Քաղաքական

15.05.2013 16:07


Լևոն Զուրաբյանը ԲՀԿ–ի, Ծառուկյանի հայտարարության և ՀԱԿ–ի դիրքորոշման մասին

Լևոն Զուրաբյանը ԲՀԿ–ի, Ծառուկյանի հայտարարության և ՀԱԿ–ի դիրքորոշման մասին
Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, ասել է` քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով:
Զուրաբյանի խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել, Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանել է ՀԱԿ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք նախաձեռնություններ, խորհրդարանական եւ հատկապես Երեւանի ավագանու ընտրություններում համախմբված պայքարել է ընտրակեղծարար մեքենայի դեմ:
«Բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն այսօր իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ: Եթե դրանից հետո իրենք խնդիր ունեն իրենց ընդդիմադիր կոչելու հետ, դա մի պրոբլեմ է, որին իրենք պետք է պատասխան տան»,-ասաց Զուրաբյանը` մանրամասնելով.
«Միգուցե կան քաղաքագիտական նրբություններ, որոնք այնքան էլ լավ չեն հասկացվում: Բայց եթե ես փորձում եմ նայել այս գործընթացին անաչառ հայացքով, կներեք, կոչել ԲՀԿ-ն այլ բան, քան ընդդիմադիր ուժ, ուղղակի հնարավոր չէ»:
ՀԱԿ-ը արմատական ընդդիմություն է, բայց բոլոր ուժերը չէ, որ նման կեցվածք ունեն. ԲՀԿ-ն տատանվում է կոնֆորմիզմի եւ ընդդիմանալու միջեւ, բայց դրանից նրա ընդդիմադիր լինելը չի նվազում, կարծում է Զուրաբյանը:
«Դա բնական պրոցես է: Այդ վարքի համար պատասխանատու է միայն ինքը` ԲՀԿ-ն», - նշել է ՀԱԿ-ի փոխնախագահը:
Զուրաբյանն ասել է` Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո էլ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվելու է, ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում չեն տապալվել:

Այս խորագրի վերջին նյութերը