Լրահոս

17.05.2013 11:42


Վարդան Օսկանյան. «Ժողովրդի մեծամասնությունը ակնհայտորեն փոփոխություն էր ցանկանում»

Վարդան Օսկանյան. «Ժողովրդի մեծամասնությունը ակնհայտորեն փոփոխություն էր ցանկանում»

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ հանդիպման էի Վաշինգտոնի Կարնեգի հիմնադրամում, որտեղ հանդես եկա Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ ելույթով: Դրան հաջորդեց հարցուպատասխան-քննարկում մի շարք վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ: Ելույթում հետևյալ հիմնական շեշտադրումներն արեցի.

Հայաստանում ավարտվեց ընտրական շրջանը, որը մեկնարկել էր 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններով, շարունակվել 2013թ. փետրվարի նախագահական ընտրություններով և ուղիղ մեկ տարի անց ավարտվել Երևանի ավագանու ընտրություններով: Երեք ընտրություններն էլ քաղաքական դաշտում կառուցվածքային որևէ փոփոխության չհանգեցրին: Ի՞նչ եզրակացություն կարելի է անել այս ընտրություններից.
- Ժողովրդի մեծամասնությունը ակնհայտորեն փոփոխություն էր ցանկանում և այդ նպատակով էլ գնաց ընտրությունների:
- Մենք դեռևս պատրաստ չենք անցկացնել ազատ և արդար ընտրություններ:

Հաջորդ չորս-հինգ տարիները լինելու են առանց ընտրությունների, սակայն ոչ առանց խնդիրների, մտահոգությունների և մարտահրավերների ժամանակաշրջան: Անկասկած՝ լինելու է ժամանակի դեմ մրցավազք, որովհետև.

- ժողովուրդը կորցնում է համբերությունը: Նման իրավիճակում հնարավոր են ամեն տեսակի անկանխատեսելի զարգացումներ, որոնց կարիքը Հայաստանը բացարձակապես չունի.
-Բնակչության մի ստվար հատված պատրաստ է հեռանալ երկրից: Քաղաքական-տնտեսական իրավիճակից բխող այս խնդիրը լրջագույն սպառնալիք է երկրի ազգային անվտանգությանը:
- Հայաստանը կորցնում է մրցունակությունը տարածաշրջանում:
- Վերջապես, մենք խնդիր ունենք շահել հարատև խաղաղությունը և գիտենք, որ Ադրբեջանը խնդիր է դրել շահել պատերազմը: Թե մեր երկուսից որը կկարողանա պարտադրել իր տարբերակը, կախված է նրանից, թե մենք ինչպես կդիմագրավենք վերոնշյալ մարտահրավերները:

Մենք բոլոր ասպարեզներում, բնականաբար, լուրջ խնդիրներ ունենք:

Ներքին քաղաքականություն

1. Անհրաժեշտ է վերացնել քաղաքական մենաշնորհը և Հայաստանի քաղաքական համակարգում հակակշիռներ ստեղծել: Գալիք ժամանակաշրջանի համար դա պետք է լինի ներքաղաքական դաշտի կարևորագույն խնդիրներից մեկը:

2. Անհրաժեշտ է հասնել ընդդիմության համախմբման, որը և կարող է նպաստել վերոնշյալ խնդրի լուծմանը: Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք ընդդիմության և իշխանության մեր ընկալումները: Պետք է կարողանանք ձերբազատվել խորհրդային ընկալումներից ու կարծրատիպերից և առողջ քաղաքական դաշտի այս երկու մասնիկներին տանք իրենց համարժեք բնութագրումն ու դերակատարումը:

3. Անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում ձևավորել համապետական քաղաքական օրակարգ, որն անպայմանորեն ենթադրում է ընտրական օրենսգրքի բարեփոխումներ և անհրաժեշտության դեպքում՝ սահմանադրական փոփոխություններ: Այստեղ իշխանությունները նույնպես պետք է տեսնեն իրենց շահը և ակտիվ մասնակից դառնան այդ օրակարգի թե՛ մշակմանը, թե՛ իրականացմանը:

Տնտեսություն

Ինչպես աշխարհի այլ երկրներում, Հայաստանում ևս մենք պետք է ունենանք «խնայողություն, թե աճ» տնտեսագիտական բանավեճը՝ վստահ լինելով, որ հաղթող կլինեն աճի կողմնակիցները: Ժամանակի դեմ մեր մրցավազքի պայմաններում Հայաստանը տնտեսական զարգացման այլ տարբերակ պարզապես չունի: Կառավարության տնտեսական քաղաքականությունը՝ իր բոլոր հնարավոր բաղադրիչներով և լծակներով, պետք է միտված լինի երկրում տնտեսական աճի ապահովմանը, աշխատատեղերի ստեղծմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հավակնոտ այս մոտեցումը իշխանություններին կպարտադրի իրականացնել տարիներով ձգձգվող կառուցվածքային լրջագույն բարեփոխումները` հարկային, ֆինանսական և այլ ոլորտներում:

Արտաքին քաղաքականություն

Այստեղ պատկերը նույնպես հուսադրող չէ: Ղարաբաղյան բանակցային գործընթացը այսքան խոր փակուղում երբևէ չի եղել, իսկ դրանից դուրս գալու հեռանկարը չի երևում: Սա մտահոգիչ է բոլորի համար, քանի որ այս իրավիճակի ձգձգումը կարող է անկանխատեսելի զարգացումների հանգեցնել: Հարկավոր է հստակեցնել՝ որն է բանակցային ներկա փաստաթուղթը, որը բոլոր կողմերը կընդունեն որպես բանակցությունները սկսելու հիմք: Նույնը կարելի է ասել հայ-թուրքական հարաբերությունների մասին: Երբեք կողմերը միմյանց նկատմամբ այսքան սառը և անտարբեր չեն եղել: Այս իրավիճակը նույնպես պետք է փոխվի:

Մեր առջև ընտրություն է դրվելու Եվրոպական Միության և դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միության միջև: Արդյոք դա պետք է լինի ընտրությո՞ւն, թե՞ այսօրվանից պետք է այս երկուսի հետ մեր ներգրավվածությունը դիտարկենք որպես իրար փոխլրացնող գործընթացներ և երկուսից էլ հնարավորինս օգտվենք:

Վերջապես, ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք առավել խորացնել հայ-վրացական հարաբերությունները՝ դրանք տեղափոխելով այնպիսի հարթություն, որը հնարավորություն կստեղծի երկու երկրների միջև սկսելու լրջագույն ինտեգրացիոն գործընթացներ:

Ելույթս ամփոփելով՝ ես անդրադարձա հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նշելով, թե ինչ կետում են այսօր դրանք գտնվում.
1. Երկկողմ որևէ նոր պայմանագիր չի ավելացել:
2. Գնալով կրճատվել է Միացյալ Նահանգների օգնությունը Հայաստանին, մինչդեռ դրա կարիքն ավելի է զգացվում հատկապես ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտներում:
3. Փակվել է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, որը էապես կարող էր նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը:
4. Միացյալ Նահանգները որևէ հաջողություն չի արձանագրել ինչպես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, այնպես էլ Ղարաբաղյան կարգավորման հարցերում:

Այս ամենը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է վերանայել հայ-ամերիկյան հարաբերությունները և ճանապարհներ որոնել դրանց նոր թափ և բովանդակություն հաղորդելու համար, մանավանդ, որ ԱՄՆ-ը կարող է լուրջ հետաքրքրություն ունենալ հենց այս օրակարգի նկատմամբ, որը իմ ելույթում ներկայացրեցի»:

Այս խորագրի վերջին նյութերը