Լրահոս

21.05.2013 00:22


«Մխիթար Գոշ» մեդալի հանձման արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

«Մխիթար Գոշ» մեդալի հանձման արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում

Մայիսի 16-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի ուենցավ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ամերիկահայ ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա հայանպաստ գործունեության համար ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալի հանձման հանդիսավոր արարողությունը:

Հանձնելով ՀՀ Նախագահի պարգեւը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց Վարդան Գրեգորյանի գործունեությունը ամերիկյան հասարակական-կրթական ոլորտում եւ հայ համայնքի կյանքում՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Վարդան Գրեգրոյանին շնորհված պետական պարգեւը պարոն Գրեգորյանի նվաճումների, ավանդի եւ հայանպաստ գործունեւթյան արժանի գնահատականն է:

Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ բազմաթիվ պարգեւների եւ մեդալների շարքում այս մեկն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ այն իր անկախ եւ ինքնիշխան հայրենիքի պարգեւն է. անկախ Հայաստանի, որին հայ ժողովուրդը կարողացավ հասնել մեծ զոհողությունների գնով եւ որի զարգացման համար բոլոր հայերը պետք է միասնական ջանքեր գործադրեն: Նա երախտագիտության խոսք հղեց ՀՀ Նախագահին իր գործունեության բարձր գնահատականի համար:

Այնուհետեւ Վարդան Գրեգորյանին ողջունեցին եւ շնորհավորանքի խոսքեր ուղղեցին Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արեւելյան թեմի ներկայացուցիչ Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառմանը մասնակցեցին, Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր այրեր, ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակիցներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Այս խորագրի վերջին նյութերը