Լրահոս

14.05.2013 16:29


Սուրիկ Ասմարյան. «Խնդիրը համապետական է»

Սուրիկ Ասմարյան. «Խնդիրը համապետական է»

Հարցազրույց Արմավիր գյուղի բնակիչ, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր և ՀՀ գյուղնախարարի նախկին օգնական Սուրիկ Ասմարյանի հետ

–Այս մայիսի 12–ին տեղացած կարկուտը որքա՞ն վնաս է հարցրել մասնավորապես ձեր գյուղին։

Արմավիրի մարզի Արմավիր գյուղի վարչական տարածը մոտ 800 հա է, որից այգիներ ու բանջարանոցներ (տնամերձներ, սեփականության տարածքներ) են մոտ 650-ը: Ապրում է 3756 մարդ: Կան 500-ից ավել մանր, փոքր և խոշոր ֆերմերային տնտեսություններ: Որքան վնաս է կրել կարկտային աննախադեպ աղետից, կարող է ասել միայն մարզային Վիճվարճությունը, որտեղ կա, թե նախորդ տնտեսական տարում, կոնկրետ Արմավիր գյուղում ինչ կուլտուրաններ և որից քանի հա է մշակվել, որքան բերք է ստացվել, ըստ այդմ՝ շուկայական գներով դրանցից տարեկան հաշվարկով գյուղացու եկամուտները որքան են կազմել: Բայց գուղացիներս գիտենք, թե որ կուլտուրայից տարեկան որքան եկամուտ ենք ստանում. օրինակ՝ խաղողի մեկ հա–ից արմավիրցին ստանում է 3-5, քիշմիշից` 10-12, իսկ իծապտուկից` 8-10 հազ., ձմերուկ-սեխից՝ 6-12 հազ., ցորենից՝ 800-1200 դոլարի համարժեք դրամ եկամուտ: Արմավիր գյուղում 1991թ.-ից ձևավորվել են 650-ի հասնող գյուղացիական տնտեսություններ (խոշորացման հաշվին դրանց թիվը կրճատվել է): Փոքր տնտեսությունները տարկան ունենում էին 2000 դոլարի, միջինները` 5–7 հազարի, իսկ խոշորները՝ 12-20 հազար դոլարների հասնող եկամուտ։ Բնականաբար՝ այս տարի կարկուտը հասցրել է նույնքան վնաս: Արմավիր գյուղում 2013թ. խաղող չի լինելու, բերքը հավասար է զրոյի, ուրեմն զրո է այգեգործի եկամուտը: Գյուղը տալիս է ՀՀ կեռասի արտադրության 40-50 տոկոսը, նաև մեծաքանակ չափերով, մեկ կիլոգրամը 800-1200 դրամով, գյուղացին վաճառում էր արտահանողներին, սրանք էլ արտահանում էին ՌԴ: Արմավիրը զրկվել է իր կեռասից, ծիրանից, դեղձից, ցորենի 70-80 տոկոսից, բոստան-բանջարանոցային կուլտուրաների 100 տոկոսից, այլ մրգերից: Ինչ պտուղ էլ մնացել է, կա՛մ խիստ վնասված է, կա՛մ այլևս ապրանքային տեսք չունի։

–Թեև Արավիր գյուղում հակակարկտային կայան չկա, բայց նախատեսված էր, որ հարակից գյուղերի կայանները պետք է սպասարկեին նաև ձեր գյուղը։ Սակայն ինչպես հայտնի է, Արարատյան դաշտի գրեթե բոլոր հակակարտային կայանները այդ օրը չեն գործել։ Սա ինչպե՞ս կարելի է բացատրել։

–Իսկապես որ, գյուղում տեղակայված չեն հակակարկտային կայաններ: Դրանք հիմնականում տեղակայված են «տերով» գյուղերում, որտեղ գյուղացու համար հոգացել են տեղի պատգամավորները կամ ՏԻՄ մարմինները: Արմավիր գյուղը այս առումով անտեսված է։ Սա՝ առաջին: 2-րդը՝ մեկ հակակարկտային կայանը սպասարկում է 70-80 հեկտարի (իրենց ասելով), իսկ Արմավիր գյուղին անհրաժեշտ է 7-8-ը կայան, այսինքն՝ 10-15-ը միլիոն դոլար, ինչի մասին գյուղապետարանը միայն երազել կարող է: Եվ հետո՝ ո՞ւր է անտեր գյուղերին տեր, որ այդքան գումարներ հատկացնեն, երբ գյուղապետարանը հազիվհազ մանկապարտեզ է կարողանում պահել: Ի դեպ ճիշտ են ասում, որ մոծակի տեսք ունեցող այս կայանները կարկտաբեր ամպերին հասցնում են միայն մոծակի խայթոց՝ ցրում են մեկ տեղից մյուսը՝ ավերելով հարևան գյուղերը: Քանի դեռ չկային այս կայանները, օրինակ 1989թ. մինչև 2013թ., Արևմավիրի տարածաշրջանի վնասները 15-20 տոկոս էր, իսկ հիմա, երբ դրանց թիվը հասել է 100-ի, վնասը 80-100 տոկոս է։

