Լրահոս

07.05.2013 14:44


Ոստիկանությունից պնդում են, թե Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեսանյութը իրե՛նք չեն տրամադրել լրատվամիջոցներին

Ոստիկանությունից պնդում են, թե Արմեն Մարտիրոսյանի մասնակցությամբ տեսանյութը իրե՛նք չեն տրամադրել լրատվամիջոցներին

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Հետքին» տեղեկացրել է, որ համացանցում տարածված տեսանյութը, որում «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ոստիկանության ավտոմեքենայում խոսում է ոստիկանների հետ, տեղադրված չի եղել ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում:

«Տեսանյութի հետ կապված՝ Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանի կողմից նշանակվել է ծառայողական քննություն»,- ասել է Աշոտ Ահարոնյանը:

Վարչության պետը նաև անդրադարձավ «Հետքի» խմբագրի բաց նամակին:

Ըստ նրա' ոստիկանության տրամադրած տեսանյութերն անվճար են:

«Տեսագրություններն առհասարակ ԶԼՄ-ները վերցնում են մեր պաշտոնական կայքէջից, և դա անվճար է»,- ավելացրեց Ա. Ահարոնյանը:

Վարչության պետը նշեց, որ նշված տեսանյութը ոստիկանությունը չի տրամադրել լրատվամիջոցներին, և ծառայողական քննության արդյունքում կպարզվի, թե ինչպես է այն տարածվել:

«Հետքի» խմբագիրը ոստիկանապետին ուղղված բաց նամակում նաև հարցրել էր, թե որքա՞ն արժե ոստիկանության տեսանյութը, և ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:

«Եթե դիմեք, կոնկրետ տեսանյութեր, որոնք լինեն մեր տրամադրության տակ, սիրով կտրամադրենք, կամ կարող եք օգտագործել համակարգչային տեխնիկայի նվաճումներն ու բեռնել կայքից և մեր youtube էջից»,- ավելացրեց Աշոտ Ահարոնյանը:

Ի դեպ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն իսկ այս տեսանյութի վերաբերյալ հումորներ են պտտվում, իսկ օգտատերերից մեկը «Police փրոդաքշնի» կոլաժն է տեղադրել։

Այս խորագրի վերջին նյութերը