Լրահոս

06.05.2013 19:25


«Վաղը իրենց կեղծիքների դառը պտուղներից նաեւ հենց իրենց երեխաներն են քաղելու»

«Վաղը իրենց կեղծիքների դառը պտուղներից նաեւ հենց իրենց երեխաներն են քաղելու»

2003 թվականի նախագահական ընտրություններում, երբ երբ ընտրատեղամասում արդեն շատ էի «համը հանում»՝ թույլ չտալով կեղծել քվեարկության արդյունքները, իմ դեմ արձանագրություն կազմվեց, որ իբր ես խանգարում եմ քվեարկության ընթացքին, սպառնում, վիրավորում հանձնաժողովի անդամներին եւ էլի լիքը հանցագործություններ, որից հետո դուրս հանեցին տեղամասից:

Դրանից ինը տարի անց փողոցում ինձ բոմժի արտաքինով մի քաղաքացի մոտեցավ եւ առանց դես ու դեն ներողություն խնդրեց ինձանից: Հազիվ ճանաչեցի 2003-ին իմ դեմ արձանագրություն ստորագրած հանձնաժողովականներից մեկին: Համարյա լացելով այդ քաղաքացին պատմեց, որ արդեն քանի տարի մեղքի զգացումով է ապրում. ոչ միայն իմ դեմ զրպարտագիրը ստորագրելու, այլ ընդհանրապես կեղծիքներին մասնակից լինելու համար, որ դրանից հետո աշխատանքից զրկվել է եւ հազիվ օրվա հաց է վաստակում ընտանիքի համար: Բնական է, որ ոչ մի բան չունեի այդ քաղաքացու դեմ, ընդամենն ասացի, որ քո արածի պատճառով ես նաեւ էս օրն ընկել:

Չէի ցանկանա, որ 10 տարվա, երեկվա, այսօրվա ընտրակեղծարարները, կաշառք տվողներն ու վերցնողները վաղը օրվա հացի կարոտ մնան: Բայց շատ կցանկանայի, որ նրանք հասկանան. վաղը իրենց կեղծիքների դառը պտուղներից նաեւ հենց իրենց երեխաներն են քաղելու, որովհետեւ այդ երեխաներն էլ են ապրելու այն Հայաստանում, որն իրենք են կեղծում: Մեր գործը ներելն է, կներենք, կներե՞ն արդյոք նրանց երեխաները, դժվար է ասել:

Մհեր Ղալեչյանի ֆեյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը