Նախագահ Սերժ Սարգսյանի Լիսաբոն չմեկնելը նրա նախագահության երկուսուկես տարիների արտաքին քաղաքական սխալներից էր և Հայաստանի դիվանագիտության պարտության ընդունումը: Նեղացածի կեցվածք ընդունելը և ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բոյկոտելը Հայաստանին դիվանագիտական որևէ շահ չի բերելու: Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները նախ պետք է անեին հնարավորը, որպեսզի ղարաբաղյան հարցում հայկական կողմի համար անընդունելի ձևակերպումը տեղ չունենար, բայց եթե անգամ անզոր են եղել, ապա նախագահ Սարգսյանը չպետք է հրաժարվեր, այլ մեկներ Պորտուգալիայի մայրաքաղաք և օգտագործեր այդ բարձր ամբիոնը՝ բարձրացնելու Հայաստանին հուզող հարցերը, ինչպես արեցին մեր երկու հարևանները:
Գագաթաժողովի Հռչակագրի նախագծում հարավկովկասյան հակամարտությունների լուծման համար առաջարկվել է ընդհանրական ձևակերպում, այն է՝ տարածքային ամբողջականության հարգում և դրա կողքին չի հիշատակվել ազգերի ինքնորոշման իրավունքը. «Հարավային Կովկասում և Մոլդովայում պահպանվող երկարատեւ տարածաշրջանային հակամարտությունները շարունակում են ՆԱՏՕ-ի համար մեծ մտահոգությունների խնդիր մնալ: Մենք հավատարիմ ենք մնում մեր աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը ու նաև շարունակելու ենք աջակցել ջանքերին այս տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով այս սկզբունքները»։
Նման կամ դրան մոտ՝ Հայաստանի ու ԼՂ-ի համար անընդունելի ձևակերպումներ նախկինում էլ են տեղ գտել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի փաստաթղթերում: Ահա այդ իրողությունը հաշվի առնելով էլ պետք էր փորձել գոնե մեղմացնել փաստաթղթի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում էր հակամարտություններին: Փոխարենը, ավելի քան երկու տարի Հայաստանի արտաքին քաղաքականություն իրականացնողները թմբկահարում էին և ամենամեծ ձեռքբերում համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչեցվող այն տեսակետը, որ լուծման ճանապարհին հավասարապես կարևորվում են Հելսինկիի եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ինքնորոշման հարգում և ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում:
ՆԱՏՕ-ն Իսլամական Կոնֆերանս կազմակերպությունը չէ և ոչ էլ ՎՈՒԱՄ-ը, որ նրանց կողմից ղարաբաղյան հարցով ընդունված որոշումներին Հայաստանի իշխանությունները անտարբերությամբ մոտենային: ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ երկու պետություններ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն են ներկայացնում: Մյուս եռանախագահողը՝ Ռուսաստանը, նախագահի մակարդակով ներկա է Լիսաբոնի գագաթաժողովին: Հայ դիվանագետները նախագահ Սարգսյանի գլխավորությամբ պիտի հենց Լիսաբոնում դռներ ծեծեին ու անքուն գիշերներ անցկացնեին: Ու եթե բոյկոտը վերջին փամփուշտն է, ապա դա պիտի արձակվեր հենց Լիսաբոնում, այլ ոչ թե Երևանում:
Դիվանագիտության հարցում պետությունները կարող են հայտնվել ծանր իրավիճակներում: Բայց քանի դեռ ընդունված փաստաթղթերը գետնի վրա չեն իրականացվում, վիճակն անհուսալի չէ: ՆԱՏՕ-ի փաստաթղթով ոչ մեկը Լեռնային Ղարաբաղին չի տիրանալու: Սակայն ժամանակն է, որ Հայաստանը ընդունի թույլ տված սխալները և փորձի գտնել լուծումներ, այլ ոչ թե ամեն մի ձախողում թաքցնելու նպատակով գործի դնի ներքին քարոզչությունը:
ՆԱՏՕ-ն եվրոատլանտյան կարևորագույն և հզորագույն ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որն առաջին անգամ չէ ղարաբաղյան հակամարտությունը շոշափող և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար նման մակարդակով անընդունելի փաստաթուղթ ընդունում: Այդպիսի փաստաթղթի ընդունումը կարող է դառնալ ուղենշային եվրոատլանտյան այլ կառույցների, այդ թվում ԵԱՀԿ-ի համար, որի հովանու ներքո գործող Մինսկի խմբի շրջանակներում է ընթանում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովից մեկ շաբաթ ժամանակ է մնացել: Վտանգ կա, որ Լիսաբոնում ընդունած փաստաթուղթը կամ նման անընդունելի մեկ այլ փաստաթուղթ ընդունվի արդեն ԵԱՀԿ պետությունների ղեկավարների մակարդակով: Անշուշտ, Հայաստանը, այդ դեպքում, կարող է օգտագործել վետոյի իր իրավունքը: Բայց պետք է փորձել ամեն ինչ անել, որ բանը վետոյին չհասցվի: Ամեն մի վետո ունի իր գինը: Երբեք ուշ չէ, եթե անշուշտ կա վտանգի գիտակցություն, պատասխանատվության զգացում և սխալներն ընդունելու համարձակություն:
Նախագահ Սարգսյանը պետք է մեկներ Լիսաբոն

Թաթուլ Հակոբյան
Ըստ civilitasfoundation.org–ի