Լրահոս

17.05.2013 20:33


Նախախորհրդարանի հանրահավաքը մեկնարկել է

Նախախորհրդարանի հանրահավաքը մեկնարկել է

Ազատության հրապարակում մեկնարկել է Նախախորհրդարանի հանրահավաքը:
«Եթե օկուպանտների ազգանունները հնչում են հայերեն, դա չի նշանակում, որ իրենք ազգի դավաճաններ չեն, մեր քաղաքների, գյուղերի կեսը չկա, օրական հարյուրավոր մարդին հեռանում են երկրից»,–հայտարարել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
Նա ընդգծեց, որ ժողովուրդը չի դիմադրում, քանի որ այս իշխանությունները վարվում են այնպես, ինչպես Եղեռնի տարիներին՝ մարդկանց պահում են կիսասոված վիճակում, իսկ մեր երկրում ամեն ինչն է կիսատ՝ կիսասոված, կիսագրագետ, կիսաազատ, կիսաժողովրդավար. «Այլևս չխաբվենք, ոչ ոքի չենք հավատում, հավատում ենք միայն մեզ։ Ազատագրական պայքար է մեզ սպասում, այստեղ քայլ առ քայլ ձևավորելու ենք իշխանություն»։
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանը, ով նշեց, որ ցանկացած երկիր, որը վերջին 4-5 տարիների ընթացքում անցած լիներ այնպիսի անկումների միջով, որով անցել է Հայաստանը, պետք է ունենար նոր ղեկավարություն. «Եթե նման բան է լինում, այդ դեպքում պետք է գտնել նոր ճանապարհ: Չկա անհնար վիճակներ, անհրաժեշտ է հասկանալ, որ ընդդիմություն ասվածը կյանքն է, ժողովուրդն է: Մեր հանրահավաքի մասնակիցների թիվը ցույց է տալիս, որ սոցիալական լարվածությունը Հայաստանում չի վերացել: Մենք գործ ունենք սնանկացած քաղաքական համակարգի հետ, որտեղ ժողովրդավարության ձևերը չեն աշխատում: Այն քաղաքական փակուղին, որում հայտնվել ենք մի կողմից ստեղծում է վտանգներ ծայրահեղական դրսևորումների համար, մյուս կողմից՝ հուսահատություն, ինչն էլ արտագաղթի հերթական ալիքն է ծնում»:
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Գյումրիից Երևան եկած դերասանուհի Սիրանույշ Ազարյանը, ով նշեց, որ եթե Գյումրին կարողացել է ոտքի կանգնել, ուրեմն ողջ հայությունը պետք է ոտքի կանգնի:

Այս խորագրի վերջին նյութերը