Կարծիք

17.05.2013 17:00


Քրիստինե Խանումյան. «Ընկերներիցս մեկը որոշել է արտագաղթել»

Քրիստինե Խանումյան. «Ընկերներիցս մեկը որոշել է արտագաղթել»

Ընկերներիցս մեկը որոշել է արտագաղթել: Մեկնել է Մոսկվա՝ հասկանալու համար, թե ի՞նչ աշխատանք կարելի է այնտեղ գտնել: Ընդ որում՝ գրեթե կասկած չունեմ, որ ոնց էլ լինի, մի բան կգտնի՝ ռուսերենին փայլուն տիրապետում է, միաժամանակ նաեւ ՏՏ մասնագետ է: Երեկ պատմում էր, թե ինչպես է մեկնել, ինչպես է տեղ հասել…

Բայց իր գործերից խոսելուն հերթը չհասավ: Նեղսրտած էր: Ասաց՝ հենց նստեցի ինքնաթիռ, հասկացա, թե ինչ է արտագաղթը: Գրում է. «Ինքնաթիռը ոնց որ բանակ գնացող ավտոբուս լիներ: Մեծ մասը տղամարդիկ էին, ու հիմնականում՝ մարզերից»:

Հարցնում եմ՝ լավ, բա դու ո՞նց ես: Ու էլի էդ մարդկանցից է գրում: Ասում է ՝ ինքնաթիռում միայն մի 20 հոգի մարդ կար, որոնք էդ կարկուտից տուժած գյուղերից էին: Պատմում էին, որ մնացել են առանց բերք, վարկերի տակ են ու իշխանություններից ոչ մի սպասելիք չունեն: Ու ով ուր կարողանում է, գնում է: Հետո զարմացած հավելում է. «Կողքս նստած երկու երիտասարդներ կային, որ առաջին անգամ էին ինքնաթիռ նստում»: Ասում է՝ հասկանում ես, չէ՞, սա ինչ է նշանակում: Էդ մարդիկ «պրոֆեսիոնալ» խոպանչիներ չեն՝ մինչեւ հիմա իրենց մարզից երեւի դուրս չէին եկել, բայց հիմա գնում են: Փոխանցում է գյուղացիների խոսքերը. սրտնեղած պատմում էին, որ իրենց գյուղերում հակակարկտային կայաններ կային, որոնք, սակայն, կարկուտի ժամանակ չեն աշխատել: Եթե աշխատել էլ են, ապա՝ միայն կարկուտից հետո:

Հարցնում եմ՝ լավ, բայց ո՞ւր են գնում, ի՞նչ են անելու, էդպես, ափալ-թափալ…ախր….էնտեղ էլ հո կարմիր գորգերը փռած՝ իրենց չեն սպասում… Ասում է՝ «մեկի կնոջ քեռին եսիմ որտեղ գործարանում է աշխատում, ասել է՝ արի, բանվորի գործ կա, մյուսի՝ հորքուրի տղեն ասֆալտ է փռում, ասել է՝ դու էլ արի, ասֆալտ կփռես, էն մեկն էլ ասում է՝ տեղ հասնեմ, մի բան կճարվի…»:

Հետո հարցնում է՝ կգրե՞ս մի բան էս մասին: Որ արտագաղթը իրական է, շատ իրական է… Հետո պատմում է, թե ինչ զգացողություններ է ունեցել ողջ թռիչքի ընթացքում…. Ու հարցնում է՝ կփոխանցե՞ս էդ զգացածս….Ասում եմ՝ կփորձեմ… ու չգիտեմ էլ՝ ինչպես պիտի փոխանցեմ էդ դառնության զգացումը… ախր, ինքը՝ իմ լավ ընկերն էլ ցանկություն ունի գնալու….մի պայծառ ուղեղ, մի լուսավոր մարդ… որ չնայած խնդիրներ ունի, ինչպես բոլորը, սակայն երբ ասում եմ՝ ինչի՞ ես ուզում գնալ, չի ասում՝ խնդիրներս շատ են, չի ասում՝ փախնում եմ էս մղձավանջից, կատակում է՝ թե էս գաղջ մթնոլորտին էլ չեմ դիմանում…..ու հաստատ գնալու մտադրություն ուներ, մինչեւ երեւի ինքնաթիռում տեսավ ամեն ինչ կորցրած, հույսից կտրված էդ մարդկանց, ովքեր գնում էին՝ կարգին չիմանալով էլ, թե ուր… գնում էին՝ լավ կյանքի, չէ, գոնե նորմալ կյանքի հույսով….

Ինքը ցանկանում էր գնալ, թերեւս լսած լինելով, բայց իր աչքով տեսած չլինելով, թե ինչքան շատ են գնացողները…. Անհույս գնացողները… չգիտեմ էլ՝ հիմա ի՞նչ է մտածում, բայց զգում եմ, որ իր էդ տեսածից հետո գուցեեւ այնտեղ մնալու մտադրությունը փոխելու է։ Գուցե հազարավոր գնացողներից մեկը մտափոխվի ու չգնա։ Եւ ես կուրախանամ, որ ընկերս կմնա մեզ հետ։ Բայց ախր էլի գնացողներ կան, որոնցից շատերին անձնապես կարող է՝ չենք ճանաչում։ Բայց կան, գնում են՝ թողնելով (գուցե՝ առժամանակ) իրենց հարազատներին եւ ընկերներին, թողնելով հույսը, երկիրը…. ամեն ինչը՝ գաղջ մթնոլորտի տիրակալներին, որ հետո Սարգսյան Տիգրանն ասի՝ «մնան, որ ի՞նչ անեն, որ հեղափոխությո՞ւն անեն»…

Հա, հենց էդպես, կմնան ու ձեզ կուղարկեն համապատասխան վայրերը. էս երկիրը գաղջի ու ճահճի վերածելու համար, երկիրս պղծելու համար։

Քրիստինե Խանումյան

http://www.ilur.am/news/view/13613.html

Այս խորագրի վերջին նյութերը