Տնտեսական

21.05.2013 18:40


Միքայել Մելքումյան . «Գազի գնի բարձրացումը կթանկացնի նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները»

Միքայել Մելքումյան . «Գազի գնի բարձրացումը կթանկացնի նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները»

ՀՀ ԱԺ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ տ.գ.դ., պրոֆ. Միքայել Մելքումյանի հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը կարևորում է գազի թանկացման խնդիրը և դրա հետևանքների հաղթահարման ուղիների բացահայտումը, ուստի և անցած շաբաթվա ընթացքում հայտարարել էր այդ հարցով խորհրդարանական լսումներ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Գիտենք նաև, որ այդ լսումները կանցկացվեն սույն թվականի մայիսի 23-ին:

Սակայն, շարունակեմ միտքս և նշենք, թե ինչ հետևանքներ կունենա գազի գնի թանկացումը թե՛ սպառող-քաղաքացիների, և թե՛ տնտեսվարող սուբյեկտների համար:

Նախ, որ էլ ավելի կկրճատվեն գազի սպառման ծավալները բնակչության, այդ թվում և՝ գյուղական համայքների մեր համաքաղաքացիների կողմից. դա ակնհայտ է:

Եվ երկրորդ, այս թանկացումները շղթայական կթանկացնեն նաև բազմաթիվ այլ ապրանքատեսակների գները, հատկապես նրանց, որտեղ գազի և էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը արտադրանքի ինքնարժեքում բարձր է, օրինակ՝ ցեմենտի, ապակե տարաների, այլ շինանյութերի, ջերմոցային տնտեսության ոլորտում և այլն:

Եվ, վերջապես, գազի գնի թանկացումը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի գնի թանկացման, քանի որ ջերմաէլեկտրակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիան գազի օգտագործմամբ է, իսկ ՋԷԿ-երի կողմից թողարկվող էլեկտրաէներգիան հանրապետության էներգետիկ հաշվեկշռում կազմում է շուրջ 40%:

Այժմ՝ գազի սպառման ծավալների մասին. այն ՀՀ-ում կազմում է տարեկան շուրջ 1.5 մլրդ մ3, որից շուրջ 1 մլրդ մ3՝ տնտեսվարող սուբյեկտներըի և այլ իրավաբանական անձանց կողմից է սպառվում, իսկ 500 մլն մ3՝ բնակչության:

Եթե սահմանի վրա Հայռուսգազարդ ՓԲԸ-ն գազը ստանում էր 1000 մ3–ի համար 180 ԱՄՆ դոլարով, իսկ այժմ՝ 270 ԱՄՆ դոլարով, և դրա 30%-ը, այսինքն՝ 81 ԱՄՆ դոլարը, փոխհատուցվում է, ստացվում է շուրջ 189 ԱՄՆ դոլար ((270-81)ԱՄՆ դոլար):

Այս՝ 189 ԱՄՆ դոլարին, համաձայն Հայռուսգազարդ ՓԲԸ-ի հայտի, ավելացվում է ևս 90 ԱՄՆ դոլար, որպեսզի իրականացվի համապատասխան գազաբաշխման աշխատանքներ: Կարծում ենք, որ այս 90 ԱՄՆ դոլարը ուռճացված գումար է 1000 մ3–ի դիմաց: Ուստի և այստեղ առկա են կրճատման հետևյալ ռեզերվները.

  • Հայռուսգազարդ ՓԲԸ-ի շահութաբերությունը՝ ԱԱՀ-ի հետ միասին կազմում է շրջանառությունից 10%: Այն կարելի է հասցնել 3-4%-ի, որը բավարար է ներկա պայմաններում,
  • Այլ ծախսերի մասով, որը կազմում է մի քանի միլիարդ դրամ տարեկան, կարծում ենք, նույնպես կարելի է կրճատումներ իրականացնել:

Միաժամանակ, կարծում ենք, որ, գազի գնի հավանական թանկացումները կանխատեսելով, անհրաժեշտ էր, որպեսզի էապես զարկ տրվեր փոքր հիդրոէներգետիկայի զարգացմանը: Այսօր ՀՀ-ում գործում է 137 փոքր ՀԷԿ, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ևս 70-ի շահագործումը: Սակայն համաձայն գործող (մինչև 2020 թվականը) ծրագրի, հետագա տարիներին դրանց թիվը շատ չի ավելանա, և առավելագույնը թողարկվող գումարային կարողությունը կհասնի շուրջ 1 մլրդ կվտ/ժ-ի:

Սա մեծ ցուցանիշ չէ այն դեպքում, երբ այսօր արտադրվում է շուրջ 8 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա:

Դրա հետ միասին, պետք է կանխել էլեկտրաէներգիայի թանկացումները, քանի որ ՀԷԿ-երի և ՀԱԷԿ-ի մասով փոփոխություն չկա, իսկ Երևանի ՋԷԿ-ը ամենախնայողական ռեժիմով է էլեկտրաէներգիա արտադրում:

Կարծում ենք, առկա են այլ ռեզերվներ նույնպես, ուստի սպառողը այս փուլում շատ չպետք է զգա գազի գնի թանկացման հետևանքները:

Այս խորագրի վերջին նյութերը