Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով: Վ. Գաբրիելյան Նախագիծ ՀԱ3ԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ3ԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ3ԱՆ Ծ Ր Ա Գ Ի Ր Ն Ա Խ Ա Բ Ա Ն Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև պառլամենտական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները: Ծրագրի իրականացումը հնարավորություն կնձեռնի լուծելու մեր հայրենիքի առջև ծառացած մի շարք խնդիրներ՝ դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ: Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան յուրաքանչյուր հայի համար, որն ընձեռում է աննկուն կամքով և հետևողական աշխատանքով սեփական կարողությունների առավելագույն դրսևորման հնարավորություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրել է յուրաքանչյուրի համար ստեղծել հնարավորություն՝ սեփական ջանքերով ստանալու աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ: Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում:
Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն: Կրթությունը և աշխատանքը դառնալու են աղքատության դեմ պայքարի մեր հիմնական զենքը: Յուրաքանչյուր ոք պետք է ստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից, ընդլայնվելու է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը: Անապահով ընտանիքի երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը՝ ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:
Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Գոյություն ունեցող կենսաթոշակների աճին զուգընթաց այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիներին տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից՝ որպես աջակցություն ստացած գումարները: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կապահովի թե՛ նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, թե՛ ավելի արդարացի աշխատանքային կենսաթոշակ՝ համակարգի մասնակիցների համար:
Նշված բոլոր փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության աճի և զարգացման պայմաններում: Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսավարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկությունները կստանան առարկայական և թիրախային օժանդակություն: Յուրաքանչյուրը պետք է վճարի իր ունեցվածքին և եկամտին համապատասխան հարկեր: Միջոցառումների համախումբը կապահովի սեփականության պատասխանատու և արդյունավետ օգտագործումը, ինչն էլ տնտեսական ներուժի բացահայտման և իրագործման գրավականն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա փոխվելու: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա վերափոխելու մեր երկիրը: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա հետևողականորեն կերտելու ապահով Հայաստան՝ սերունդներին թողելով անվտանգ, արդար և ապահով պետություն:
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվտանգ և ապահով Հայաստան
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝ - զինված ուժերի մարտունակության պահպանում ու բարձրացում, - միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն սերտ գործընկերությունը,
- երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում, - Հայկական աշխարհի պահպանման և զորացման նպատակով սփյուռքի հետ համագործակցության ընդլայնում և համակարգում, - աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց:
Աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝ - տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով, - աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ժամանակակից արդյունաբերական և արտահանման խրախուսման քաղաքականությունների իրականացում` պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հարթակի արդյունավետ օգտագործմամբ,
- հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում,
- գործարար և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում,
- հավասար մրցակցային պայմանների ապահովում՝ բոլորի համար, - տնտեսական աճին միտված և պետություն-մասնավոր հատվածի սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում, - տնտեսությունում ստեղծվող արդյունքի որակի վերահսկման համակարգի արմատական վերափոխում և նոր ենթակառուցվածքի գործարկում,
- գործարարների, այդ թվում՝ սկսնակ և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,
- նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,
- գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում, - տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով: Ազատ և արդար Հայաստան
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- անձի իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության արդյունավետության բարձրացում, - դատական համակարգի արդյունավետության բարձրացում, - իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության վստահության ավելացում, - պետական կառույցներում և հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մոտեցման գերակայությունը,
- պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ:
Մարդկային կապիտալ
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- որակյալ կրթական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում,
- աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում՝ սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության, հմտությունների զարգացման և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով, - առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովում, - նվազագույն աշխատավարձի աճի քաղաքականության իրականացում` աշխատող աղքատների թվի կտրուկ կրճատման նպատակով,
- նպաստավոր պայմանների ստեղծում՝ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու տարածման համար, - հասարակության միջին խավի ընդլայնում,
- հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների հասցեական մատուցում, - ապահով ծերություն՝ հասարակության յուրաքանչյուր անդամի համար, - մարդու գործունեության և բնության ներդաշնակության ապահովում, - հայկական սփյուռքի ներգրավվածության մեծացում՝ մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացում։
Ինստիտուցիոնալ զարգացում
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- հանրային ինստիտուտների ամրապնդում` որակյալ մասնագետների ներգրավման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով,
- պետական կառավարման համակարգում «գործընթացները հստակ կանոնակարգելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում, - պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ կառուցակարգերի ստեղծում,
- այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համակարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսավարողների նկատմամբ:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՈԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ- ԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա չորս տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2013-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,
• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
• նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
• ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,
• 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,
• միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի,
• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,
• պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն ծրագրի վերջին մասում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ- ԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
3.1.1. Պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր:
Պաշտպանության ոլորտում կառավարության գործողություններն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, պաշտպանության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորմանը և ապահովմանը, առկա և հավանական սպառնալիքների բացահայտմանը, զինված ուժերի արդիականացմանն ու սպառազինմանը: Գործունեության հիմքում դրվելու է «սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» սկզբունքը:
Այս նպատակների իրագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
• շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները.
• ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, բանակն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով կայացնել ազգային ռազմական կրթահամակարգը՝ ապահովելով բոլոր կատեգորիաների սպայական և սերժանտական մասնագետների պատրաստումը.
• ստեղծել արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման մրցակցային հնարավորություններ.
• զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ապահովել պատշաճ սոցիալական ապահովության և մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը՝ ներառյալ քաղաքացիական բժշկական հաստատությունների հետ համագործակցության մեխանիզմների ներդրումը.
• հասարակության մեջ ամրապնդել պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտի նկատմամբ վստահությունը` հանցավորության կանխարգելման, սոցիալական պայմանների, թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարելավման միջոցով.
• կառավարման որակի բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորման նպատակով աստիճանաբար ներդնել զինվորական կառավարման ու զինվորական առաջնորդության արդի տեսությունների վրա հիմնված արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ.
• դրական հիմքով զինվորական ծառայությունից արձակվողներին, զինված ուժերից զորացրվողներին ապահովել վերապատրաստման կամ արտոնյալ ուսման հնարավորություններով՝ քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու և քաղաքացիական կյանքին արագ հետինտեգրվելու նպատակով.
• շարունակել զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրումը՝ առաջնահերթություն տալով սեփական կամ ազգային ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և համագործակցելով դաշնակից ու գործընկեր երկրների հետ.
• պաշտպանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում օրինակելի վարքագծի ամրապնդման նախաձեռնության, զինվորական էթիկայի և այլ հարակից տեսագործնական մեխանիզմների միջոցով բացահայտել և նվազեցնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության ոլորտները,
• ապահովել միջազգային անվտանգության ապահովման գործողություններին շարունակական մասնակցությունը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռեսուրսներին և կարողություններին համահունչ: Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառելու են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:
3.1.2. Արտաքին հարաբերությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և դիրքերի ամրապնդմանը:
Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու՝
• Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա,
• սփյուռքի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճիրի միջազգային ճանաչմանը, դատապարտմանը, ժխտման բացառմանը և հետևանքների վերացմանը,
• միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության և դրական վարկանիշի ամրապնդմանը,
• Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացմանը, • Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու ընդլայնմանը, • Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակմանը, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդմանը,
• անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը,
• Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման քաղաքական ուղեգծի շարունակմանը,
• ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցության շարունակմանը, ԱՊՀ մասնակից պետություների հետ ձևավորված ավանդական կապերի և գործակցության խորացմանը,
• Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը:
Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է լինելու իր ռազմաքաղաքական անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ակտիվ ներգրավվածությանը: Հետևողական կերպով շարունակվելու է ակտիվ ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհրդում (ԵԽ), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և այլ միջազգային կառույցներում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել՝
• միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը, արտաքին տնտեսական կապերի ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խրախուսման աջակցությանը, ինչպես նաև արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ուղիների բազմազանեցման, էներգակիրների տեղափոխման միջոցների անխափան գործարկման, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման, հայրենական արտադրանքի արտահանման նոր շուկաների որոնման և այդ շուկաներում ներգրավվածության, արտաքին ներդրումների և նոր տեխնոլոգիաների ու հմտությունների ներմուծման հարցերին,
• արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը, • երկկողմ և միջազգային հարթություններում մշակութային համագործակցության խթանմանը, • հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, այդ թվում՝ արտերկրում դրա պահպանման աջակցությանը:
3.1.3. Հայկական սփյուռքը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Հայաստանի՝ որպես համայն հայության հայրենիքի և սփյուռքի դինամիկ զարգացումը, հայության բոլոր հատվածների միասնականության ապահովումը` այն նպատակաուղղելով հայոց պետության հզորացմանն ու ամրացմանը, հայապահպանությանը և հայ ինքնության ամրապնդմանը:
Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման համար աշխատանքները նպատակաուղղվելու են Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում համապատասխան ինստիտուտների բազմազանեցմանը, արդիականացմանը, կարևորագույն խնդիրների լուծման համար ջանքերի և ռեսուրսների համադրմանը:
Օգտագործելով երկքաղաքացիության ինստիտուտը և հայրենադարձության խթանման հայեցակարգը՝ կառավարությունն ստեղծելու է Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի առավելագույնս ներգրավվման և ներդրումների խրախուսման նպաստավոր միջավայր, որտեղ օժանդակություն կցուցաբերվի մրցունակ և զարգացման տանող ներդրումային ծրագրերի ավելացմանը:
Կմշակվեն հայրենադարձության գործընթացի իրավական հիմքերը, կներդրվեն գործուն ու արդյունավետ կառուցակարգեր` հայրենիք վերադարձող հայերի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է սփյուռքի համայնքների ինքնակառավարման մարմինների հզորացմանը, միջհամայնքային հորիզոնական կապերի հաստատմանը, շարունակելու է համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը, որոնք միտված են լինելու սփյուռքի և Հայաստանի առավել միասնության և համախմբվածության ապահովմանը: Սփյուռքն իր կառույցներով եղել է և կմնա Հայաստանի և Արցախի պաշտպանության և անվտանգության կարևոր գործոններից մեկը: Տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կմշակվի և կներդրվի ինտերնետային տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա արտերկրներում գտնվող մեր քաղաքացիներին էլեկտրոնային կապիուղիներով ստանալու համապատասխան տեղեկատվություն Հայաստան վերադարձի հարցերի մասին, այդ թվում՝ իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղելով Հայաստանի պետական կառավարման մարմիններին:
Սփյուռքում հայապահպանությանն աջակցելու, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման, կիրառման, կրթական այլ ծրագրերի ընդլայնման, ինպես նաև բարոյակերտ արժեհամակարգի պահպանման և վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ՝
• սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, ուսումնական նյութերով ապահովումը,
• Հայաստանում, սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը, • սփյուռքյան երիտասարդությանը հատկացվող կրթաթոշակների ավելացումը, • սփյուռքի կրթօջախների հետ գործակցության ծրագրերի ընդլայնումը, հայապահպանական ոլորտում համատեղ գիտական ծրագրերի իրականացումը, • հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակումը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը,
• Հայաստան-սփյուռք գործակցության համար նպաստավոր պայմանների ապահովումը, փոխներգրավման գործուն մեխանիզմների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև մայրենի լեզվի, մշակույթի պահպանման աջակցության ծրագրերի իրականացումը:
• Հայաստան-սփյուռք գործակցության հզորացումն առավել կնպատակաուղղվի հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, ազգային արժեքների քարոզմանը, հայոց պատմության կեղծարարների դեմ հակազդեցությանը, Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին, ինչպես նաև համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակտիվորեն համագործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերի հետ՝ հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման և նոր սերունդներին հայեցի դաստիարակություն տալու նպատակով։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում նպաստել այլ պետություններում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Սփյուռքը համարելով Հայաստանի Հանրապետության համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ՝ կստեղծվեն հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նոր և հստակ մեխանիզմներ։
3.2. ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ Տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մինչ այսօր իրականացված բարեփոխումների արդյունքների ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակելու է քայլերն այն բարեփոխումներն ավարտելու ուղղությամբ, որոնց իրագործումն արտաքին ցնցումների ազդեցությամբ դանդաղել էր՝ հետևողականորեն ապահովելով առարկայական և շոշափելի արդյունքներ:
