Լրահոս

17.05.2013 00:05


Հայկական մշակութային օր Լիբանանի Քասլիկի համալսարանում

Հայկական մշակութային օր Լիբանանի Քասլիկի համալսարանում

Մայիսի 14-ին Քասլիկի համալսարանի հայ ուսանողների նախաձեռնությամբ Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի եւ Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպվեց հայկական մշակութային օր:

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայկազյան համալսարանի Սփյուռքի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դակեսյանը, Քասլիկի համալսարանի ուսանողների հարցերով բաժնի փոխտնօրեն Խալիլ Աբուդը

Դեսպան Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ արվեստին:

Անդրանիկ Դակեսյանը խոսեց լիբանանահայության եւ նրանց դերի մասին հայ-լիբանանյան պատմական առնչությունների շառավիղում:

Համալսարանի տարածքում կազմակերպվեցին ցուցահանդեսներ՝ հայ ոսկերիչների, գորգագործների եւ արհեստավորների մասնակցությամբ:

Ձեռնարկին ներկա էին համալսարանի տնօրինությունն ու ուսանողները, ինչպես նաեւ Ազգային Եղիշե Մանուկյան վարժարանի 11-րդ եւ Համազգայինի Մելանքտոն եւ Հայկ Արսլանյան Ճեմարանի 10-րդ դասարանների աշակերտները:

Տեղեկանք. Քասլիկի համալսարանը հիմնադրվել է 1950 թվականին: Համալսարանի 11 ֆակուլտետներում ուսանում են աստվածաբանություն, փիլիսոփայություն, բիզնես, գյուղատնտեսություն, բժշկական եւ ինժեներական գիտություններ, իրավաբանություն, երաժշտություն, գեղանկարչություն:

Այս խորագրի վերջին նյութերը