Տնտեսական

13.05.2013 10:14


Գյուղացիները փակել են ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով փոխհատուցում

Գյուղացիները փակել են ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով փոխհատուցում

Համահայկական երիտասարդական շարժումը հաղորդագրություն էր տարածել, որում հղում անելով սեփական աղբյուրին՝ նշվում է, որ նախօրեի ժամը 17:30-ի դրությամբ գյուղացիները փակել են Հոկտեմբերյան-Երևան ավտոմայրուղին։ Նրանք կառավարությունից պահանջում են կարկուտից գյուղացուն պատճառված վնասի փոխհատուցում:
«Aravot.am»-ը զրուցել է Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ Պետրոսյան Մելսիդայի հետ, ում ամուսինը նույնպես մասնակցել էր բողոքի գործողությանը: Տիկին Մելսիդան պատմել է, որ կարկուտը վնասել է ամբողջ բերքը՝ ոչինչ չի խնայել. «Մի ճյուղ չի մնացել: Ամուսինս գնացել է միանալու բողոքին։ Գյուղատնտեսության նախարարությունից փոխհատուցում ենք պահանջում, օգնություն, գյուղացու ձեռքը այլևս բան չի մնացել, հարյուր տոկոսանոց վնաս է հասցված։ Կարկուտը համ բաղերն ա վնասել, համ առվույտի դաշտերը, բանջարաբոստանային կուլտուրաները, նույնիսկ մոլախոտը գետնին ա հավասարացրել»,–ասել է տիկին Մելսիդան: Նա նաև պատմել է, որ ամբողջ գյուղն է այդ վիճակում, բոլորի պահանջն էլ ուղղված է կառավարությանը՝ գյուղացու կողքին կանգնելու և փոխհատուցում տրամադրելու, այլապես գյուղացուն ապրելու որևէ միջոց չի մնացել:

Այս խորագրի վերջին նյութերը