Քաղաքական

08.05.2013 16:09


Վարդան Օսկանյան. «Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել»

Վարդան Օսկանյան. «Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել»

«Մայիսի 5-ին կատարվածը դժվար է ընտրություն համարել»,–«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանը։

Պատգամավորը կասկածում է ընտրությունների արդարությանը, կատարվածի համար էլ, ասում է, ամաչել է պետք.

«Ինչպե՞ս բացատրեմ ես, որ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը չեն անցել։ Գուցե անցել են՝ չգիտենք։ Արդյունքը լավ է, թե վատ՝ ինչպե՞ս իմանամ ես, հաշվի առնելով այն, ինչ կատարվել է այդ օրը։ ՀՀԿ-ն հաղթե՞լ է, ի՞նչ իմանանք՝ հաղթել է։ Իրոք, այնպիսի բաներ է եղել այդ օրը, որ ասես, որ այդ արդյունքները իրոք ժողովրդական համակրանքի, հակակրանքի արդյունք են, սխալ կլինի։ Ես նույնիսկ կարող եմ ասել՝ ամաչելու բան է։ Ովքե՞ր էին այդ մարդիկ ընտրատեղամասերում, այդ երթուղայինները մարդիկ են բերում, ծերերին ուղղորդում են, հաշվելու ժամանակ ասվում է (մարդիկ պատմում են՝ ներկա են եղել)՝ գունավոր գրիչներով նշվածները, և բոլորը ՀՀԿ»։

Մանդատներ վերցնել-չվերցնելու հարցով «Բարգավաճ Հայաստանը» դեռ պաշտոնական որոշում չունի։ Հստակ է մեկ բան՝ ավագանու ցուցակի առաջին երեք համարները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանն ու Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, կհրաժարվեն ավագանու մանդատներից։

Բայց Օսկանյանի կարծիքով, ձեռքերը լվանալն ու ստացած բոլոր 17 մանդատներից հրաժարվելն էլ է սխալ։

«Իհարկե, զուտ քաղաքական տեսանկյունից կարելի է մտածել, որ միգուցե պետք չէ վերցնել, բայց վերջիվերջո ժողովրդի շահերից ելնելով՝ կարելի է մտածել, որ միգուցե այնտեղ լինելով՝ կարելի է շարունակել այդ խնդիրները ուշադրության կենտրոնում պահել, ճնշում դնել մեծամասնության վրա, ժողովրդի հետ հաղորդակցվել»,-մեկնաբանում է ԲՀԿ-ական պատգամավորը։

Ընտրությունների օրերին հաղորդումներ եղան, որ իրենց օգտին քվեարկելու համար կաշառատվության գործում Հանրապետականից հետ չի մնում «Բարգավաճ Հայաստանը»։

«Չեմ լսել,-այս մասին «Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը արձագանքել է Վարդան Օսկանյանը,–Ես միգուցե կտրված եմ եղել, չեմ կարողացել։ Ես որ չգիտեմ՝ ինչ է եղել։ Եթե եղել է, դա հավասարապես դատապարտելի է»։

Այս խորագրի վերջին նյութերը