Լրահոս

18.05.2013 18:51


«Կենտրոն» հ/ը տնօրենի հայտարարությունը

«Կենտրոն» հ/ը տնօրենի հայտարարությունը

Տեղեկանալով այն մասին, որ զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայողների հարազատները ի նշան բողոքի դին տեղափոխում են Երևան, Կենտրոն հեռուստատեսության Էպիկենտրոն լրատվական ծառայության նկարահանող խումբը մեկնել է նկարահանման: Սևան-Երևան ավտոմայրուղու վրա սակայն անսպասելիորեն հայտնվել են ուժային տարբեր կառույցների համազգեստավոր և քաղաքացիական հագուստով բազմաթիվ ներկայացուցիչներ և արգելել են շարունակել նկարահանումները: Քաղաքացիական հագուստով ոմն անձնավորություն, հայհոյախառն արտահայտություններով հրել է հեռուստատեսության օպերատորին՝ բռնի ուժով զավթելով տեսախցիկն ու տեսախցիկի որոշ մասեր ջարդուփշուր անելուց հետո՝ հանձնել համազգեստավոր ինչ որ մեկին: Մեր աշխատակիցների բոլոր առարկություններն արժանացել են կոպիտ և հայհոյախառն վիրավորանքների: Դեպքից մեկ ժամ անց բռնի ուժով գողացված տեսախցիկը, սև համազգեստով ռազմական ոստիկանության ներկայացուցիչները հետ են բերել սկզբում նշելով, որ այն ինչ որ մեքենայի մեջ է եղել, հետո էլ բացահայտ ցինիզմով ավելացրել են, թե տեսախցիկը ծառի տակից են գտել: Մասնատված տեսախցիկը մի քանի րոպե պահել են ՊՆ 101 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ, որից հետո, առանց ձայնագրման կրիչների վերադարձրել են մեր նկարահանող խմբին: Մենք սա գնահատում ենք, որպես բացահայտ խոչընդոտում լրագրողական աշխատանքին, խոսքի ազատության ակնհայտ ոտնահարում և սահմանափակում: Խստորեն դատապարտում ենք այս երևույթը, միաժամանակ պահանջելով իրավապահ մարմիններին հայտնաբերել և պատժել այն մարդկանց, ովքեր դրսևորել են շարքային խուլիգանի վարքագիծ և իրավամբ չեն կարող տեղ ունենալ ոչ իրավապահ, ոչ պաշտպանության նախարարության համակարգերում:

Հ.Գ Համապատասխան իրավապահ մարմիններին խնդրում եմ իմ հայտարարությունը ընդունել, որպես հաղորդագրություն հանցագործության մասին:

Կենտրոն հեռուստատեսության տնօրեն Գոռ Մարտիրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը