Տնտեսական

06.05.2013 16:05


«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար բերված խողավակները Մարցի բնակիչները ձորն են նետել

«Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար բերված խողավակները Մարցի բնակիչները ձորն են նետել

«ecolur.org»–ի փոխանցմամբ՝ մայիսի 5-ին Լոռու մարզի Մարց գյուղի բնակիչները` մոտ 50 հոգի, ձորն են նետել «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման համար նախորդ օրը բերված երեք խողովակները: Փոքր ՀԷԿ-ը մտադիր է կառուցել «Մարցէներջի» ՍՊԸ-ն: Ինչպես «ԷկոԼուրին» պատմել են գյուղացիները, իրենք զրուցել են ընկերության ինժեների հետ եւ ասել, որ թույլ չեն տալու ՓՀԷԿ-ի կառուցումը: Ինժեներն էլ ասել է, որ ինքը ենթակա անձ է, իրեն գումար են տվել, ինքն Էլ բերել է խողովակները: Նա գյուղացիներին խոստացել է, որ այլեւս խողովակներ չի բերի, մինչեւ գյուղն ու ընկերությունը համաձայնության չգան: Գյուղացիները դժգոհել են, որ փոքր ՀԷԿ-ի կառուցմամբ իրենց 30–հեկտարանոց խոտհարքերը կչորանան, եւ անասունների համար չեն կարողանա խոտ հնձել: Նրանք նաեւ ասել են, որ խոտհարքերի մոտ այգիներ էլ են եղել, եւ հիմա եթե որեւիցե մեկը ցանկանա այգին մշակել, ապա ջրի բացակայության պատճառով չի կարողանալու: Մյուս խնդիրն էլ, որն անհանգստացնում է Մարցի բնակիչներին ,ՓՀԷԿ-ի աղմուկն է:

«ՀԷԿ-ի շենքը մեր գյուղի տակ պիտի կառուցվի: Դրա աղմուկը շատ վատ է անդրադառնում մեր առողջության վրա: Գյուղից մի 4 կմ վերեւ Լոքյանի (Գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանի մասին է խոսքը) փոքր ՀԷԿ-ն (Մարցիգետ-2) է աշխատում: Գիշերը երբ գյուղը խախանդվում է, այդ ՀԷԿ-ի աղմուկը լսվում է, եւ մենք աղմուկի տակ ենք քնում»,-ասել են բնակիչները:

Գյուղացիները ստորագրություններ են հավաքել փոքր ՀԷԿ-ի կառուցման դեմ, որը ուղարկել են ՀՀ բնապահպանության նախարարություն:

Հիշեցնենք, որ սույն թվականի մարտի 12-ին Մարցի գյուղապետարանում տեղի ունեցած «Մարցէներջի» ՍՊԸ կողմից ներկայացված «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումների ժամանակ Մարց գյուղը դեմ արտահայտվեց «Մարցիգետ-1» ՓՀԷԿ-ի կառուցմանը: Նշենք, որ «Մարցէներջի» ՍՊԸ-ն իրավունք չունի որեւէ շինարարական աշխատանք սկսելու, քանի դեռ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության հասարակական լսումները տեղի չեն ունեցել եւ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն չի տվել:

Լուսանկարը` Արթուր Հովակիմյանի

Այս խորագրի վերջին նյութերը