–Տարօրինակ չէ՞, որ հենց այդ 30 րոպեի ընթացքում հակակարկտային բոլոր կայանները միասին հոսանքազրկվել են, ինչպես որ ասվում է։

–Ես իմ տնից հետևում էի ամպերի կուտակմանն ու դրանց չարագուշակ դղրդոցին, թե՝ հայե՜ր, գալիս եմ ավերելու ձեր սրբազան Արարատյան դաշտը, կարո՞ղ եք՝ տե՛ր կանգնեք...։ Պետք է աշխատեին նախօրոք, բայց դրանցից ընդամենը մի քանիսը կրակ բաց արեցին, երբ երևացին առաջին անձևի կաթիլները, և ով զարմանք՝ գյուղը հոսանքազրկվեց, անջատվեցին հեռախոսներն ու բջջայինները, և ընդամենը հաշված վայրկյաններում երկինք ու երկիր կործանվեց Արմավիրի տարածաշրջանի, նաև իմ գյուղի վրա...։ Սա տարերային աղետ է, սա սոսկ կարկուտի խփելու հետևանք չէ, քանի որ հավասարապես գյուղերի գլխին լցվեց միլիոնավոր տոննաների հասնող պղտոր ջուր. լցվել են տները, գոմերը, մառանները։ Օրինակ իմ ու 89-ամյա հարևանուհուս ապահով տանիքներից տները լցվեցին կարկուտի կույտերով փակված տանիքների վրա հավաքված հսկայակ անձրևաջրերը։ Ասեմ նաև, որ հոսանքն անջատվեց, և բջջայիններն էլ չէին աշխատում. թող որ քրեականը դրանով զբաղվի: Այո, ցերեկվա ժամը 13։07-ից մինչև ժամը 15։15 րոպեն Արմավիր գյուղում անջատվեց հոսանքը, չկար բջջային կապ:

–Գյուղացիները ստեղծված իրավիճակից ի՞նչ ելք են տեսնում և որոշակի ո՞ւմ են մեղադրում։

Հայաստանը, նամանավանդ Արարատյան դաշտը՝ մթերքների շտեմարանը, գտնվում է գյուղատնտեսության վարման ռիսկային գոտում, և գործող հակակարկտային կայանների հարցը ունի խորքային քննության խնդիր: Առաջին իսկ լուրջ վտանգի պահին հակակարկտային հայկական ռեկլամավորվող սարքերը ի ցույց դրեցին իրենց անորակությունն ու անպիտանությունը: Պետք է անձնագրավորել, թե ո՞վ կամ ո՞վքեր են այդ մոծակներին լիցենզավորել, ինչո՞ւ գյուղնախարարությունը հրաժարվեց արգետինական և ֆրանսիական հզոր հակակարկտային ագրեգատներից, և ինչո՞ւ երկիրը լցրեցին այս մոծակներով: Իսկ մեղադրում են անգութ տեր Աստծուն, մեղադրում եմ բնագավառի հասարակական կառույցներին, որ գյուղբնագավառի խնդիրներն ու հիմնահարցերի լուծումը խեղաթյուրել են՝ իշխանավորից պարարտանյութ, թունաքիմակատ, կոմբայն, տրակտոր, ձրի ոռոգման ջուր են ուզում։ Առաջին անհրաժեշտության խնդիր է վերանայել ագրոգյուղատնտեսական ողջ բնագավառը, քանզի 1991թ. հունվարից այս կողմ կատարվել են կոսմետիկ փոփոխություններ, այսինքն Տնտեսական ռեֆորմի հարցերի հարցը պետք լինի գյուղացիական տնտեսությունների բերքի ապահովագրության խնդիրը:

–Բայց կառավարությունը պնդում է, թե դեմքով շրջվել է դեպի գյուղը։

Հողը գյուղացուն տալու կամ հողի սեփականաշնորհման 22 տարիների ընթացքում այդպես էլ չստեղծվեց գյուղացու և նրա բերքի ապահովագրական դույզն–ինչ համակարգ: Ո՞վ էր այն ստեղծելու: Գյուղացինե՞րը, գյուղացիական տնտեսություննե՞րը, թե՞ կառավարությունը: Իհարկե` կառավարությունը։ Գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում բարձիթողի կամ զրոյական վիճակ է: Երբ առատ բերք կա, ուռա՜ են գոչում մեր կառավարությանը, երբ աղետ է, մեղադրում են գյուղացուն։ Նախաձեռնողը, իհարկե, պետք է լինի բարեփոխիչների համբավ ունեցող մեր կառավարությունը՝ հանձինս Գյուղնախարարության, օրենսդրական նախաձեռնության լիազորություններով օժտված Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի: Հակառակ դեպքում կկարկտահարվի թե՛ գյուղացու բերքը, և թե՛ քաղաքացիների գրպանը՝ թանկ ու կրակ մթերքներ ձեռք բերելով։ Մեղավորներ փնտրելը հարցի լուծում չէ, խնդիրը համապետական է։ Եվ քանի որ այն անմիջապես առնչվում է երկրի պարենային անվտանգությանը, նախ կառավարությունը տեղատարափ կարկուտից տուժած տարածարշանները (գյուղերը) պետք է հայտարարի աղետից տուժած գոտի, մշակվեն աղետի հետևանքները վերացնելու համապարփակ միջոցառումներ, և քանի որ մեր կառավարությունն և բյուջեն միջոցներ չունեն 100–հազարավոր դոլարներ հատկացնել տուժած գյուղացիական տնտեսություններին, բնագավառը սպասարկող կառույցներին ու ենթակառույցներին, կառավարությունը պետք է դիմի միջազգային համապատասխան կառույցներին` աղետից տուժած շրջանների գյուղերի գյուղացիությանը հումանիտար հասցեական օգնության կոչերով։

