Լրահոս

21.05.2013 20:38


Կանգուն Ասադը՝ քարուքանդ ու մասնատված Սիրիայում...

Կանգուն Ասադը՝ քարուքանդ ու մասնատված Սիրիայում...

Սիրիական ճգնաժամի առնչութեամբ անցնող երկու շաբաթները յագեցած էին նաեւ բազմապիսի դիւանագիտական ճամբորդութիւններով...

Մէկը միւսին յաջորդելով՝ Մոսկւա այցելեցին ԱՄՆ պետնախարար Ջան Քերին, Անգլիայի վարչապետ Քամերոնը, Իսրայէլի վարչապետ Նաթանիահուն ու վերջապէս՝ ՄԱԿ-ի գլխ. քարտուղար Բան Կի Մունը տեսակցեց ՌԴ արտգործնախարար Լաւրովին՝ Սոչիում:

Մինչ այդ՝ արդէն Լաւրով-Քերի համատեղ մամլոյ ասուլիսում նրանք յայտարարեցին նոյն Սիրիական հակամարտութեան կարգաւորման համար նախատեսւող «Ժնեւ-2» նիստի մասին, որն իբր պէտք է կայանայ 2013-ի յուլիսին:

Այսպիսով՝ ակնբախ են դառնում հակամարտութեան կարգաւորմանը միջամուխ՝ ռուսական ծանրակշիռ ազդեցութեան գործօնները, երբ յատկապէս Դամասկոսի արւարձաններում տեղակայւած զինապահեստների դէմ իսրայէլական կործանիչների յարձակմանն ի պատասխան՝ Ռուսաստանն ամբողջովին արդարացւած համարեց մէկ կողմից՝ Սիրիային նոր «S-300» հակաօդային պաշտպանութեան համակարգերով օժտելը, իսկ միւս կողմից՝ լիբանանեան «Հեզբօլլահ»-ի զինեալ խմբերի աջակցելը, Ասադի իշխանութեանը թէ՛ «ապստամբ ուժերի» դէմ բախումներում, եւ թէ՛ Գոլանի բարձունքներում իսրայէլական ուժերին հաւանական մարտահրաւէր ուղղելու առումներով:

Այս գործընթացներից վերջին շաբաթներում առանձնապէս լուսանցքայնացած Թուրքիան, ի դէմս Էրդողանի, թէկուզ ծանրագոյն գնով (Ռէյհանլիի սահմանակից գիւղաքաղաքի արիւնալի պայթիւնները, որոնք Թուրքիայի իշխանութեան դէմ Անկարայում եւ ապա՝ Ստամբուլում բողոքի ցոյցերով են ուղեկցւել), վաշինգտոնեան այց նախաձեռնեց, որտեղ Էրդողան-Օբամա միասնական բանաձեւումով՝ Սիրիական հակամարտութեան կարգաւորումը նախատեսելի է «անցումային իշխանութեան ձեւաւորում՝ ընդդիմադիրների մասնակցութեամբ եւ առանց Ասադի» տարբերակով...

Ռուսաստանի պատասխան քայլն էլ չուշացաւ՝ «Ժնեւ-2» համաժողովին Իրանի անհրաժեշտ ներկայութեան բարձրաձայնումով: Այսինքն՝ Ռուսաստանն պատգամում է, որ երբեւէ չի հանդուրժելու «Սիրիայից յետոյ՝ Իրան» այսպէս ասած՝ Արեւմուտք-Իսրայէլի փայփայած «ճանապարհային քարտէզի» ուրւագիծը:

Ահա թէ ինչու, նոյնինքն Բաշշար Ասադը, ամենայն ինքնավստահութեամբ (թէկուզ երկրի քարուքանդ եւ քուրդերի ու ապստամբ ուժերի առկայութեամբ դէ ֆակտօ մասնատւած վիճակում), մերժում է «ընդդիմադիրներ»-ի հետ երկխօսութիւնն ու դեռ աւելին՝ համոզւած է, որ գալիք՝ 2014 թւականի նախագահական ընտրութիւններին վերընտրւելու է ձայների աւելի քան 75%-ի գերակշռութեամբ...

Ու այսպէս՝ թւում է, թէ «արաբական գարուն»-ի սիրիական երկամեայ պատնէշը դեռ երկար է դիմագրաւելու Արեւմուտքի, Իսրայէլի, Սուննի-Սալաֆիական ճամբարի (Թուրքիա-Սաուդ. Արաբիա-Կատար) եւ համաշխարհային տեռորիզմի (Ալ Ղայիդա, Թալիբան, չեչէն-ադրբեջանական) ինչքան էլ զաւեշտալի, բայց համատեղ գրոհները, որոնք, սակայն, օրէօր աւելիով են անկանխատեսելի ու միաժամանակ խոցելի դարձնում ողջ տարածաշրջանի առանց այն էլ փխրուն ապագայի անվտանգութիւնը:

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ
ԳԼԽ. ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը