Լրահոս

22.05.2013 21:13


Հայաստանն այս տարի ևս միացել է «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը

Հայաստանն այս տարի ևս միացել է «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնությանը

Միացյալ Թագավորության գրական գոհարները հայ դերասանները կընթերցեն մայիսի 23-25-ը Երևանի տարբեր անկյուններում:

Արդեն երրորդ տարին է, ինչ Բրիտանական խորհուրդը միանում է համաեվրոպական գրական գիշեր նախաձեռնությանը և կազմակերպում գրական ընթերցումներ: Այս յուրօրինակ փորձառության ընթացքում համատեղվում է հետաքրքիր գրական պատառիկը, դերասանական վարպետությունը և ներկայացման արտասովոր վայրը:

Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ «Համաեվրոպական գրական գիշեր» նախաձեռնության շրջանակում միջոցառումներ կկազմակերպվեն երեք օր շարունակ ու տարբեր վայրերում: Միջոցառումներն անց են կացվում Հայաստանում Եվրոպայի օրվա տոնակատարությունների շրջանակում:

Միջոցառումները կմեկնարկեն մայիսի 23-ի ժամը 16։00-ին ԵՄ հայստանյան կենտրոնում (Մաշտոցի պողոտա 43/34): Դերասաններ Լուսին Վարդանյանն ու Վահագն Խաչատրյանը կընթերցեն Արթուր Կոնան Դոյլի «Չորսի նշանը» ստեղծագործության հայերեն թարգմանությունը:

Մայիսի 24-ին մայրաքաղաքի մետրոպոլիտենի չորս կայանում դերասան Արսեն Գրիգորյանը կընթերցի Միացյալ Թագավորության չորս երկրի գրականության լավագույն նմուշները: Մայիսի 24-ի ժամը 13։00-14։00-ն Բարեկամություն կայարանում շոտլանդական գրականության ժամն է, 15։00-16։00-ն Մարշալ Բաղրամյան կայարանում Արսեն Գրիգորյանը կընթերցի Հյուսիսային Իռլանդիայի գրողների ստեղծագործությունները, 17։00-18։00-ն Երիտասարդական մետրոյում կհնչեն Ուելսի գրողների ստեղծագործությունները, իսկ անգլիական գրականությունը դերասանը կներկայացնի Հանրապետության հրապարակ կայարանում ժամը 19։00-20։00-ն: Ողջ օրվա ընթացքում Արսեն Գրիգորյանը կընթերցի Ռոբերտ Բըրնսի, Օսկար Ուայլդի, Թոմաս Դիլընի, Ջոան Ռոուլինգի և Վիդիադխար Սուրաջպրասադ Նայպոլի ստեղծագործությունները` Վահագն Դավթյանի, Լուսինե Մարգարյանի, Սամվել Մկրտչյանի, Լիլիթ Մկրտչյանի, Լիլիթ Գալստյանի և Հովհաննես Ղուկասյանի հայերեն թագմանությամբ:

Իսկ մայիսի 25-ի ժամը 17։00-ին արդեն Եվրոպայի օրվա տոնակատարության շրջանակում Հյուսիսային պողոտայում Բրիտանական խորհրդի վրանում կկազմակերպվի թեյախմություն և ընթերցանության ժամ:

Եվրոպական գիշեր նախաձեռնությանն աջակցել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն, ԵՄ կենտրոնը և Գրանիշ գրական ակումբը:

Այս խորագրի վերջին նյութերը