Լրահոս

16.05.2013 12:39


Ստեփան Դեմիրճյան. «Իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է»

Ստեփան Դեմիրճյան. «Իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է»

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն այսօր հրավիրված ասուլիսում ասել է, որ երկիրը շարունակում է գտնվել համակարագային ճգնաժամի մեջ։

–Իսկապես երկրում գաղջ մթնոլորտ է, և այս պայմաններում վերանշանակվում է այն կառավարությունը, որի գործունեության ժամանակ աճել են արտագաղթը, աղքատությունը, գործազրկությունը։ Երկիրը աղետալի վիճակում է, և սա ամենևին չափազանցություն չէ։

Ըստ Ս. Դեմիրճյանի՝ առաջին հերթին պետք է փոխել այդ բարոյահոգեբանական, գաղջ մթնոլորը, իսկ դրա համար պետք է անցկացվեն ժողովրդավարական ընտրություններ, և ժողովուրդն իր կամքո՛վ ձևավորի իշխանությունը։

–Շատ ճիշտ տարբերակ էր Երևանի ավագանու ընտրություններին միասնական մասնակցելը, և միասնական ցուցակով մասնակցելու դեպքում ընդդիմությունն իսկապես հաղթելու էր՝ չնայած կեղծիքներին,–ընդգծել է ՀԺԿ նախագահը։

Նա նաև ասել է.

–Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններով իրավիճակը չի փոխվում։ Մենք մշտապես ուզեցել ենք փոփոխությունների հասնել խաղաղ ճանապարհով, սակայն ընտրական ինստիտուտները վերջնականապես ոչնչացված են։ Բայց մինևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ մեր ժողովուրդն ակտիվանում է հենց ընտրությունների ժամանակ, և հատկապես նախագահակա՛ն ընտրությունների հետ է իր հույսը կապում։ Ցանկալի տարբերակ է, որ ընտրություններով փոխվի իշխանությունը։ Մեզ մոտ ձևավորվել է հակառակ ավանդույթը։ Դա պետք է արմատախիլ արվի, և դա կլինի, եթե ամբողջ հասարակությունը պարտադրի՛ նորմալ ընտրություններ։

Ինչ վերաբերում է նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը, ՀԱԿ դաշինքին և ՀՀՇ–ին, Ս. Դեմիրճյանը նշել է, որ ՀԺԿ–ն շարունակում է համագործակցությունը թե՛ ՀԱԿ կուսակցության, թե՛ ՀԱԿ դաշինքի անդամ կուսակցությունների հետ.

–Իհարկե որոշ խառնաշփոթ կա։ Ֆորմալ առումով ՀԱԿ դաշինքը կա՛, և ԱԺ–ում խմբակցությունը ներկայացնում է ՀԱԿ դաշինքը։ Բայց փաստացի դաշինքը չի գործում։ Իսկ նորաստեղծ ՀՀՇ–ի հետ կապված, թող ստեղծվի, նոր կխոսենք։

Հարցին՝ ՀԺԿ–ն պատրաստվո՞ւմ է նախաձեռնել ՀԱԿ նոր դաշինք վերաձևավորումը, Ս. Դեմիրճյանը պատասխանել է.

–ՀԺԿ–ն չի քննարկում նոր ձևաչափեր, նոր դաշինք ստեղծելու հարցը։ Ժամանակը ցույց կտա։

Իսկ առհասարակ, նա վստահ է, որ թե՛ ՀԺԿ–ն, թե՛ ողջ ընդդիմությունը պետք է փորձի նոր լիցք հաղորդել իր գործունեությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը