Լրահոս

20.05.2013 17:48


Իսկ Հովիկ Աբրահամյանը խոստանում էր...

Իսկ Հովիկ Աբրահամյանը խոստանում էր...

iLur.am-ը ներկայացնում է Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի՝ 2012-ի դեկտեմբերի 3-ի նիստի մի հատվածի սղագրությունը, որտեղ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանից եւ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանից երաշխիք է ստանում, որ նախագահական ընտրություններից հետո խորհրդարանական մեծամասնությունը հավանություն է տալու Կոնգրեսի ներկայացրած՝ «Մարտի 1-ի» օրինագծին: Այսօր սակայն ՀՀԿ խմբակցության ճնշող մեծամասնությունը դեմ քվեարկեց օրինագծին՝ տապալելով այն:

Լ.ԶՈՒՐԱԲՅԱՆ

-Պարոն Աբրահամյան, մենք ուրբաթ օրը «Հայ ազգային կոնգրես» խմբակցության կողմից դիմել էինք ձեզ նամակով` մարտի 1-ի հանձնաժողովն արտահերթ նախագիծ համարելու խնդրանքով: Այսօր կայացել է պետաիրավական հանձնաժողովի նիստը, որն անդրադարձել է այդ հարցին, որտեղ մեծամասնության անունից Դավիթ Հարությունյանը հավաստիացումներ է տվել առ այն, որ նախագահական ընտրություններից հետո այդ հանձնաժողովը կստեղծվի:
Հիմա մենք ցանկանում ենք, սա մեզ համար կարեւորագույն հարց է եւ մենք պետք է վստահ լինենք, որ այդ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը, ըստ էության, կա, այսինքն` մեծամասնությունը դրան հավանություն տալիս է:

Այդ պատճառով մենք հիմա դիմում ենք ձեզ` արդյոք դուք կարո՞ղ եք մեծամասնության անունից հաստատել մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման մասին այդ որոշմանը հավանություն տալու խոստումը: Դրանից է կախված մեր հետագա քայլերը:
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ես իրավո՞ւնք ունեմ վարման կարգի վերաբերյալ ձեզ ձայն տամ: Երեւի նիստ վարողը կտա:
Է.ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
-Վարման կարգով` Դավիթ Հարությունյան:
Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Քանի որ ձեւակերպումներն իրավական էին, ես ուզում եմ մեկ անգամ եւս կրկնել այն առաջարկությունը, որն արվել է խորհրդարանական մեծամասնության կողմից: Մենք առաջարկել ենք 4 հետեւյալ պայմանները:
Առաջինը` մենք առաջարկել ենք, որպեսզի հիմնավորումները դարձվեն չեզոք եւ չպարունակեն քաղաքական եւ իրավական գնահատականներ:

Մեր 2-րդ առաջարկությունը վերաբերում էր հանձնաժողովի ձեւավորմանը: Առաջարկել ենք, որպեսզի մեծամասնությունն ունենա 50 տոկոս ձայն հանձնաժողովում, ինչպես եւ մնացած խմբակցությունները` մյուս 50 տոկոսը:
3-րդ մեր առաջարկությունը վերաբերել է բովանդակային երկու դրույթների, որոնք ավելի շատ խմբագրական բնույթ ունեին եւ նպատակ էին հետապնդում չստեղծել հակասություններ գործող իրավական դաշտի հետ:
4-րդը` առաջարկել էինք, որպեսզի հեղինակները հետաձգեն մինչեւ մեկ տարի ժամկետով եւ, եթե նրանք իրենց առաջարկությունն առաջ քաշեն նախագահական ընտրություններից հետո, ապա խորհրդարանական մեծամասնությունը նշված պայմանների հաշվառմամբ, իհարկե, կողմ կքվեարկի այդ նախագծին:
Սա, ուղղակի, այն ձեւակերպումն է, որը հնչել է հանձնաժողովի ընթացքում:
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Պարոն Զուրաբյան, ուրեմն, ինձ պարոն Հարությունյանն առավոտյան տեղեկացրել է այս պայմանավորվածությունների մասին, եւ մենք համաձայնվել ենք: Եթե պահպանվի այս պայմանավորվածությունները, անպայման, ուրեմն, այդ հարցը դրական լուծում կստանա:

Լ.ԶՈՒՐԱԲՅԱՆ
-Այստեղ ամբողջ ԱԺ-ի առջեւ հնչեց մեծամասնության անունից հստակ խոստում, որ նախագահական ընտրություններից անմիջապես հետո ստեղծվելու է մարտի 1-ի հանձնաժողով` ըստ այն օրինագծի, որը ներկայացրել է «Հայ ազգային կոնգրեսը»:
Մենք, իհարկե, մեծամասնությանն այս հարցում վստահելու լուրջ հիմքեր երբեք չենք ունեցել, բայց, քանի որ ամբողջ հասարակության առաջ հնչել էր նման հայտարարություն, նման երաշխիք, ապա մեր դիրքորոշումը լինելու է հետեւյալը` մենք սա ընկալում ենք որպես մեծամասնության հստակ տրված հրապարակային երաշխիք:

Եթե որեւէ հայտարարություն լինի մեծամասնության կողմից, որը որեւէ կերպ կարժեզրկի այս երաշխիքի բովանդակությունը եւ մեր կողմից տրված երաշխիքի ընկալումը, ապա մենք անմիջապես` օգտագործելով «ԱԺ կանոնակարգ» օրենքը, անմիջապես նորից կդիմենք, որ այս մարտի 1-ի հանձնաժողովի ստեղծման մասին օրինագիծը համարվի արտահերթ նախագիծ: Շնորհակալություն:
Հ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Հարգելի պատգամավորներ, մեր գործընկերների մոտ կա այնպիսի տպավորություն կամ ուզում են հասարակության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ մեծամասնությունը չունի ցանկություն, որպեսզի մարտի 1-ի, 2-ի հետեւանքները մինչեւ վերջ բացահայտվի:

Ես ուզում եմ հայտարարեմ` ի գիտություն բոլորին, որ ամենից շատ շահագրգռված եւ ամենից շատ գործը կատարում է մեծամասնությունը, իշխող կուսակցությունը` նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին-ilur.am.) գլխավորությամբ, որպեսզի բացահայտվի մարտի 1-ի, 2-ի դեպքերը մինչեւ վերջ, եւ մենք ձեռնամուխ ենք լինելու այս խնդիրների լուծմանը:

Այս խորագրի վերջին նյութերը