Լրահոս

18.05.2013 00:20


Նավթի տարանցման կասեցումը և փլուզման ահազանգը

Նավթի տարանցման կասեցումը և փլուզման ահազանգը

Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի՝ Վաշինգտոնում կատարած հայտարարությունը, իհարկե նկատելի մեկնաբանությունների տեղիք է տալիս։

Հայտարարության շարժառիթը Ռուսաստանի նախագահի կողմից երկրի տարածքով ադրբեջանական նավթի տարանցման կասեցման մասին որոշում ընդունելն է. Ըստ Սահակաշվիլիի՝ «Եթե Ադրբեջանը փլուզվի, ապա դա բացասաբար կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Միայն Ադրբեջանի զարգացումը ողջ տարածաշրջանին կապահովի զարգացում: Շատ կարևոր է այսպիսի իրավիճակում Ադրբեջանին աջակցելը, և այդ աջակցությունը պետք է լինի հստակ ու հետևողական»:

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռյակը տարածաշրջանային մակարդակի վրա ուժանյութային եւ ճանապարհային ծրագրեր իրականցնելիս միշտ փորձում էին շրջանցել Հայաստանի Հանրապետությունը։ Վրաստանի նախագահը բնականաբար անհրաժեշտություն չէր զգում այս շրջանցումներն ու շրջափակման նպաստող ծրագրերը քննադատելու։ Ոչ միայն չէր զգում, այլ ինքը եւս աշխույժ ներգրավված էր նման ծրագրերում։

Ռուսական որոշումը վրդովեցրել է Վրաստանի նախագահին, որ նման վրդովում ունեցել էր Հայաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման հնարաւորությունների արծարծման ընթացքում։ Ստացվում է այնպես, որ Հայաստանի ապաշրջափակմանը միտող որեւէ հնարաւոր քայլ, տարածշրջանային առումով մեր երկրի մրցունակությունը առաջադրող որեւէ ծրագրի իրականացում խիստ անհանգստացնում է իր խորհրդարանական մեծամասնությունը կորցրած Վրաստանի նախագահին։ Այլապես, քաղաքական ընկալելիությամբ պարզ է ռազմավարական գործընկերոջ նկատմամբ կիրառված ռուսական ճնշամիջոցի դիմաց նման հակազդեցությունը։ Առաւել եւս, որ Սահակաշվիլին առանձնապես աչքի չի ընկնում Մոսկվայի հետ բնականոն հարաբերություններով։ Բայց սա արդեն ռուս-վրացական հարաբերությունների ելեւէջների համատեքստում պիտի դիտարկել։

Մեզ այս պահին աւելի է հետաքրքրում է ադրբեջանական նաւթի տարանցման կասեցումը։ Սա իհարկե կարող է մշտական բնույթ չունենալ։ Քաղաքական պահի ազդեցության գործոնների նկատառումը այստեղ էական է՝ տնտեսա-քաղաքական ճնշամիջոցների կիրառման միջազգային պրակտիկան նկատի ունենալով։

Սակայն չմոռանանք, որ Սահակաշվիլիի այս դիրքորոշումը համավրացական բնույթ չունի. առաւել եւս համապետական նույնիսկ. փաստորեն, կառավարական մակարդակի նման գնահատական, մեկնաբանություն մինչ այժմ չի կատարվել։ Սա միակ դեպքը չէ, երբ տարբերություն, նույնիսկ հակասություն է երեւում տարածաշրջանային կարեւոր խնդիրները մեկնաբանելիս՝ ներվրացական հարթությունում։

Հայտարարության մի այլ կարեւոր բաժին սակայն ուշադրություն է գրաւում. Սահակաշվիլին խոսում է Ադրբեջանի փլուզման մասին։ Ադրբեջանի նաւթի տարանցման կասեցումը ինքնին դուռ է բացել նման ենթադրությունների մասին ոչ միայն մտածելու, այլեւ բարձրաձայնելու։ Սահակաշվիլին խոսում է Վրաստանի եւ տարածաշրջանի շահերից եւ դրանցից ելնելով ահազանգում է Ադրբեջանի փլուզման մասին։

Ըստ Սահակշվիլիի այս ճնշամիջոցները թիրախ ունեն՝ փլուզել Ադրբեջանը։ Ադրբեջանական Հանրապետության արհեստականությունը շատ պատճառներ ունի նույն երկրի փլուզման մասին վերլուծումներ կատարելու։

Սահակաշվիլիի օրոք Վրաստանն էր, որ կորցրեց իր տարածքային ամբողջականությունը։ Սահակաշվիլին այժմ մտածում է, որ տարբեր հանգամանքներով, թեկուզ, իր ռազմավարական գործընկերը կարող է դիմագրաւել միեւնույն վտանգը։ Վաղ է հաստատել, թե նավթի տարանցման կասեցումը կարող է սկիզբ դառնալ Ադրբեջանի փլուզմանը. կարևորը այն է, որ այս մասին բարձրաձայնվում է։ Այն էլ ռազմավարական գործընկերոջ կողմից։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը