Քաղաքական

08.05.2013 13:24


Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկել է Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության

Վճռաբեկ դատարանը ՀԱԿ ակտիվիստների գործն ուղարկել է Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության

Հենց նոր Վճռաբեկ դատարանը վերադարձել է խորհրդակցական սենյակից և որոշել է բեկանել ՀԱԿ կուսակցության ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը ու կրկին ուղարկել Վերաքննիչ դատարանի լրացուցիչ քննության:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Վճռաբեկ դատարանի այս որոշումը համարում է քաղաքական պատվեր.

Դատական ամբողջ համակարգը խամաճիկ է Սերժ Սարգսյանի ձեռքում։ Տարիներ շարունակ Սերժ Սարգսյանի հրահանգով այն ընդունել է քաղաքական որոշումներ, հիմա էլ որոշում են ընդունել՝ ելնելով ռեժիմի քաղաքական հաշվարկներից։ Մենք որևէ ակնկալիք չունեինք դատարանից, պարզապես մենք հավաքվել էին ասելու, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ և այս իշխանություններից, որոնք մի քանի օր առաջ էլ բռնաբարեցին ժողովրդի կամքը, ազատվելու ենք։ Կարող էին արդարացնել, բայց ոչ միայն չարեցին դա, այլև հետաձգեցին։ Նպատակը դամոկլյան սուրը մեր երիտասարդների գլխին պահելն է։ Բայց միևնույն է, ՀԱԿ–ի պայքարը շարունակվելու է մինչև հաղթական ավարտ,–ասել է Լ. Զուրաբյանը։

Սարգիս Գևորգյանը նույնպես վստահ է, որ Վճռաբեկ դատարանի այս որոշումը Սերժ Սարգսյանի անձնական ու քաղաքական շահերը սպասարկելու նպատակ ունի։

–Սերժ Սարգսյանը կայացրեց հերթական աբսուրդ վճիռը,–նշել է Ս. Գևորգյանը։

Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը 2–6 տարվա ազատազրկման են դատապարտվել 2011թ. օգոստոսին Ազատության հրապարակի Կարապի լճի մոտակայքում ոստիկանների միջև տեղի ունեցած բախման համար։ Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել խուլիգանության, Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, իսկ Տիգրան Առաքելյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը