Լրահոս

20.05.2013 08:28


«Հետազոտվի՛ր և ապրի՛ր»

«Հետազոտվի՛ր և ապրի՛ր»

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրը՝ մայիսի 19-ին, ժամը 19:00-ին Հյուսիսային պողոտային կից հրապարակում իրականացրեց հանրային միջոցառում «Հետազոտվի՛ր և ապրի՛ր» խորագրի ներքո: Օրվա շրջանակներում «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի օժանդակությամբ, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, և այլ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ անցկացրեց մոմավառություն և «Քվիլթ», որոնք ուղղված են հանրության, մասնավորապես երիտասարդների, ինչպես նաև կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սևեռելուն:

Ժամը 18:00-ին «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» ներկայացուցիչներն ու ակտիվիստները մոմեր և տեղեկատվական թերթիկներ դրեցին տարածքին հարող «Վեռանդա» և «Առագաստ» սրճարաններում: Բաժանված տեղեկատվական թերթիկները պարունակում էին տեղեկատվություն այն մասին, թե «ինչպես չի փոխանցվում ՄԻԱՎ-ը», որը կնպաստի ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: Ավանդույթի համաձայն՝ մասնակիցները 40 քառակուսի կտորիկներ կարեցին ծածկոցին, քանի որ ըստ ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի տվյալների՝ 2012թ. ընթացքում Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 40 մարդ: Իրականացվեց մոմավառություն, որին միացան վերը նշված բոլոր սրճարանները՝ վառելով սեղաններին դրված մոմերը: Այս ամենը ուղեկցվում էր կենդանի երաժշտությամբ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ուղերձներով, տեղեկատվական նյութերի տարածմամբ: «Նուշիկյան ասոցիացիա» ՍՊԸ-ի հովանավորությամբ յուրաքանչյուր 3 րոպեն մեկ տեղեկատվական տեսաերիզ է հեռարձակվել Օպերային հարող տարածքի տեսավահանակով: Իսկ «Սթար» սուպերմարկետներում օրվա ընթացքում վաճառողները կրում էին կարմիր ժապավեն և ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ տարածում:

Հակառետրովիրուսային բուժման հասանելիության շարունակականության ջատագովության նպատակով անցորդները, անձամբ միանալով ակցիային, խոստացան նամակ ուղարկել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց աջակցող «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ-ի գրասենյակ՝ կառավարության ուշադրությունը ՄԻԱՎ վարակի բուժման հասանելությանը սևեռելու համար: «ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խմբի» համակարգող Հովհաննես Մադոյանը կարևորեց բուժման հասանելիության պահպանումը մեր երկրում և նշեց. «Այսօր հակառետրովիրուսային բուժումը հասանելի է մեր երկրում ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, բայց ֆինասնավորման դադարեցման պարագայում կարող են խնդիրներ առաջանալ»:

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրող 493 մարդ, ովքեր բուժման ցուցումներ ունեն, ստանում են հակառետրովիրուսային բուժում և հնարավորություն ունեն ապրել երկարատև ու լիարժեք կյանքով, կազմել ընտանիք, ունենալ առողջ երեխաներ: Միակ անհրաժեշտ նախապայմանը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելն է և անհրաժեշտության դեպքում բուժման հետևողականությունը:

Այս խորագրի վերջին նյութերը