Լրահոս

15.05.2013 19:15


Կոչ Մշակույթի նախարարությանը

Կոչ Մշակույթի նախարարությանը

ՀՀ մշակույթի հարգարժան նախարար Հասմիկ Պողոսյա՛ն, նախարարության սիրելի աշխատակիցնե՛ր.

Կարծում եմ` հարկավոր է քայլեր ձեռնարկել այն ուղղությամբ, որ իրոք բարձրակարգ երգիչներն ու երգչուհիները ձեռնպահ մնան գումարի համար «կիսաքյաբաբ» տեղերում երգելուց:

Հասկանալի է, որ դրան հասնելու առաջին քայլը պետք է լինի բարձրորակ երաժշտության քարոզումը, ինչին ուղղված միջոցառումներ որոշակի չափով իրականացվում են: Բայց բարձրաճաշակ երաժշտություն լսողների թվի նկատելի աճ կարծես չկա...

Ակնհայտ է, որ խնդրի լուծման համար այլ քայլեր պետք է կատարվեն: Կարելի է, օրինակ, որոշակիորն խրախուսել, ասենք, ջազի կամ ռոքի պրոպագանդան` Երևանում այս ուղղություններից յուրաքանչյուրի համար ստեղծելով մեկական մեծ ակումբ (կարող ենք անունը դնել սրճարան կամ այլ կերպ, դա կարևոր չէ): Կարելի է խրախուսել գործարարներին, որպեսզի օժանդակեն դրանց ստեղծմանը:

Այդ դեպքում երաժշտական այդ ուղղությունների տաղանդավոր ներկայացուցիչները կունենան իրենց արվեստը ներկայացնելու և գումար վաստակելու ավելի լավ, իրենց համար հաճելի հարթակ, իսկ ջազի և ռոքի սիրահարները, վստահ եմ` անպայման կայցելեն այդ վայրերը` լսելու հաճելի երաժշտություն:

Ինչպե՞ս է ամեն տարի մայրաքաղաքում` Էրեբունի-Երևանի օրը. միաժամանակ տարբեր այգիներում հնչում է տարբեր ոճի երաժշտություն. երևանցին այդ օրը գիտե, թե ուր գնա` իր սիրած երաժշտությունն ունկնդրելու:

Հրաշալի կլինի, որ այդպես լինի ամեն օր...

Նշվածը պարզապես մի տարբերակ է: Ցանկալի է, որ նախարարությունը լրջորեն զբաղվի այս հարցի քննարկմամբ: Ուժերիս ներածին չափով պատրաստ եմ աջակցել: Կարելի է քննարկումներ կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների հետ:

Շնորհակալությու՛ն:

Գարեգին Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը