Տնտեսական

04.07.2009 16:20


Գյուղացիները տարերքի դեմ մնացել են անօգնական

Գյուղացիները տարերքի դեմ մնացել են անօգնական

Հունիսի 30-ի լույս հուլիսի 1-ի գիշերը Շիրակի մարզի բազմաթիվ համայնքներ աննախադեպ կարկտահարության պատճառով հսկայական վնասններ են կրել, որոնց վերականգնման ուղղությամբ որևէ հույս չկա: Կարկուտի պատճառով մարզում վնասվել է շուրջ 2300 հա ցանքատարածություն: Ֆինանսական մեծ վնասներ առկա են Ախուրյան, Ազատան, Ղարիբջանյան և Արևիկ համայնքներում:

Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը նշել է, որ կարկուտը հարվածել է մարզի գյուղատնտեսության զարկերակին. «Աղետի «էպիկենտրոնում» գտնվող համայնքներում մարզի ամենաինտենսիվ գյուղատնտեսություն վարող տնտեսություններն էին, որտեղ կենտրոնացված են կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները: Պատկերցրեք, մարզի կարտոֆիլի ցանքատարածությունների գրեթե մեկ երրորդը կենտրոնացված է այդ հատվածում, և դրնաք գրեթե 70%-ով վնասվել են»:

Ախուրյան համայնքում բնակիչներն անելանելի դրության մեջ են հայտնվել: Բանկերից ստացած վարկերը նրանցից շատերն այլևս հնարավորություն չունեն վերադարձնելու:

«Վարկ վերցրեցի' կարտոլի սերմի համար, վարկ վերցրեցի' սելիտրայի համար, վարկ վերցրեցինք, որ տրակտորիստներին տանք, ու անօգուտ: Կաղամբը, ծաղկակաղամբը, լոբին կարկուտը սաղ տարել է, ի՞նչ անենք: Անասունները ծախե՞նք, որ վարկերը փակենք։ Բա մենք ի՞նչ ուտենք»,- ասում է Հրանուշ տատը, որի բանջարաբոստանային ցանքատարածությունները գրեթե ամբողջովին կարկուտը ոչնչացրել է:

 «Այսօրվա դրությամբ, ամբողջ համայնքը վարկի տակ է, գյուղում սարսափելի վիճակ է: Մարդիկ բանջարաբոստանային կուլտուրաներ էին ցանել, որ կարողանային վարկը փակել, բայց, էսօրվա դրությամբ խնդրում ենք կառավարությանը, որ էդ վարկերը գոնե կիսով չափ զեղչ անեն»,- համայնքի անունից խնդրեց կառավարությանը փոխանցել Վաչագան Մարտիրոսյանը:

Սակայն նրանցից շատերը, հաշվի առնելով նմանատիպ իրավիճակների փորձը, պետության կողմից աջակցություն ստանալու որևէ հույս չունեն և մտածում են սեփական ուժերով դուրս գալ ծանր իրավիճակից: «Մի քանի տարի առաջ էլ էսպես կարկուտ եկավ, ու ոչ մի փոխհատուցում էլ չստացանք, ոչինչ չեղավ: Երկրին տերուտիրական ո՞ւր ա, որ մեզ էլ փոխհատուցում տան»,-ասում է տիկին Գայանեն: Իսկ բնակիչներից մեկն էլ հուսահատությունից առաջարկեց. «Ձախորդ օրերի երգը երգենք ու ման գանք, է՞լ  ինչ կարող ենք անել: Ցանքատարածություններս գրեթե 100%-ով վնասված են»:

Սակայն Շիրակի մարզպետարանում վնասների փոխհատուցման հարցն այդքան էլ չի հետաքրքրում, խնդրի լուծման նրանց առաջարկած  տարբերակներն առավել «ռազմավարական և խորքային» բնույթ են կրում: Մարզային իշխանությունները դեռևս մի քանի օր առաջ նշեցին, որ գրեթե հնարավոր չէ ֆինանսական փոխհատուցում տալ տուժած համայնքներին, ամենաշատը հնարավոր է սերմացուի մասնակի փոխհատուցում: Խնդրի լուծումը նրանք տեսնում են հակակարկտային կայանքների տեղադրման մեջ, որը, սակայն, հսկայական վնասներ կրած և սնանկացման եզրին գտնվող գյուղցիների համար հազիվ թե մխիթարություն լինի:

 Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն ասել է. «Խնդրի լուծումը, միանշանակորեն, հակակարկտային կայանքների այդ ցանցի շարունակումն է մինչև մարզի հարավային սահմանը: Այն համայնքներում, որտեղ տեղադրված են հակակարկտայն կայանքներ, կարկուտից հետո, եթե անգամ վնաս է լինում, հասնում է 20%-ի»:

Սակայն մարզպետարանից տեղեկացրեցին, որ մարզային հանձնաժողովի կազմած ակտը թեև արդեն կառավարություն հասել է, որտեղ հիմնականում բարձրացվել է հակակարկտային կայանքների հարցը, սակայն հույս չկա, թե այդ ծրագիրն առաջիկայում իրականություն կդառնա՝ տնտեսական ճգնաժամի և բյուջեի սղության պատճառով:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Տես նաև.
Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Այս խորագրի վերջին նյութերը