Լրահոս

14.05.2013 10:25


Հայ–ֆրանսիական բանակցությունների օրակարգում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Հայ–ֆրանսիական բանակցությունների օրակարգում էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը

Մայիսի 13-ին Փարիզում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորեց Էդվարդ Նալբանդյանին ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ ու ընդգծեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները գերազանց են, և այս այցելությունը լավ առիթ է ամփոփելու ձեռքբերումները և քննարկելու տարբեր բնագավառներում դրանց առավել զարգացման հնարավորությունները:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի և Փարիզ այցելելու հրավերի համար՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ֆրանսիային և Հայաստանին միավորում են առանձնաշնորհյալ հարաբերությունները, որոնք խարսխված են հայ և ֆրանսիացի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա, և բնական է, որ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելուց հետո նա իր առաջին այցելություններից մեկը կատարում է բարեկամ Ֆրանսիա:

Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկկողմ փոխհարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում, առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ձևավորված է լայն իրավապայմանագրային դաշտ, ֆրանսիական ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, ակտիվ համագործակցություն է ընթանում գիտակրթական և մշակութային ոլորտներում:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆաբիուսը ընդգծեցին տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Այդ համատեքստում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ Հայաստանը ողջունում է ֆրանսիական ներդրումների աճը և այդ ուղղությամբ նոր նախաձեռնությունները:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձան տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնելիք նախագահությանը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը, բարձր գնահատելով Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, անդրադարձ կատարվեց Իրանի միջուկային ծրագրին, սիրիական ճգնաժամի լուծման նպատակով ձեռնարկվող ջանքերին։

Այս խորագրի վերջին նյութերը