–Այժմ գյուղացիները ի՞նչ վիճակում են։ Արդյոք գյուղում լարվա՞ծ իրավիճակ է։

Գյուղացիների վիճակից եք հարցնում... իրենք դրան ավելի բնորոշ պատասխան են տալիս՝ մեռած ենք, թաղած չենք: Հարյուր–հազարավոր ընտանիքներ զրկվել են եկամուտներից ու ապրելու միակ միջոցից՝ բերքից: Որպեսզի պատկերացում կազմեք, թե որն է վիճակի գնահատականը, պետք է մտնել հայկական ցանկացած գյուղ... 12 ամսից գյուղացին լավից-վատից կուշտ է 8 ամիսը, 4-ը` կիսանոթի վիճակ է: Դե հիմա պատկերացրեք, որ ոչնցացել են 8 ամիս կուշտ լինելու հույսերը ևս:
Արմավիրի գյուղացիները, ի տարբերություն ղալմաղալչի այլ գյուղերի, գյուղապետի հորդորով գյուղ են կանչել մարզպետին և գյուղնախարարին ու գյուղացու միամտությամբ հավատացել են, որ մեր հարազատ պետությունը կարկտահարված–աղետյալ գյուղացուն այսօրվա անելանելի վիճակում մեն-մենակ չի թողնի:

–Պատկան մարմինները վստահեցնում են, թե գյուղացիներին անպայման փոխհատուցում կտրվի։ Արդյոք վստա՞հ եք, որ այդ փոխհատուցումը վնասի չափին համարժեք կլինի։

Տառապանքս փորձ ունի: Մի քանի անգամ ասել եմ, որ պարարտանյութ, թունաքիմիկատ, կոմբայն, տրակտոր կամ ձրի ոռոգման ջուր տալը սոսկ առաջին անհրաժեշտության միջոցառումներ են: Գյուղացին անցած տարիներին դույզն–ինչ փոխահատուցում չի ստացել և համակեպվել է այն մտքի հետ, որ ապրում ենք աղքատ երկրում, որի պետբյուջեում գյուղացիության համար ոչ մի կոպեկ նախատեսված չէ։ Հիմնահարցը վարկերն ու դրանց տոկոսներն են: Տուժած գյուղացիները պետք է ազատվեն թե՛ վարկերի, և թե՛ դրանց տոկոսադրույքների մարումից: Այ, սա՛ կլինի իսկական պետական օժանդակություն, քանզի դրամներից ու դոլաներից, այդ թվում գյուղացիների վարկային տոկոսներից և կապիտալից տրաքող մեր բանկերը դրանից չեն աղքատանա: Ոռոգման ջուրը պետական մոնոպոլիա է՝ կառավարությունը պետք է 2013թ. համար զիջի թե՛ ոռոգման ջրի վարձավճարը՝ ջուրը տան ձրի, և թե՛ հողի հարկը:
Յուրաքանչյուր տնտեսությանը գոյատևելու համար անհրաժեշտ է հատկացնել 1000-1200 դոլարին համարժեք դրամ, տուժած գյուղերի ուսանողների վարձերը պետք զեղչվեն, գյուղնախարարությունը ՀՀ միջազգային կառույցների օժանդակությամբ պետք է կազմակեպի կրկնացանքի և մշակության ծախսերի տրամադրում (եղել են այդպիսի շատ դեպքեր)։ Ամերիկացիները ունեին Հայաստան որակյալ և վաղահաս ձմերուկի, սեխի, սխտորի, լոլիկի, եգիպտացորենի, սմբուկի, բանջարեղենների սերմեր ներկրելու և հասցեկանա բաժանման գերազանց փորձ: Ինչո՞ւ կրկին չդիմել նրանց, չէ՞ որ բնագավառի «նայողը» ահա 20 տարի է՝ ամերիկացիներն են:
Համալիր այս միջոցառումները կարող են մեղմել աղետի մատնված գյուղացիների վիճակը՝ կանխելով մի մեծ տարածաշրջանին սպառնացող հումանիտար աղետը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը