Լրահոս

18.05.2013 09:43


Գազի սակագների սուբսիդավորումը Հայաստանի տնտեսությանը սպառնում է ավելի ուժգին հարվածով

Գազի սակագների սուբսիդավորումը Հայաստանի տնտեսությանը սպառնում է ավելի ուժգին հարվածով

Ընդհանրապես քաղաքական հոսքերի բացակայության պայմաններում սոցիալական բունտը ավելի հավանական է դառնում, որովհետև քաղաքական պրոցեսների (ընտրություններ, հանրաքվեներ և այլն) ժամանակ հասարակության սոցիալական դժգոհությունները ուղղորդվում եմ դեպի քաղաքական հուն, և քաղաքական լիդերները կարողանում են հմտորեն խուսափել սոցիալական առճակատումից: Այժմ Հայաստանի քաղաքական դաշտում քառամյա զինադադար է, մինչդեռ սոցիալ - տնտեսական խնդիրները սկսել են ախտահարել պետության բոլոր բնագավառները: Գազի թանկացմանը հետևելիք անխուսափելի թանկացումների շղթան, գազի սակագնի սուբսիդավորման հետևանքով անխուսափելի դարձած հարկային բեռի ավելացումը, կարկտահարության հետևանքով կաթվածահար եղած գյուղատնտեսությունը, արտագաղթի հետևանքով սպառողների անկում արձանագրած և այլևս ցածր շահութաբերություն ապահովող մանրածախ առևտուրը ամբողջական ցանկը չեն այն երևույթների, որոնք սնում են սոցիալական դժգոհությունների ալիքը: Մինչդեռ սոցիալական բունտը չարիք է ցանկացած պետության համար՝ անկախ պետության ղեկավարների լեգիտիմության աստիճանից, ուստի քաղաքական գործիչները ամեն ինչ պետք է անեն՝ երկրի սոցիալական խնդիրները բանականության սահմաններում լուծելու համար...
Նախ և առաջ կառավարությունը, սուբսիդավորման հայտարարությունից առաջ, պետք է սառը դատողության շրջանակներում քննարկի, թե որքանով են տրամաբանական առաջարկվող կասկածահարույց սակագները: Իմ ֆեյսբուքյան ընկերներից մեկը երեկ թիվ է հրապարակել՝ գազը, հասնելով Հայաստանի սահման 270 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար (ընդ որում, այս գնի մեջ ընդգրկված են Վրաստանով տրանզիտի գինը), ազգաբնակչությանը բաշխվելու է արդեն 1000 խորանարդ մետրի համար 532 դոլարով: Հայաստանը չպետք է նմանատիպ գերշահույթների ճոխություն թույլ տա «Հայռուսգազարդ»-ին այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին գազամատակարարումն է: Ամեն ինչ պետք է արվի՝ օրենքի և դիվանագիտության սահմաններում սակագների հարցը մեղմելու ուղղությամբ, որովհետև ցանկացած սուբսիդավորում, որը այդ պահին մեղմում է սպասվելիք տնտեսական հարվածը, հետագայում առավել ուժգին հարված է հասցնում տնտեսությանը:
Գյուղատնտեսության՝ մեռյալ կետից շարժելու վերաբերյալ կառավարությանը բազմիցս առաջարկել ենք՝ պետությունը պետք է գյուղացիական տնտեսություններին տրվող վարկերի տոկոսների մի մասի սուբսիդավորման փոխարեն հանդես գա ներդրողի դերում: Որպես ներդրող՝ պետությունը կստանա իր շահաբաժինը կամ կկորցնի տնտեսվարողի հետ հավասարաչափ. անվերադարձ սուբսիդիաների փոխարեն պետությունը այդ փողը ներդրում է գյուղացիական տնտեսությունների մեջ՝ մի տեղ շահելով՝ բարենպաստ պայմանների առկայության պարագայում, այլ տեղ կորցնելով՝ բնական աղետների և ֆորս-մաժորների հետևանքով: Արդյունքում շահում են գյուղացիները՝ ունենալով պետության նման հզոր թիկունք, շահում են բանկերը՝ գումար ներդնելով երաշխավորված ոլորտում, և շահում է պետությունը՝ անվերադարձ սուբսիդիաների փոխարեն իր գումարները առավել արդյունավետ օգտագործելով:
Այս և նմանատիպ այլ անհրաժեշտ միջոցառումները չիրականացնելու դեպքում սոցիալական զանգվածային անկարգություններից խուսափելու միակ ձևը մնում է որևէ ֆորմատի արտահերթ ընտրության անցկացումը: Չնայած ցանկացած համապետական ընտրություն շուրջ մեկ տարով կարող է մեղմել սոցիալական բողոքները՝ փոխարինելով դրանք քաղաքական պայքարի իմիտացիայով, սակայն կստացվի երազախաբության նման մի բան, որովհետև խնդիրները հետաձգվելիս՝ ավելի են բարդանում և անլուծելի դառնում: Այդ ամենի փոխարեն չինովնիկնրը պետք է ձգեն գոտիները և տնտեսության մեջ և քաղաքական դաշտում կատարեն հեղափոխական փոփոխություններ...
Որ սոցիալական հեղեղները նրանց ևս չսրբեն ասպարեզից...
Որովհետև սոցիալական հեղեղները մի «վատ խասիաթ» ունեն՝ առաջին հերթին հենց չինավնիկներին են հարվածում...
Վարուժան Բաբաջանյան
ԱԺ պատգամավորի նախկին թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը