Լրահոս

05.05.2013 16:56


Նաիրա Զոհրաբյան. «Կիրառվում են ընտրախախտումների որոշ նորամուծություններ»

Նաիրա Զոհրաբյան. «Կիրառվում են ընտրախախտումների որոշ նորամուծություններ»

Երևանի ավագանու ընտրություններում օրվա առաջին կեսին գրանցվել են ավանդական դարձած ընտրախախտումները: ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ իրենց տեղեկությունների համաձայն՝ օրվա երկրորդ կեսին կիրառվում են նաև որոշ նորամուծություններ:

«Zham.am»–ի հետ զրույցում Զոհրաբյանը հայտնել է, որ նկուղային հարկերում տեղակայված մի շարք ընտրատեղամասեր քվեարկության ընթացքում հոսանքազրկվել են: Դրանց թվում են, մասնավորապես, 13/26 և 10/01 տեղամասերը։ Երկրորդում երկու ժամից ավելի լույս չի եղել: Բացի դրանից` Նար-Դոսի փողոցում գտնվող թիվ 75 դպրոցում տեղակայված 9/1, 9/2, 9/3 և 9/4 տեղամասերի կից տարածքում ինչ-որ անձինք ընտրողներին բաժանել են կանաչ գույնի գրիչներ, նրանց դրդել հենց այդ գրիչներով քվեաթերթիկներում նշումներ կատարել և այնուհետև վերադարձնել գրիչները` կրկին բաժանելու համար:

Զոհրաբյանն ասել է նաև. «Ականատես եմ եղել նաև, որ մայրաքաղաքի թիվ 114 դպրոցի տարածքում շրջում են ակտիվ երիտասարդներ, որոնք փորձում են կողմնորոշել ընտրողներին: Ընդ որում` տեղամասը հսկող ոստիկանը ոչ միայն չի հեռացրել այդ երիտասարդներին տեղամասից 50 մ շառավղով, ինչպես դա պահանջում է Ընտրական օրենսգիրքը, այլև մտերմիկ զրուցել է նրանց հետ»:

Նաիրա Զոհրաբյանը նաև հերքել է որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե այսօր թիվ 7/15 ընտրատեղամասում ԲՀԿ-ական ներկայացուցիչը մտել է ընտրատեղամաս և փորձել է միջամտել ընտրությունների ընթացքին, սակայն հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել՝ ասելով, որ նա իրավունք չունի տեղամասում գտնվել, և իրար քաշքշելուց հետո նրանք դուրս են եկել ու ծեծկռտուքը շարունակել բակում:

Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ խոսել է ԲՀԿ-ական Ջիվան Պողոսյանի հետ, ով ասել է, որ որևէ ծեծկռտուք, քաշքշուկ չի եղել, ընդամենը օրենքի մեկնաբանման վերաբերյալ թեթև խնդիր է եղել, զրուցել են, հարթվել է ամեն ինչ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը