ոռոգման ջուրը: Ինտեգրելով բնությունից եկած լուծումները քաղաքաշինության մեջ, դրանք կարող են նաև մեզ օգնել կառուցելու ավելի լավ ջրային ապագա քաղաքների համար, որտեղ ջրային ճգնաժամերը կարող են հատկապես սրվել քաղաքային բնակչության սրընթաց աճին զուգահեռ:

Գիտակցելով կենսաբազմազանության կարևորությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խրախուսել է օգտագործել Կենսական բազմազանության կոնվենցիայի 2011-2020 թթ. Կենսաբազմազանության ռազմավարական ծրագիրը և նրա Այչիի թիրախները «հետ-2015»-յան զարգացման օրակարգի մշակման համար: Անցյալ տարվա Կայուն զարգացմանը նվիրված Ռիո+20 խորհրդաժողովը նույնպես ընդունեց էկոհամակարգերի դերի նշանակությունը ջրի քանակի և որակի պահպանման հարցում: Եթե մի ժամանակ ամբողջ ուշադրությունը սևերված էր ջուր թե կենսաբազմազանություն հարցի սակարկման վրա, ապա այսօր մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպես կենսաբազմազանությունն ու ջրային անվտանգությունը ուժեղացնում են միմյանց:

Անցումը հակամարտությունից դեպի համազդեցություն հատկապես խրախուսելի է այս՝ Ջրային համագործակցության համաշխարհային տարում:

Կենսաբանական բազմազանության օրվա կապակցությամբ, կոչ եմ անում Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի բոլոր անդամներին, վավերացնել Գենետիկ ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից առաջացող արդյունքների արդարացի ու հավասար բաշխման մասին Նագոյայի արձանագրությունը և այդպիսով օգնել մեզ բոլորիս գործելու ի նպաստ մեր ցանկալի ապագայի:

Այս խորագրի վերջին նյութերը