2013-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո, մասնավորապես, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը։ Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության յուրաքանչյուր ծրագրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում, և մրցունակ ու զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր ստանալու է պետության աջակցությունը:
Զարգացման քաղաքականության հիմնական նպատակը բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն ու տնտեսական աճի ձևավորմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցությունն է: Հետևաբար, նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետ կգլխավորի կառուցվածքային և ոլորտային քաղաքականությունների նպատակների փաթեթը:
3.2.1. Գործարար և ներդրումային միջավայր
Որպես երկրի ներդրումային գրավչության բարձրացման կարևոր երաշխիքներից մեկը` բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի կայացմանն ուղղված ջանքերը շարունակելու են լինել տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնակի կարևորում է անհարկի պետական միջամտության բեռը վերացնելու խնդիրը:
Այս առումով `
• շարունակվելու են գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, մասնավորապես, պարզեցվելու են գործարարության (հատկապես` փոքր և միջին ձեռնարկությունների) համար վարչարարական ընթացակարգերը,
այդ թվում՝
էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պարզեցվելու են շինարարական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը և կրճատվելու են ժամկետները,
էապես կրճատվելու են կոմունալ ծառայությունների բաժանորդագրման ժամկետները,
փոքրացվելու է կանխիկով գործարքի կատարման շրջանակը և այլն,
• շարունակվելու են տեսչական բարեփոխումների շրջանակներում նախատեսված աշխատանքները` ամբողջությամբ ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ և կիսով չափ կրճատելով տեսչական մարմինների թիվը,
• «Կարգավորման Գիլյոտին» ծրագրի միջոցով վերացվելու են անտեղի վարչարարական խոչընդոտները և քաղաքացիների ու բիզնեսի համար չհիմնավորված ծախս առաջացնող կարգավորումները, ամբողջությամբ ներդրվելու է կարգավորման ազդեցության գնահատման մեխանիզմը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափելու լրացուցիչ բեռ առաջացնող նոր կարգավորումից,
• վերանայվելու է ներդրումային նպատակային քաղաքականությունը, այդ թվում` դիտարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով օտարերկրյա ներդրումների ներգրավման, Հայաստանի Հանրապետության ներդրումային ներուժի և մրցակցային առավելությունների բացահայտման ուղիները,
• ներդրումային միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների, մասնավորապես, վերազգային ընկերությունների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության ներդրումային օրենսդրությունը կներդաշնակեցվի եվրոպական չափանիշներին, կձևավորվեն և կզարգացվեն ազատ տնտեսական գոտիները, • պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման նպատակով կկատարելագործվեն գործող մեխանիզմները և կիրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր ծրագրեր,
• արտահանման ռիսկերի նվազեցման նպատակով կսեղծվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն, ինչը կնպաստի նաև նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ծավալների աճին,
• ներդրվելու են արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերը` մեր ազգային հարստության և հատկապես հողի լիարժեք և նպատակային օգտագործման նպատակով՝ կիրառելով անշարժ գույքի միասնական հարկ,
• ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ` ապահովելով ավելի շատ գանձումներ բարձրարժեք գույքից: Որակի ազգային ենթակառուցվածքի` եվրոպական ու միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցման գործընթացի իրականացումը կշարունակի մնալ առանցքային բարեփոխումների շրջանակում` արդյունքում ապահովելով տեղական արտադրողի և արտահանողի համար մրցունակ արդյունք թողարկելու անհրաժեշտ նախապայմաններ, իսկ սպառողի համար` անվտանգ և որակյալ սպառում ունենալու հարթակ: Այս առումով նախատեսվում է`
• տեղական արտադրանքի եվրոպական և միջազգային չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով վերանայել ոլորտի օրենսդրությունը.
• կայացնել միջազգային գործելակերպում ընդունված չափանիշներին լիովին համապատասխանող ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման նոր ազգային մարմինները,
• վերանայել գործող տեխնիկական կանոնակարգերը՝ արտադրանքի ավելի մեծ անվտանգություն ապահովելու և սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից:
3.2.2. Ֆինանսական միջնորդությունը
Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ֆինանսական միջնորդության անցած տարիների ձեռքբերումների պահպանումը և ծավալների շարունակական մեծացումն առանցքային են ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման գործում: Չնայած վերջին տարիներին արձանագրված զգալի աճին՝ զարգացած տնտեսությունների համեմատ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը դեռևս փոքր է և լիարժեքորեն չի իրականացնում ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու՝ իր հիմնական առաքելությունը: Ստվերային տնտեսության կրճատումը, ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտա բազմազանեցնել և զարգացնել ֆինանսական գործիքներն ու շուկաները՝ միաժամանակ ֆինանսական ռեսուրներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը: Առաջնորդվելով այս սկզբունքներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ, կառավարության գործողությունների արդյունքում`
• ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը և բարձրացվելու է դրանց հասանելիությունը (լիզինգ, արտահանման ֆինանսավորման գործիքներ, սկսնակ բիզնեսների ֆինանսավորում, ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում և այլն),
• ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող՝ մատչելի պայմաններով վարկավորման ծավալները, իրականացվելու են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցառումներ,
• պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը,
• նպատակաուղղված քաղաքականությամբ ֆինանսական շուկայում ապահովվելու է նոր մասնակիցների` ներդրումային հիմնադրամների մուտքը ֆինանսական համակարգ, որոնք հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր,
• խրախուսվելու է վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը,
• մատչելի բնակարանաշինության ֆինանսավորման նպատակով խրախուսվելու են ներդրումներն Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերում՝ միաժամանակ, սուբսիդավորելով սոցիալական խմբերի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը • ավելացվելու է հիփոթեքային վարկերի հասանելիությունը:
Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսությունում իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:
3.2.3. Բյուջետային համակարգը
Բյուջետային համակարգը և դրա կառավարումը կարևոր են թե՜ արդյունավետ ծախսային քաղաքականության, թե՜ իշխանությունների հանրային հաշվետվողականության առումով: Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրը դրանց խելամիտ հաշվեկշռումն է։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում՝
• միջազգային շուկաներում անորոշությունների մեծացման պայմաններում տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը,
• հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:
Մասնավորապես`
• շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով,
• պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է շահավետ պայմաններով ներգրավված ներքին և արտաքին վարկերի հաշվին։ Պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը: Այս առումով` • ծախսերի փաստացի կատարումն իրականացվելու է սահմանված երկա- րաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները պետք է վերաբաշխվեն դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը,
• Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները և պատրաստ կլինի ծրագրային բյուջետավորմանը` մասնակի անցման համար 2016 թվականից, իսկ ամբողջական անցման համար` 2018 թվականից: Արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ,
• լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հնարավորություն է տալու հասարակությանն ու տնտեսավարողներին հսկելու գնումների վերաբերյալ հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը,
• Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար, • շարունակվելու է ֆինանսական կառավարման և հսկողական համակարգերի բարելավումը, մասնավորապես, ներքին աուդիտի համակարգի ամբողջական ներդրում, ֆինանսական պատասխանատվության ինստիտուտի հզորացում, ֆինանսական վերահսկողական գործառույթների կենտրոնացում և մեկ միասնական ֆինանսական տեսչության ստեղծում,
• բարձրացվելու է պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը։
3.2.4. Տնտեսության հիմնական ճյուղերը
3.2.4.1. Արդյունաբերությունը
Տնտեսության դիվերսիֆիկացման ու մրցունակության բարձրացման, կառուցվածքի որակական վերափոխման և, այդպիսով, կայուն զարգացման նախադրյալների ձևավորմանն է ուղղվելու արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության շարունակականությունն ապահովող գործողությունների համալիրը: Կշարունակվի մասնավոր հատվածի ուղղակիորեն ներգրավումը ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ` համատեղ ձևավորված երկխոսության միասնական հարթակի միջոցով ընդլայնելով առավել հեռանկարային ճյուղերի թիվը, որոնց յուրաքանչյուրի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ: Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում՝ ենթադրելով աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների վրա հիմնված, և, այնուհետև, բարձր տեխնոլոգիական արտադրությունների:
Կառավարության ծրագրի նախագիծը
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 74-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրին` համաձայն հավելվածի, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
Վ. Գաբրիելյան
Նախագիծ
ՀԱ3ԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹ3ԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ3ԱՆ
Ծ Ր Ա Գ Ի Ր
Ն Ա Խ Ա Բ Ա Ն
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական դրույթները, ինչպես նաև պառլամենտական կուսակցությունների ծրագրերում ներկայացված` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կնձեռնի լուծելու մեր հայրենիքի առջև ծառացած մի շարք խնդիրներ՝ դրանով իսկ ապահովելով շոշափելի արդյունքներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան յուրաքանչյուր հայի համար, որն ընձեռում է աննկուն կամքով և հետևողական աշխատանքով սեփական կարողությունների առավելագույն դրսևորման հնարավորություն:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակադրել է յուրաքանչյուրի համար ստեղծել հնարավորություն՝ սեփական ջանքերով ստանալու աշխատանքին համապատասխան արդարացի վաստակ: Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում:
Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ՝ միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն: Կրթությունը և աշխատանքը դառնալու են աղքատության դեմ պայքարի մեր հիմնական զենքը: Յուրաքանչյուր ոք պետք է ստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից, ընդլայնվելու է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտը: Անապահով ընտանիքի երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը՝ ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:
Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Գոյություն ունեցող կենսաթոշակների աճին զուգընթաց այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիներին տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից՝ որպես աջակցություն ստացած գումարները: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կապահովի թե՛ նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, թե՛ ավելի արդարացի աշխատանքային կենսաթոշակ՝ համակարգի մասնակիցների համար:
Նշված բոլոր փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության աճի և զարգացման պայմաններում: Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսավարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկությունները կստանան առարկայական և թիրախային օժանդակություն: Յուրաքանչյուրը պետք է վճարի իր ունեցվածքին և եկամտին համապատասխան հարկեր: Միջոցառումների համախումբը կապահովի սեփականության պատասխանատու և արդյունավետ օգտագործումը, ինչն էլ տնտեսական ներուժի բացահայտման և իրագործման գրավականն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները՝ նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա փոխվելու: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա վերափոխելու մեր երկիրը: Այս տեսլականի նկատմամբ հավատն է, որ մեզ ուժ կտա հետևողականորեն կերտելու ապահով Հայաստան՝ սերունդներին թողելով անվտանգ, արդար և ապահով պետություն:
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Անվտանգ և ապահով Հայաստան
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- զինված ուժերի մարտունակության պահպանում ու բարձրացում,
- միջազգային ինտեգրացիայի խորացման միջոցով Հայաստանի Հանրապետության
տնտեսական գործընկերության ընդլայնում, արտահանման տարբեր շուկաներ մուտքի հնարավորությունների մեծացում` հատկապես կարևորելով ԱՊՀ և Եվրամիություն սերտ գործընկերությունը,
- երկրի տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված համալիր ծրագրերի իրականացում,
- Հայկական աշխարհի պահպանման և զորացման նպատակով սփյուռքի հետ համագործակցության ընդլայնում և համակարգում,
- աշխատատեղերի, կենսագործունեության բարենպաստ միջավայրի, ինքնաիրացման պայմանների և արդարության ապահովում՝ որպես արտագաղթի կանխարգելման արդյունավետ միջոց:
Աշխատանքին համապատասխան արդարացի վարձատրություն ապահովող աշխատատեղերի ստեղծում
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- տնտեսության տարազանման ապահովում` տնտեսության կառուցվածքում արտահանելի հատվածների տեսակարար կշռի ավելացման միջոցով,
- աշխատատեղերի ստեղծմանն ուղղված ժամանակակից արդյունաբերական և արտահանման խրախուսման քաղաքականությունների իրականացում` պետություն-մասնավոր հատվածի համագործակցության հարթակի արդյունավետ օգտագործմամբ,
- հնարավոր արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության դիմադրողականության բարձրացում,
- գործարար և ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում,
- հավասար մրցակցային պայմանների ապահովում՝ բոլորի համար,
- տնտեսական աճին միտված և պետություն-մասնավոր հատվածի սերտ գործընկերության վրա հիմնված հասանելի, կայուն, մատչելի, արտադրական ենթակառուցվածքների զարգացում,
- տնտեսությունում ստեղծվող արդյունքի որակի վերահսկման համակարգի արմատական վերափոխում և նոր ենթակառուցվածքի գործարկում,
- գործարարների, այդ թվում՝ սկսնակ և քաղաքացիների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, մատչելիության, ֆինանսական գործիքների բազմազանության ապահովում,
- նորարարական տեխնոլոգիաների ներգրավվածության ընդլայնում,
- գյուղատնտեսության արդիականացում և ագրոբիզնեսի զարգացմանն օժանդակում,
- տարածքային համաչափ զարգացում` Երևանի համեմատ մարզերի տնտեսական ակտիվության առաջանցիկ աճի ապահովման և հարմարավետ գյուղի ձևավորման միջոցով:
Ազատ և արդար Հայաստան
