Լրահոս

18.05.2013 10:40


Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Ստրասբուրգում

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի աշխատանքային օրակարգը հագեցած էր նաև երկկողմ հանդիպումներով:

Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Եվրախորհրդի նախորդ նախագահող Անդորրայի ԱԳ նախարար Ժիլբերտ Սաբոյա Սունյեի հետ էր։

Նախարար Նալբանդյանը շնորհավորեց անդորրացի գործընկերոջը ԵԽ-ում հաջող նախագահության կապակցությամբ՝ նշելով, որ անցած վեց ամիսների ընթացքում զգալի աշխատանք է իրականացվել Անդորրայի նախագահության առաջնայնությունների իրականացման, կազմակերպության նպատակների առաջ մղման ուղղությամբ:

Ժիլբերտ Սաբոյա Սունյեն շնորհակալություն հայտնելով իր երկրի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վստահեցրեց, որ հայկական կողմը իր նախագահության ընթացքում ամենայն օժանդակություն կստանա Անդորրայի կողմից։

Զրուցակիցները քննարկեցին Եվրախորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի հետ։

Շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ ԵԽԽՎ ղեկավարը պատմական որակեց այն Հայաստանի համար և հույս հայտնեց, որ Եվրախորհրդի հայաստանյան նախագահության և ԵԽԽՎ միջև արդյունավետ համագործակցություն կլինի, ինչը կնպաստի կազմակերպության խնդիրների իրականացմանը։

Զրույցի ընթացքում արծարծվեցին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, ԵԽ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում Երևանում ԵԽԽՎ բյուրոյի նիստի կազմակերպմանը առնչվող հարցեր։

Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպեց նաև Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարֆ Էյդեի հետ:

Նախարարները գոհունակությամբ նշեցին, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունները զգալի զարգացում են ապրել՝ կայացել են բարձրաստիճան փոխայցելություններ, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը, և պայմանավորվեցին շարունակել քայլերը հարաբերությունների զարգացման ուղղությամբ։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը իր նորվեգացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանի և Նիդեռլանդների արտգործնախարար Ֆրանս Թիմմերմանսի հանդիպմանը երկուստեք կարևորվեց երկու տարի առաջ Հաագայում Հայաստանի դեսպանատան բացումը, որը կարևոր խթան հանդիսացավ հարաբերությունների զարգացման համար:

ԵԽ-ում Հայաստանի նախագահության համատեքստում նախարարներն անդրադարձան կազմակերպության օրակարգային հարցերին, ԵԽ բարեփոխումների գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանս Թիմմերմանսը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ Գործընկերոջ խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղար Անդրեաս Մավրոյանիսին: Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը շնորհավորելով Հայաստանի արտգործնախարարին ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահություն հայտնեց, որ առաջին անգամ նախագահությունը ստանձնող Հայաստանը իր կարևոր ներդրումը կունենա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությամբ զբաղվող համաեվրոպական կազմակերպության դերակատարության բարձրացման մեջ:

Զրուցակիցները անդրադարձան հայ-կիպրական բարեկամական փոխհարաբերությունների առավել ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, ընդգծելով, որ վերջին տարիներին այդ ոլորտում զգալի առաջընթաց է գրանցվել։

Կիպրոսի ԱԳՆ պետքարտուղարը ներկայացրեց երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Մայիսի 16-ին Եվրախորհրդի նախարարների կոմիտեի նիստերի դահլիճի նախասրահում տեղի ունեցավ «Հայաստան. քարերի գաղտնիքը» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը, որին ներկա էին ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ նախագահը, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախագահը, ԵԽ նախարարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների ղեկավարները:

«Հայաստանը բարձր լեռների երկիր է, և բնական է, որ քարը մեզ համար գեղարվեստական առաջին արտահայտչամիջոց է, որը վերածվել է արվեստի լեզվի։ Եթե դա այն արվեստն է, որով հայ ժողովուրդը կարողացավ արտահայտել իր ստեղծագործ ոգին, ապա առաջին հերթին ճարտարապետության միջոցով։ Այն յուրահատուկ ձևով զարգացել է դարեր ի վեր՝ դառնալով համաշխարհային մշակույթի անբաժանելի մասը։ Եվ մենք ուրախ են այս ցուցահանդեսի միջոցով ներկայացնել այն Եվրոպայի խորհրդում մեր նախագահության շրջանակներում»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը