Լրահոս

07.05.2013 09:54


Տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ հարգանքի բոլոր պաշարները

Տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ հարգանքի բոլոր պաշարները

Այսօր դատարանը դատավճիռ է արձակում Արտակ Նազարյանի մահվան գործով: Տուժող կողմը ներկա չի լինելու դատական նիստին:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նույն դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ դատավարությունն ընթանում էր արդեն մեկ տարի եւ 9,5 ամիս: Եվս մեկ տարի էր տեւել քրեական գործով նախաքննությունը, որը վարել էր ՊՆ քննչական ծառայությունը:
ՀՀ ԶՈՒ պայմանագրային սպա, լեյտենանտ, 31-ամյա Արտակ Նազարյանը՝ բերանի խոռոչում հրազենային վիրավորումով, մահացած էր գտնվել 2010թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում, որոնց նկատմամբ հսկողություն է իրականացնում «Մեհրաբներ» անունով հայտնի զորամասը: Չնայած մահվան պաշտոնական վարկածին, տուժող կողմը վստահ է, որ կատարվածը սպանություն էր, ինչը պնդելու համար բավականաչափ հիմքեր կան:
Մասնավորապես, քննություն չի տարվել եւ չի պարզվել, թե ում եւ ինչպիսի ներգործության արդյունքում են Նազարյանի մարմնի վրա մահից «մինչեւ մոտ 6 ժամ առաջ» եւ «ոչ շատ առաջ» հայտնվել բազմաթիվ մարմնական վնասվածքներ, ում հետ եւ ինչ պայմաններում է Նազարյանը դատարկ ստամոքսով ալկոհոլ ընդունել մահից մոտ 1-1,5 ժամ առաջ, ինչ հետեւանք է ունեցել մահից ժամեր առաջ Նազարյանի հասցեին նրա վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի հնչեցրած հայհոյանքն ու սպառնալիքը: Նազարյանի ինքնաձիգի վրա չեն հայտնաբերվել մատնահետքեր, նրա ստացած 120 փամփուշտներից ոչ մեկը չի պակասել մահից հետո, տեղազննության ժամանակ հայտնաբերված պարկուճի փոխարեն փորձաքննության է ենթարկվել մեկ այլ համարի պարկուճ: Նազարյանի ծառայակիցները դեպքից անմիջապես հետո ապօրինի ազատազրկման են ենթարկվել Բերդ քաղաքի Ռազմական ոստիկանության բաժանմունքի մեկուսարանում՝ 9-25 օր ժամկետով, որի ընթացքում ճնշումների եւ բռնության միջոցով նրանցից կորզվել են կեղծ ցուցմունքներ:

Տուժող կողմը սպառված է համարում դատարանի նկատմամբ վստահության եւ հարգանքի բոլոր պաշարները եւ հետեւաբար անտեղի է համարում դատական այս վերջին նիստին իր մասնակցությամբ դատարանի դատավճիռը հոտնկայս հարգելը:

Ծովինար Նազարյան

Այս խորագրի վերջին նյութերը