Լրահոս

08.05.2013 23:05


Օդային «ապաշրջափակում» մշակութային մայրաքաղաքի համար

Օդային «ապաշրջափակում» մշակութային մայրաքաղաքի համար

Շուշիի ազատագրման հերթական նշումը անշուշտ առիթ է մեկ անգամ եւս լույսի բերելու ազատագրման խորհուրդը, տարածքի ներկայացրած պատմամշակութային ժառանգի արժեքը, ռազմավարական կարեւորությունը, ամբողջ հայության վրա ունեցած հոգեբարոյական ազդեցությունը։

Այս բոլորը անառարկելի իրականություններ են, որոնց համապատասխան սակայն գործնական աշխատանքի անհրաժեշտությունը որպես անհետաձգելի հրամայական, ինքն իրեն զգալի է դարձնում։ Սա, իհարկե, հերթական տարեթվի հետ կապ չունի եւ պարզապես խորհրդի նշման սահմաններում չի պարփակվում։ Ամենօրյա ծրագրման, ուժերի համախմբման, աշխատանքի ընթացաւորման մասին է խոսքը շեշտակիորեն։ Այլապես, Շուշին սահմանափակ թւով բնակչությամբ, Ստեփանակերտից հետո Արցախի Հանրապետության իրողապես երկրորդ քաղաքը համարվելու իր հանգամանքով տակաւին ճանապարհ ունի անցնելիք շնչող, զարգացող քաղաքի վերածվելու համար։

Արցախը, երեւանակենտրոն Հայաստանի Հանրապետության նման թվում է, որ ստեփանակենտրոնացված է։ Ինչպէս որ Երեւանն ու այլ քաղաքներն ու մարզերը համաչափ եւ համընթաց չեն զարգանում, երեւութապես թվում է, որ նույն կշռույթները կրկնօրինակված են Արցախում։ Զարգացման համաչափությունն ու համընթացությունը կարեւոր են ընդհանրապես երկրի զարգացման ուղղությունները հունաւորելու աշխատանքում։

Անշուշտ, միջոցների եւ հնարաւորությունների սահմանափակ լինելը դժվարացնում է աշխատանքների ծրագրաւորումն ու մանաւանդ գործնականացումը։ Եւ Շուշին այս առումով, փուլային իրականացումների առաջնային հանգրվաններից լինելով այն պետք է դիտարկել բնակեցման, զարգացման, շնչող քաղաքի վերածման ընդհանուր տարածքի սահմաններում։ Այսինքն՝ ամբողջ Արցախի Հանրապետության։

Եւ, որովհետեւ Արցախի Հանրապետությունը շատ հասկնալիորեն առաջին հերթին շնչում է ու ապրում Հայաստանի Հանրապետության զարկերակների կշռույթով, հայացքները բնականաբար նախ ուղղվում են դեպի Երեւան։

Թե՛ ներքին եւ թե՛ արտաքին եռուզեռը պայման են տարածքներն ու շրջանները ամայացումից դուրս բերելու համար. գեթ առաջին հերթին։ Պատկերը այս առումով չի մոտենում մխիթարական վիճակի։ Պատերազմի թե քաղաքական պատճառներով կամ պատրվակներով շրջափակված մեր երկու հանրապետությունները ցամաքային փակման դիմաց օդային եռուզեռը աշխուժացնելու հարկադրանքի առաջ են։ Արմավիան օդային շրջափակման մեկ տարբերակը պարտադրել է բոլորիս, մինչ Ստեփանակերտի օդակայանը ցարդ չի գործարկվել։

Նման օդային շրջափակումը չի նպաստում որ, թեկուզ որոշ հաջողության հանգած ճանապարհաշինությամբ, ակնկալված այդ եռուզեռը ստեղծվի։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը առկախված է քաղաքական պատճառներով։ Պաշտոնական Երեւան իբրեւ բանակցող կողմ կարեւորագույն խնդրի տեսք եւ տարողություն պետք է տա այս առաջադրանքին, որին կապված է նաեւ Արմավիայի արդարացում չունեցող ներկա պատկերը։ Արտաքին աշխարհից դեպի Արցախ ուղեւորային եռուզեռ ապահովելու առաջին հանգրվանը հայկական օդանավային ընկերության կայացումն է, տրամաբանված գների ճշտումը, թռիչքների կանոնաւորումը։

Ծրագրեր էին մշակվել Շուշին մշակութային մայրաքաղաքի վերածելու համար։ Մշակութային փառատոների կազմակերպումը, Հայրենիքից թե Սփյուռքից մշակութային խմբերի ժամանումը Շուշի, իր հերթին կառաջնորդի համապատասխան ծառայությունների՝ պանդոկների, ճաշարանների, զբոսավայրերի, մշակութային կենտրոնների ստեղծման եւ այդ ճանապարհով աշխատատեղերի ապահովման եւ մնայուն բնակության հաստատման։ Իսկ այդ բոլորի ստեղծման համար առաջադրված եռուզեռի կայացման նպաստող գործոններ են օդային «ապաշրջափակումը»։ Որպեսզի 21 տարի առաջ ազատագրված Շուշին վերածվի համայն հայության մշակութային քաղաքի։

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը