Լրահոս

10.05.2013 10:50


Քաղաքը ասես խռովել էր սեփական հաղթանակից ու օտարացել...

Քաղաքը ասես խռովել էր սեփական հաղթանակից ու օտարացել...

Պատերազմի մասին եթե ասեմ` շատ եմ գրել, սուտ կլինի: Բայց էն, ինչ կարողացել եմ հիշել, իմ հոգով անցկացնել, փորձել եմ փոխանցել թղթին։ Բայց մի խնդիր կա. պատերազմի մասին դժվար է գրել, հատկապես նրանց համար, ովքեր տեսել են այն՝ մարտի դաշտում, թե` իրենց տանը։ Հիմա՜ պատերազմի ավարտից գրեթե 20 տարի անց, մեզ` շատերիս համար պատերազմը դարձել է պատմության մի սովորական մասը, անցյալ, որ շատերի համար թերեւս միայն ֆիլմ է հիշեցնում։ Բայց ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր երբեւէ տեսել են պատերազմը, իրենց համար պատերազմը միշտ էլ իրենց ներսում է, այնտեղ` հոգու մի անկյունում թաքնված, ծնկի եկած, պատսպարված։ Պատերազմի «գինը» կարող են հասկանալ թերեւս միայն նրանք, ովքեր այդ պատերազմը տեսել ու շոշափել են, ապրել են.... Շուշիի ազատագրման առավոտս սկսել եմ ավանդույթի համաձայն։ Ուղղակի ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ հայրիկիս տոնը շնորհավորել եմ ոչ թե հեռախոսով, այլ` սքայփով... քույրիկիս հետ հայրիկի համար երգեցի «Это день победы» երգը եւ դուրս եկա տանից` Հաղթանակի զբոսայգի հասնելու համար։ Քաղաքում անդորր էր.... եւ տոնական օրվա ոչ մի հետք` մինչեւ Հաղթանակի զբոսայգի հասնելս, այդպես էլ չգտա։ Քաղաքում տխուր էր, փողոցները` մի տեսակ խռոված ու օտարացած.. եւ երկնքում հաղթանակի ոչ մի նշույլ չկար, ոչ մի հատիկ հաղթանակի նշույլ չէր թեւածում.... ու էդ օտարության ու խռովության զգացումը առանձին մարդկանցից չէր, այն ամենուր էր, այն ամեն անկյունում էր, ամեն խաչմերուկում։ Քաղաքը ասես խռովել էր սեփական հաղթանակից ու օտարացել...
Դատարկության զգացում կար ամենուր, կիսատության մի տենդ...
Հաղթանակի զբոսայգում տոնական տրամադրություններ էին ու քարացած հայացքներ։ Ծիսական մի բան կար այնտեղ կատարվող ամեն ինչում, ծիսական` ավանդույթի հասած մի բան, որ հետո վեր էր ածվել սովորության։ Եւ մի փոքրամարմանին ծերունի` կրծքին փակցրած մեդալներով, պարում էր, ու մարդիկ` սառած ու քարացած, օտարացած հայացքներով խմբվել էին նրա շուրջն ու ծափահարում էին.... Պապին ուրախ, գուցե նաեւ երջանիկ էր թվում, իսկ ես նրա պարելուց արտասվել էի ուզում։
Իսկ հեռավոր 1990-ականներին Ստեփանակերտում մենք փուչիկներով դուրս էինք գալիս փողոց եւ տոնական ժպիտներ էինք պարգեւում միմյանց, մենք դուրս էինք գալիս փողոցները` զգալու հաղթանակի շունչը։ Եւ որտե՞ղ կորավ մեր հաղթանակի զգացումը, չեմ հասկանում....

Այս խորագրի վերջին նյութերը