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- անձի իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության արդյունավետության բարձրացում,
- դատական համակարգի արդյունավետության բարձրացում,
- իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության վստահության ավելացում,
- պետական կառույցներում և հասարակության մեջ արմատավորված արատի` կոռուպցիա ծնող պատճառների վերացում, այդ գործընթացում թափանցիկության բարձրացում` շեշտադրելով կոռուպցիայի դեմ պայքարի կանխարգելիչ մոտեցման գերակայությունը,
- պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության յուրաքանչյուր անդամի վստահության բարձրացման ապահովում` հաշվետվողականության, թափանցիկության և պատասխանատվության բարձրացմամբ:
Մարդկային կապիտալ
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- որակյալ կրթական և մշակութային ծառայությունների մատչելիության ապահովում,
- աղքատություն և անհավասարություն ծնող պատճառների վերացում՝ սոցիալապես խոցելի և աշխատունակ խավերի համար կրթության, հմտությունների զարգացման և աշխատանքի հասանելիության ապահովման միջոցով,
- առողջապահական ծառայությունների որակի, մատչելիության և հասանելիության ապահովում,
- նվազագույն աշխատավարձի աճի քաղաքականության իրականացում` աշխատող աղքատների թվի կտրուկ կրճատման նպատակով,
- նպաստավոր պայմանների ստեղծում՝ հայ հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման, ազգային արժեքների և ավանդույթների վերարտադրության ու տարածման համար,
- հասարակության միջին խավի ընդլայնում,
- հասարակության սոցիալապես խոցելի և սահմանափակ կարողություններով խմբերին ծառայությունների հասցեական մատուցում,
- ապահով ծերություն՝ հասարակության յուրաքանչյուր անդամի համար,
- մարդու գործունեության և բնության ներդաշնակության ապահովում,
- հայկական սփյուռքի ներգրավվածության մեծացում՝ մարդկային ռեսուրսների զարգացման գործընթացում։
Ինստիտուցիոնալ զարգացում
Այս առումով գործողություններ ենք իրականացնելու հետևյալ ուղղություններով՝
- հանրային ինստիտուտների ամրապնդում` որակյալ մասնագետների ներգրավման, տարբեր ինստիտուտների ներքին և արտաքին փոխգործունեության կանոնակարգման, դրանց գործառույթների կրկնման բացառման, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության հետ դինամիկ համագործակցության միջոցով,
- պետական կառավարման համակարգում «գործընթացները հստակ կանոնակարգելու և որակյալ ծառայություններ մատուցելու» սկզբունքի գերակայության ապահովում,
- պետական կառավարման համակարգում մասնագիտական որակների պահանջների բարձրացում և որակյալ մասնագետների ներգրավման հստակ կառուցակարգերի ստեղծում,
- այնպիսի հարկային, մաքսային և մրցակցության պաշտպանության համակարգերի ձևավորում, որի պայմաններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հավասարաչափ և անվերապահորեն կկիրառվի բոլոր տնտեսավարողների նկատմամբ:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՈԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ-
ԹՅՈՒՆԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Արտաքին աշխարհի էական անորոշությունները սահմանափակում են արտաքին տնտեսությունից ռեսուրսների ներհոսքի հնարավորությունը: Առաջիկա չորս տարվա ընթացքում տնտեսության ներքին ռեսուրսների վրա հիմնված զարգացումը կունենա Հայաստանի տնտեսական աճի ապահովման համար առաջնային դերակատարում։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս պայմաններում ակնկալում է արտահանման ծավալների նպատակադրված ավելացմանը հասնել հիմնականում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շնորհիվ, ինչը ենթադրում է ներքին ռեսուրսների համակարգված և արդյունավետ օգտագործում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2013-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝
• զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի միջոցով,
• ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում,
• նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում,
• նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում,
• ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի,
• 5-6 տարեկան երեխաների առնվազն 90 տոկոսի համար նախադպրոցական կրթության հասանելիության ապահովում,
• միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125 տոկոսի,
• աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով,
• 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով,
• պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեկան 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:
Հայաստանի Հանրապետության կառավարության գործողությունների արդյունքային ցուցանիշները գնահատվել են առկա միտումների հիման վրա: Արտաքին ցնցումների դրսևորումները և Հայաստան ներթափանցման ուղիներն ու ազդեցությունները նկարագրված են սույն ծրագրի վերջին մասում:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ-
ԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1. ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
3.1.1. Պաշտպանությունը
Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ունենալ մարտունակ, մշտապես կատարելագործվող, ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող զինված ուժեր:
Պաշտպանության ոլորտում կառավարության գործողություններն ուղղված են լինելու Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, պաշտպանության, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորմանը և ապահովմանը, առկա և հավանական սպառնալիքների բացահայտմանը, զինված ուժերի արդիականացմանն ու սպառազինմանը: Գործունեության հիմքում դրվելու է «սահմանափակ ռեսուրսներով առավելագույն արդյունքի հասնելու» սկզբունքը:
Այս նպատակների իրագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է՝
• շարունակել զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, կրտսեր հրամանատարական օղակում արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներին ընդգրկելու աշխատանքները.
• ռազմակրթական ոլորտն ապահովել ժամանակակից կրթական ու մեթոդական ծրագրերով, բանակն անհրաժեշտ մասնագետներով համալրելու նպատակով կայացնել ազգային ռազմական կրթահամակարգը՝ ապահովելով բոլոր կատեգորիաների սպայական և սերժանտական մասնագետների պատրաստումը.
• ստեղծել արժանիքների վրա հիմնված ծառայողական առաջխաղացման մրցակցային հնարավորություններ.
• զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար ապահովել պատշաճ սոցիալական ապահովության և մատչելի ու որակյալ առողջապահական ծառայությունների մատուցումը՝ ներառյալ քաղաքացիական բժշկական հաստատությունների հետ համագործակցության մեխանիզմների ներդրումը.
• հասարակության մեջ ամրապնդել պարտադիր զինվորական ծառայության ինստիտուտի նկատմամբ վստահությունը` հանցավորության կանխարգելման, սոցիալական պայմանների, թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարելավման միջոցով.
• կառավարման որակի բարելավման և զինված ուժերում մարդու իրավունքների ու ազատությունների երաշխավորման նպատակով աստիճանաբար ներդնել զինվորական կառավարման ու զինվորական առաջնորդության արդի տեսությունների վրա հիմնված արդյունավետ կառավարման ճկուն մեխանիզմներ.
• դրական հիմքով զինվորական ծառայությունից արձակվողներին, զինված ուժերից զորացրվողներին ապահովել վերապատրաստման կամ արտոնյալ ուսման հնարավորություններով՝ քաղաքացիական մասնագիտություն ձեռք բերելու, աշխատանք գտնելու և քաղաքացիական կյանքին արագ հետինտեգրվելու նպատակով.
• շարունակել զինված ուժերի՝ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով համալրումը՝ առաջնահերթություն տալով սեփական կամ ազգային ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը և համագործակցելով դաշնակից ու գործընկեր երկրների հետ.
• պաշտպանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում օրինակելի վարքագծի ամրապնդման նախաձեռնության, զինվորական էթիկայի և այլ հարակից տեսագործնական մեխանիզմների միջոցով բացահայտել և նվազեցնել կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործունեության ոլորտները,
• ապահովել միջազգային անվտանգության ապահովման գործողություններին շարունակական մասնակցությունը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռեսուրսներին և կարողություններին համահունչ:
Անվտանգության համակարգերի բարեփոխման շարունակականությունն ու ժամանակակից պահանջներին համապատասխանեցումը, արտաքին մարտահրավերների կանխարգելմանն ու համարժեք պատասխանի ապահովմանն ուղղված քայլերը ներառելու են քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, տեղեկատվական, անհրաժեշտության դեպքում՝ ռազմական և այլ համալիր միջոցառումներ:
3.1.2. Արտաքին հարաբերությունները
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել միջազգային ասպարեզում պետության շահերի պաշտպանությանը, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության, անվտանգության և զարգացման ապահովմանը, տնտեսական զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ու երաշխիքների ստեղծմանը, տարածաշրջանային և միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության ներգրավվածության և դիրքերի ամրապնդմանը:
Այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետամուտ է լինելու՝
• Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա,
• սփյուռքի հետ համատեղ ջանքերի գործադրմամբ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճիրի միջազգային ճանաչմանը, դատապարտմանը, ժխտման բացառմանը և հետևանքների վերացմանը,
• միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության և դրական վարկանիշի ամրապնդմանը,
• Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի դաշնակցային, ռազմավարական գործընկերության զորացմանը,
• Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու ընդլայնմանը,
• Եվրամիության հետ մերձեցման քաղաքականության շարունակմանը, եվրոպական պետությունների հետ հարաբերությունների առավել ամրապնդմանը,
• անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացմանը,
• Հայաստան-Թուրքիա հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման քաղաքական ուղեգծի շարունակմանը,
• ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացներին ակտիվ մասնակցության շարունակմանը, ԱՊՀ մասնակից պետություների հետ ձևավորված ավանդական կապերի և գործակցության խորացմանը,
• Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Ասիայի այլ երկրների, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի պետությունների հետ համագործակցության ընդլայնմանը:
Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է լինելու իր ռազմաքաղաքական անվտանգության կարևոր բաղադրիչ հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ակտիվ ներգրավվածությանը:
Հետևողական կերպով շարունակվելու է ակտիվ ներգրավվածությունը Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ), Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ), Եվրոպայի խորհրդում (ԵԽ), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում և այլ միջազգային կառույցներում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել՝
• միջազգային տնտեսական համագործակցության գործընթացներում ներգրավվածության ընդլայնմանը, արտաքին տնտեսական կապերի ամրապնդմանը, Հայաստանի Հանրապետությունում ներդրումների խրախուսման աջակցությանը, ինչպես նաև արտաքին աշխարհին կապող տրանսպորտային ուղիների բազմազանեցման, էներգակիրների տեղափոխման միջոցների անխափան գործարկման, արտաքին առևտրի համար նպաստավոր պայմանների ապահովման, հայրենական արտադրանքի արտահանման նոր շուկաների որոնման և այդ շուկաներում ներգրավվածության, արտաքին ներդրումների և նոր տեխնոլոգիաների ու հմտությունների ներմուծման հարցերին,
• արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությանը,
• երկկողմ և միջազգային հարթություններում մշակութային համագործակցության խթանմանը,
• հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, այդ թվում՝ արտերկրում դրա պահպանման աջակցությանը:
3.1.3. Հայկական սփյուռքը
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է Հայաստանի՝ որպես համայն հայության հայրենիքի և սփյուռքի դինամիկ զարգացումը, հայության բոլոր հատվածների միասնականության ապահովումը` այն նպատակաուղղելով հայոց պետության հզորացմանն ու ամրացմանը, հայապահպանությանը և հայ ինքնության ամրապնդմանը:
Հայաստան-սփյուռք գործակցության զարգացման համար աշխատանքները նպատակաուղղվելու են Հայաստանի Հանրապետությունում և հայկական սփյուռքում համապատասխան ինստիտուտների բազմազանեցմանը, արդիականացմանը, կարևորագույն խնդիրների լուծման համար ջանքերի և ռեսուրսների համադրմանը:
Օգտագործելով երկքաղաքացիության ինստիտուտը և հայրենադարձության խթանման հայեցակարգը՝ կառավարությունն ստեղծելու է Հայաստանի տնտեսության մեջ սփյուռքահայերի առավելագույնս ներգրավվման և ներդրումների խրախուսման նպաստավոր միջավայր, որտեղ օժանդակություն կցուցաբերվի մրցունակ և զարգացման տանող ներդրումային ծրագրերի ավելացմանը:
Կմշակվեն հայրենադարձության գործընթացի իրավական հիմքերը, կներդրվեն գործուն ու արդյունավետ կառուցակարգեր` հայրենիք վերադարձող հայերի ինտեգրումը հասարակության մեջ դյուրացնելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է սփյուռքի համայնքների ինքնակառավարման մարմինների հզորացմանը, միջհամայնքային հորիզոնական կապերի հաստատմանը, շարունակելու է համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացումը, որոնք միտված են լինելու սփյուռքի և Հայաստանի առավել միասնության և համախմբվածության ապահովմանը: Սփյուռքն իր կառույցներով եղել է և կմնա Հայաստանի և Արցախի պաշտպանության և անվտանգության կարևոր գործոններից մեկը: Տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ կմշակվի և կներդրվի ինտերնետային տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա արտերկրներում գտնվող մեր քաղաքացիներին էլեկտրոնային կապիուղիներով ստանալու համապատասխան տեղեկատվություն Հայաստան վերադարձի հարցերի մասին, այդ թվում՝ իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղելով Հայաստանի պետական կառավարման մարմիններին:
Սփյուռքում հայապահպանությանն աջակցելու, երիտասարդության շրջանում մայրենի լեզվի ուսուցման, կիրառման, կրթական այլ ծրագրերի ընդլայնման, ինպես նաև բարոյակերտ արժեհամակարգի պահպանման և վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ՝
• սփյուռքի հայկական դպրոցների համար ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակումը, ուսումնական նյութերով ապահովումը,
• Հայաստանում, սփյուռքում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը,
• սփյուռքյան երիտասարդությանը հատկացվող կրթաթոշակների ավելացումը,
• սփյուռքի կրթօջախների հետ գործակցության ծրագրերի ընդլայնումը,
հայապահպանական ոլորտում համատեղ գիտական ծրագրերի իրականացումը,
• հանրային հեռուստատեսության արբանյակային հեռարձակումը, այդ ծրագրերի որակի ու բովանդակության բարելավումը,
• Հայաստան-սփյուռք գործակցության համար նպաստավոր պայմանների ապահովումը, փոխներգրավման գործուն մեխանիզմների ստեղծումը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է վիրահայության, այդ թվում՝ Ջավախքի հայկական համայնքների հայապահպանությանն ուղղված, ինչպես նաև մայրենի լեզվի, մշակույթի պահպանման աջակցության ծրագրերի իրականացումը:
• Հայաստան-սփյուռք գործակցության հզորացումն առավել կնպատակաուղղվի հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը, ազգային արժեքների քարոզմանը, հայոց պատմության կեղծարարների դեմ հակազդեցությանը, Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարին, ինչպես նաև համահայկական միասնական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ակտիվորեն համագործակցելու է Հայ Առաքելական եկեղեցու սփյուռքի թեմերի հետ՝ հայ ընտանիքի բարոյական նորմերի պահպանման և նոր սերունդներին հայեցի դաստիարակություն տալու նպատակով։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի շրջանակում նպաստել այլ պետություններում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Սփյուռքը համարելով Հայաստանի Հանրապետության համար համաշխարհային ինտեգրման հուսալի և արդյունավետ կամուրջ՝ կստեղծվեն հայրենիքի ներքին կյանքին սփյուռքի ներուժի ներգրավման և նրանց աջակցությամբ միջազգային կառույցների հետ ներպետական կառույցների աշխատանքի բարելավման նոր և հստակ մեխանիզմներ։
3.2. ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ
Տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մինչ այսօր իրականացված բարեփոխումների արդյունքների ամրապնդմանն ու ինստիտուցիոնալացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետևողականորեն շարունակելու է քայլերն այն բարեփոխումներն ավարտելու ուղղությամբ, որոնց իրագործումն արտաքին ցնցումների ազդեցությամբ դանդաղել էր՝ հետևողականորեն ապահովելով առարկայական և շոշափելի արդյունքներ:
2013-2017 թվականներին Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններից է լինելու պետություն-մասնավոր հատվածի համագործակցության սկզբունքի ներքո, մասնավորապես, երկկողմ պարտավորությունների սահմանման միջոցով ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմամբ, միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական ընկերությունների կայացմանը նպաստելը։ Պետություն-մասնավոր հատվածի համագործակցության յուրաքանչյուր ծրագրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում, և մրցունակ ու զարգացման տանող յուրաքանչյուր ներդրումային ծրագիր ստանալու է պետության աջակցությունը:
Զարգացման քաղաքականության հիմնական նպատակը բնակչության համար արժանավայել աշխատանքի ապահովումն ու տնտեսական աճի ձևավորմանն ուղղված աշխատուժի ընդլայնված մասնակցությունն է: Հետևաբար, նոր աշխատատեղերի շարունակական ստեղծումն այսուհետ կգլխավորի կառուցվածքային և ոլորտային քաղաքականությունների նպատակների փաթեթը:
3.2.1. Գործարար և ներդրումային միջավայր
Որպես երկրի ներդրումային գրավչության բարձրացման կարևոր երաշխիքներից մեկը` բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրի կայացմանն ուղղված ջանքերը շարունակելու են լինել տնտեսական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնակի կարևորում է անհարկի պետական միջամտության բեռը վերացնելու խնդիրը:
Այս առումով `
• շարունակվելու են գործարար միջավայրի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները, մասնավորապես, պարզեցվելու են գործարարության (հատկապես` փոքր և միջին ձեռնարկությունների) համար վարչարարական ընթացակարգերը,
այդ թվում՝
էլեկտրոնային համակարգի ներդրմամբ պարզեցվելու են շինարարական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը և կրճատվելու են ժամկետները,
էապես կրճատվելու են կոմունալ ծառայությունների բաժանորդագրման ժամկետները,
փոքրացվելու է կանխիկով գործարքի կատարման շրջանակը և այլն,
• շարունակվելու են տեսչական բարեփոխումների շրջանակներում նախատեսված աշխատանքները` ամբողջությամբ ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ և կիսով չափ կրճատելով տեսչական մարմինների թիվը,
• «Կարգավորման Գիլյոտին» ծրագրի միջոցով վերացվելու են անտեղի վարչարարական խոչընդոտները և քաղաքացիների ու բիզնեսի համար չհիմնավորված ծախս առաջացնող կարգավորումները, ամբողջությամբ ներդրվելու է կարգավորման ազդեցության գնահատման մեխանիզմը, ինչը հնարավորություն կընձեռի խուսափելու լրացուցիչ բեռ առաջացնող նոր կարգավորումից,
• վերանայվելու է ներդրումային նպատակային քաղաքականությունը, այդ թվում` դիտարկելով օրենսդրական փոփոխությունների միջոցով օտարերկրյա ներդրումների ներգրավման, Հայաստանի Հանրապետության ներդրումային ներուժի և մրցակցային առավելությունների բացահայտման ուղիները,
• ներդրումային միջավայրի բարելավման և օտարերկրյա ներդրումների, մասնավորապես, վերազգային ընկերությունների ներգրավման նպատակով Հայաստանի Հանրապետության ներդրումային օրենսդրությունը կներդաշնակեցվի եվրոպական չափանիշներին, կձևավորվեն և կզարգացվեն ազատ տնտեսական գոտիները,
• պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման նպատակով կկատարելագործվեն գործող մեխանիզմները և կիրականացվեն պետություն-մասնավոր հատված համագործակցության նոր ծրագրեր,
• արտահանման ռիսկերի նվազեցման նպատակով կսեղծվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական ընկերություն, ինչը կնպաստի նաև նոր շուկաների բացահայտմանը և արտահանման ծավալների աճին,
• ներդրվելու են արդյունավետ սեփականատիրության լավագույն նորմերը` մեր ազգային հարստության և հատկապես հողի լիարժեք և նպատակային օգտագործման նպատակով՝ կիրառելով անշարժ գույքի միասնական հարկ,
• ներդրվելու է գույքահարկի արդարացի համակարգ` ապահովելով ավելի շատ գանձումներ բարձրարժեք գույքից:
Որակի ազգային ենթակառուցվածքի` եվրոպական ու միջազգային չափորոշիչներին ներդաշնակեցման գործընթացի իրականացումը կշարունակի մնալ առանցքային բարեփոխումների շրջանակում` արդյունքում ապահովելով տեղական արտադրողի և արտահանողի համար մրցունակ արդյունք թողարկելու անհրաժեշտ նախապայմաններ, իսկ սպառողի համար` անվտանգ և որակյալ սպառում ունենալու հարթակ: Այս առումով նախատեսվում է`
• տեղական արտադրանքի եվրոպական և միջազգային չափանիշների համապատասխանության ապահովման նպատակով վերանայել ոլորտի օրենսդրությունը.
