Լրահոս

08.05.2013 11:22


Գիտե՞ք դուք ինչ արեցիք

Գիտե՞ք դուք ինչ արեցիք

Գիտե՞ք ինչ Լուսինե Հակոբյան, Տիգրան Եգորյան, Մհեր Արշակյան, Սոնա Այվազյան, Kirk Wallaceյան, Sara Anjargolian, և մյուսներ: Գիտե՞ք դուք ինչ արեցիք: Նախագահական ընտրությունները մենք դիտարկեցինք հազիվ 30 հոգով, իսկ դուք ձեր էնտուզիազմով ու համառությամբ կարողացաք ներգրավել ավելի քան 200 հոգու՝ դիտարկելու ընտրությունները, չընկրկելու թաղային խուժանի առաջ, աչք չփակելու «մանր» թվացող խախտումների դեմ, իրավական բողոքների համար ապացույցներ հավաքելու, չկաշառվելու եւ իսկական անաչառ դիտորդի օրինակ ցույց տալու: Գիտե՞ք ինչ արեցիք դուք: Դուք դիտորդի նոր չափանիշ դրեցիք, որից հետո թքած ունենք կոնյուկտուրային գերի օտարերկրյա ու հանրապետականի ստրուկ տեղական դիտորդների դիտարկումների վրա: Դուք ցույց տվեցիք, որ մենք ավելին արժենք, քան որեւէ ԵԱՀԿ-ի կամ ԵԽ-ի դիտորդական եզրակացություն: Գիտե՞ք էլ ինչ արեցիք: Ներգրավելով հարյուրից ավելի արտասահմանցի հայերի՝ դուք սփյուռքին իջեցրիք Հայաստանի հողի վրա, դուք սփյուռքահայերին իսկական հայաստանցի դարձրիք: Առայժմ հարյուր հոգու, բայց դա քիչ չէ սկզբի համար: Նրանցից շատերը հազիվ են հայերեն խոսում կամ նույնիսկ չեն խոսում, բայց երկու օր առաջ նրանք կանգնած էին տեղամասերում եւ դեմոկրատիայի դիրքերը մի թիզ անգամ չէին ուզում զիջել, էսօր ես տեսա նրանց էնտուզիազմն ու երջանկությունը, որ գործ էին արել իրենց երկրի համար, որ իրենց ձանձրալի դեմոկրատիաներից հետո եկել էին մի տեղ, որտեղ կարող են բան փոխել: Շշմելու էր լսել, որ տեղամասերում իրենց տեսածից ու տված կռիվներից հետո շատերը ոգեւորությամբ ուզում են մշտապես տեղափոխվել Հայաստան, իսկ է՛լ ավելի շատերը, ավելի ճիշտ՝ բոլորը՝ հետ գալ հաջորդ ընտրությունները դիտարկելու:) Նրանց թարմ, ուրախ, երջանիկ ավյունը մեզ էնքա՜ն շատ է պետք՝ մինչ մեր համար պայքարն ամենօրյա տխուր կենցաղ է դարձել: Ու գիտե՞ք ինչ: Դուք բռավո՛: Դուք մերօրյա Լեոնիդասն եք՝ ձեր 300 սպարտացիներով, բայց ձեր-մեր Թերմոպիլեն միշտ առջեւում է, ու մենք շատանալու ենք, ու մենք փոխելու ենք, ու մենք հետ ենք բերելու մեր երկիրը: Հայաստանցիներով, սփյուռքահայերով, մեր երկրում ապրող ու մեր երկրի համար հոգ տանող արտասահմանցիներով: Էս հողի վրա բոլոր ազնվագույն մարդիկ տեղ պիտի ունենան` անկախ ազգությունից, կրոնից, դավանանքից... ու հողը պիտի այրվի մեր երկիրը մեզնից տանող խուժանի ոտքերի տակ՝ անկախ ազգությունից, կրոնից, դավանանքից: Գրկում եմ ձեզ պինդ պինդ: Մի քիչ հուզված եմ, բայց սա կենաց չհամարեք: Ձեր ցավը տանեմ, ձեր ու էս ընտրությունները դիտարկած մեր «սպարտացի» բոլոր ընկերների... Այ տենց ջղային մեր ցեղը այ տենց ուրախ պիտի կռիվ տա Թերմոպիլեում ու հաղթի քայլ առ քայլ... Բարի գալուստ ու բարի մկրտություն բոլոր արտասահմանցիներին, որ առաջին անգամ դիտորդություն արեցին երեւանյան ընտրություններում, ապշեցին բացահայտ լկտի ընտրակեղծիքների ու խախտումների վրա, բայց ոգեւորված ձեռքերը շփում են, որ հաջորդն էլ դիտարկեն: Հարգանքներս ձեզ բոլորիդ...

Ծովինար Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը