Լրահոս

06.05.2013 13:05


Ամփոփվել են «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի արդյունքները

Ամփոփվել են «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի արդյունքները

Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմ, մասնակցության համար դիմել էին շուրջ 70 երիտասարդներ։

Հիմնադրամի լրատվական ծառայությունից հայտնում են, որ ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս ռեժիսոր Վ. Գևորգովի, կինոռեժիսոր Ա. Գևորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում։ «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը։ «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ ստացավ Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմը։ Իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացիր, Մար» կինոնկարն էր։

Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր նվիրեց։

Այս խորագրի վերջին նյութերը