• կայացնել միջազգային գործելակերպում ընդունված չափանիշներին լիովին համապատասխանող ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման նոր ազգային մարմինները,
• վերանայել գործող տեխնիկական կանոնակարգերը՝ արտադրանքի ավելի մեծ անվտանգություն ապահովելու և սպառողների իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից:
3.2.2. Ֆինանսական միջնորդությունը
Տնտեսական զարգացման համար էական է ֆինանսական միջնորդության ավելացումը, որը հնարավորություն է տալիս ներքին խնայողություններն ուղղորդելու արդյունավետ ներդրումներին: Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ֆինանսական միջնորդության անցած տարիների ձեռքբերումների պահպանումը և ծավալների շարունակական մեծացումն առանցքային են ներքին ռեսուրսների հաշվին տնտեսական աճի ապահովման գործում: Չնայած վերջին տարիներին արձանագրված զգալի աճին՝ զարգացած տնտեսությունների համեմատ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգը դեռևս փոքր է և լիարժեքորեն չի իրականացնում ներքին խնայողությունները ներդրումների փոխարկելու՝ իր հիմնական առաքելությունը: Ստվերային տնտեսության կրճատումը, ներքին խնայողությունների ձևավորումն ու ուղղորդումը ֆինանսական համակարգ հնարավորություն կտա բազմազանեցնել և զարգացնել ֆինանսական գործիքներն ու շուկաները՝ միաժամանակ ֆինանսական ռեսուրներն ավելի հասանելի դարձնելով ներդրումների համար: Այս ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն աջակցելու է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին և ֆինանսական միջոցներն ուղղորդելու է տնտեսության որակական կառուցվածքի բարելավմանը:
Առաջնորդվելով այս սկզբունքներով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ, կառավարության գործողությունների արդյունքում`
• ընդլայնվելու է ֆինանսական ծառայությունների շրջանակը և բարձրացվելու է դրանց հասանելիությունը (լիզինգ, արտահանման ֆինանսավորման գործիքներ, սկսնակ բիզնեսների ֆինանսավորում, ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում և այլն),
• ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող՝ մատչելի պայմաններով վարկավորման ծավալները, իրականացվելու են գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցառումներ,
• պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը,
• նպատակաուղղված քաղաքականությամբ ֆինանսական շուկայում ապահովվելու է նոր մասնակիցների` ներդրումային հիմնադրամների մուտքը ֆինանսական համակարգ, որոնք հասարակությանը կմատուցեն ոչ միայն նոր ծառայություններ, այլև կստեղծեն նոր աշխատատեղեր,
• խրախուսվելու է վարկային և ապահովագրական կազմակերպությունների դերի հետագա աճը, ինչպես նաև արժեթղթերի շուկայի աշխուժացումը,
• մատչելի բնակարանաշինության ֆինանսավորման նպատակով խրախուսվելու են ներդրումներն Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերում՝ միաժամանակ, սուբսիդավորելով սոցիալական խմբերի համար հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը
• ավելացվելու է հիփոթեքային վարկերի հասանելիությունը:
Այս միջոցառումների արդյունքում նախատեսվում է տարեցտարի բարձրացնել տնտեսությունում իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանը:
3.2.3. Բյուջետային համակարգը
Բյուջետային համակարգը և դրա կառավարումը կարևոր են թե՜ արդյունավետ ծախսային քաղաքականության, թե՜ իշխանությունների հանրային հաշվետվողականության առումով:
Քանի որ զարգացող տնտեսությունը դեռևս կարիք ունի աջակցության, իսկ տնտեսության հարկաբյուջետային խթանման հնարավորությունները սահմանափակված են պարտքի կայունության խնդրով, հարկաբյուջետային քաղաքականության գերխնդիրը դրանց խելամիտ հաշվեկշռումն է։ Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը բյուջետային քաղաքականության առավել կարևոր ուղղություններ է համարում՝
• միջազգային շուկաներում անորոշությունների մեծացման պայմաններում
տնտեսական իրավիճակին համապատասխան հարկաբյուջետային ցուցանիշների ծրագրավորումը և ճկուն հարկաբյուջետային քաղաքականության իրականացումը,
• հիմնականում ներքին ռեսուրսների օգտագործման վրա հիմնված հարկաբյուջետային քաղաքականության վարումը և դրամավարկային քաղաքականության հետ արդյունավետ կոորդինացման միջոցով թիրախային արդյունքների ապահովումը:
Մասնավորապես`
• շարունակվելու է պետական եկամուտների հավաքագրման վարչարարության արդյունավետության բարձրացումը, որը կլինի եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկը: Դրա շնորհիվ համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետական բյուջեի հարկային եկամուտների մակարդակը կավելանա տարեկան միջին հաշվով 0.3-0.4 տոկոսային կետով,
• պետական ծախսերի ֆինանսավորումը փոխառու միջոցներով իրականացվելու է շահավետ պայմաններով ներգրավված ներքին և արտաքին վարկերի հաշվին։ Պետական բյուջեի պակասուրդի արդյունավետ կառավարման շնորհիվ պետական պարտքը կպահպանվի տնտեսության զարգացման համար անվտանգ միջակայքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է պետական միջոցներն արդյունավետ, նպատակային և թափանցիկ ծախսելը:
Այս առումով`
• ծախսերի փաստացի կատարումն իրականացվելու է սահմանված երկա-
րաժամկետ-միջնաժամկետ ծախսային գերակայություններին համապատասխան: Բյուջետային ռեսուրսները պետք է վերաբաշխվեն դեպի առավել բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը,
• Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է ծրագրային բյուջետավորման ներդրման բարեփոխումները և պատրաստ կլինի ծրագրային բյուջետավորմանը` մասնակի անցման համար 2016 թվականից, իսկ ամբողջական անցման համար` 2018 թվականից: Արդյունքում այն կլինի իրավական հիմքերով ապահովված գործուն համակարգ,
• լիարժեք գործելու է գնումների առցանց ավտոմատ համակարգը, որը հնարավորություն է տալու հասարակությանն ու տնտեսավարողներին հսկելու գնումների վերաբերյալ հայտարարությունները և բոլոր ընթացակարգերը` նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը,
• Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակելու է միջոցներ ձեռնարկել բյուջետային գործընթացների թափանցիկության և կատարման ընթացքի նկատմամբ մասնագիտական ու հանրային հսկողության աստիճանի բարձրացման համար,
• շարունակվելու է ֆինանսական կառավարման և հսկողական համակարգերի
բարելավումը, մասնավորապես, ներքին աուդիտի համակարգի ամբողջական ներդրում, ֆինանսական պատասխանատվության ինստիտուտի հզորացում, ֆինանսական վերահսկողական գործառույթների կենտրոնացում և մեկ միասնական ֆինանսական տեսչության ստեղծում,
• բարձրացվելու է պետական մարմինների բյուջետային ինքնուրույնության ու պատասխանատվության աստիճանը։
3.2.4. Տնտեսության հիմնական ճյուղերը
3.2.4.1. Արդյունաբերությունը
Տնտեսության դիվերսիֆիկացման ու մրցունակության բարձրացման, կառուցվածքի որակական վերափոխման և, այդպիսով, կայուն զարգացման նախադրյալների ձևավորմանն է ուղղվելու արտահանման վրա հիմնված արդյունաբերական քաղաքականության շարունակականությունն ապահովող գործողությունների համալիրը: Կշարունակվի մասնավոր հատվածի ուղղակիորեն ներգրավումը ճյուղային արդյունաբերական քաղաքականության մեջ` համատեղ ձևավորված երկխոսության միասնական հարթակի միջոցով ընդլայնելով առավել հեռանկարային ճյուղերի թիվը, որոնց յուրաքանչյուրի համար կստեղծվի առանձնահատուկ գործիքակազմ, և կսահմանվեն փոխադարձ պարտավորություններ:
Այս տեսլականի իրագործումը պահանջում է փուլային մոտեցում՝ ենթադրելով աստիճանական անցում ռեսուրսաինտենսիվ արտադրություններից դեպի ունակությունների և հմտությունների վրա հիմնված, և, այնուհետև, բարձր տեխնոլոգիական արտադրությունների: