Լրահոս

07.05.2013 12:46


Ծովինար Նազարյան. «Առայժմ երկու բան եմ ուզում ասել»

Ծովինար Նազարյան. «Առայժմ երկու բան եմ ուզում ասել»

Լիքը բան կա ասելու մեր դատի հետ կապված: Հասարակությա՛նը, իհարկե: Բայց առայժմ երկու բան եմ ուզում ասել.

1. Շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեր կողքին են եղել արդեն մոտ երեք տարի՝ մեզ հետ դատարան գալով, բողոքի ակցիաների մասնակցելով, մարդ մոբիլիզացնելով, լուսաբանելով, լուր տարածելով, բարի խոսքով, թեկուզ մի լայքով: Մարդիկ էս դատավարության մեջ տեսել են ընդհանուր արդարադատության համակարգի եւ բանակի պրոբլեմը, իրենց աջակցությամբ իրականում Հայաստանին են աջակցել, բայց այդ աջակցությունը ինձ պետք էր, որ կարողանայի ավելի արդյունավետ պայքարել: Ու դեռ պետք է, քանի որ պայքարը շարունակվելու է:

2. Հույսի մասին: Ի սկզբանե մենք գիտեինք թե ում հետ գործ ունենք ու ինչ սպասել սրանցից: Ի սկզբանե մենք հույս չենք կապել ՀՀ արդարադատության համակարգի հետ, ու հիմա էլ չենք կապում: Մենք հստակ գիտեինք մեր անելիքը դատարանում՝ հնարավորն անել՝ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, մարտահրավեր նետել ապօրինությունների, կոռուպցիայի, կեղծիքի մեջ թաթախված արդարադատության համակարգին, ինչը անում են եւ արել են ոչ միայն մենք, այլեւ ուրիշները, ինչպես Մարտի 1-ի, Հարսնաքարի, ՀԱԿ ակտիվիստների, Մատաղիսի եւ այլ գործերով... Հիմա մենք արդեն պայքարելու ենք բացահայտելու համար ոչ միայն եղբորս սպանությունը, այլեւ ՀՀ արդարադատության համակարգի ամբողջ այլանդակությունը, ինչն ըստ էության անում էինք հենց սկզբից: Մենք վստահ ենք, որ վաղ թե ուշ այդ պայքարը հանգեցնելու այս անմարդկային համակարգի փլուզմանն ու ժողովրդավարության կայացմանը Հայաստանում: Եթե անգամ չբացահայտվի սպանությունը, եթե անգամ մենք չտեսնենք Հայաստանի ժողովրդավարացումը, Զինված ուժերի մարդկայնացումը, այլ գործերով արդարության կայացումը, միեւնույնն է՝ շարունակելու ենք պայքարը: Մենք ի սկզբանե հույսազերծ ենք: Հույսազերծներին հուսահատեցնել հնարավոր չէ:

Այս խորագրի վերջին նյութերը