Լրահոս

05.05.2013 13:33


«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. ժամը 13:20-ի դրությամբ

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները. ժամը 13:20-ի դրությամբ
12/11 տեղամասում` 140 դպրոց, Նորագավիթ, ընտրողներին են տանում բերում տեղամաս, մարդկանց շարունակական կուտակումներ են դիտարկվում: 13:18
13/17 տեղամասում` 43 դպրոց, Նոր Արեշ, հանձնաժողովի անդամները պահանջում են դիտորդներին ցույց տալ նկարահանված նյութերը, որակելով նկարահանումն որպես անօրինական գործողություն: 13:09
07/13 տեղամասում` 176 դպրոց, Ա-1 թաղ, կնիքի դրոշմը անձնագրից մաքրած կինը փորձել է քվեարկել եւս մեկ անգամ: Դեպքը կանխվել է, սակայն հանձնաժողովի նախագահը չի հրավիրել Ոստիկանության ներկայացուցչին: 13:06
13/27 տեղամաս` 64 դպրոց, Վարդաշեն, մոտակայքում ընտրակաշառք են բաժանում:
13/30 տեղամասում` 107 դպրոց, Ջրաշեն, նույն անձանց կողմից բազմակի քվեարկություններ են դիտարկել դիտորդները, փորձում են հայհոյել եւ ահաբեկել դիտորդներին, հանձնաժողովի նախագահը մերժում է գրանցել դիտարկված խախտումները, ընտրողների ուղղորդում եւ անօրինական օժանդակություն են ցուցաբերում:
13/30 տեղամասում` 107 դօպրոց, Ջրաշեն, ընտրողներին են տանում եւ բերում, մարդկանց կուտակումներ են թեղամասի մուտքի մոտ: 12:57
13/15 տեղամասում (№ 194 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի նախագահի կարճատեւ բացակայության ընթացքում տեղամասում ստեղծվել է անկառավարելի իրավիճակ, տեղամասում ներկա են անհայտ անձինք: 12:45
07/28 տեղամասում (№ 111 դպրոց, Լուկաշին փ.), արձանագրվել է երկու հոգով քվեախցիկ մտնելու երկու դեպք, որոնցից վերջինը գրանցվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Մինույն ժամանակ «Էրեբունի» համայնքների զարգացման կենտրոնի դիտորդ Արմեն Բաղդասարյանը եւ «Կյանք» մարդու իրավունքների, քաղաքականության եւ հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիայի դիտորդ Սարգիս Հարությունյանը ուղղորդում են ընտրողներին, ելումոտ են անում՝ դրսից ընտրողներ են ուղեկցում ընտրատեղամաս: 12:40
13/23 տեղամասում` 3-րդ մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, Էրեբունի, երեք հոգի տեղամասի մուտքի մոտ ուղղորդում են ընտրողներին եւ պարբերաբար դուրս են կանչում ՀՀԿ վստահված անձին, խորհրդակցում նրա հետ, Էրեբունի տաքսի սերվիս բերում է մարդկանց ընտրական տեղամաս: 12:35
13/17 տեղամասում (№` 43 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի անդամները խոչընդոտում են դիտորդի պարտականությունների իրականացմանը՝ արգելելով ազատ տեղաշարժը տեղամասում: 12:32
13/26 տեղամասում հանձնաժողովի «Ժառանգության» անդամ Արեւիկ Չոբանյանը ընտրատեղամաս է եկել է ժամը 11:50 միայն, հանձնաժողովի նախագահը արգելել է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, սակայն տիկին Չոբանյանը աղմուկ է բարձրացրել, զանգել ԿԸՀ, որտեղից թույլատրել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին ժամը 12:00-ից:
08/19 տեղամասում (179 դպրոց, Ա-3 թաղամաս) ընտրողը քվեախցիկում քվեարկելուց հետո լուսանկարել է սեփական քվեաթերթիկը` խախտելով քվեարկության գաղտնիության պարտականությունը: Հանձնաժողովի նախագահն ընդամենը նախազգուշացրել է ընտրողին, որ դա անթույլատրելի է, այնուհետև ընտրողին թույլ է տրվել քվեարկության ծրարը նետել քվեատուփ: Խախտումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում այն չնկատելու պատճառաբանությամբ 12:27
08/06 տեղամասում (№ 9 դպրոց, Բատիկյան փ), այս պահին չճշտված անձը փորձել է երկրորդ անգամ քվեարկել, սակայն հանձնաժողովի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը նկատել է դա, երկրորդ քվեաթերթիկը առգրավվել եւ պատռվել է, այս պահին արձանագրություն են կազմում: 12:22
08/08 տեղամասում, որտեղ հարձակվել էին «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ-ների ներկայացուցչի եւ "Թրանսփարենսի Ինթերնեյշնլ" հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի վրա, դիտորդ Լենա Նազարյանը iLur.am-ի թղթակցին հայտնել է, որ այդ տեղամասում ներկա են ՀՀԿ-ի միանգամից չորս վստահված անձինք: Տեղամաս է ժամանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ Վարազդատ Խաչատրյանը, ով թղթակցին հայտնել է, որ գրանցամատյանում Հանրապետական կուսակցությունից միայն մեկ վստահված անձ կա, սակայն ինչպես հայտնում է ilur.am-ի թղթակիցը, մինչեւ Վարազդատ Խաչատրյանի ժամանելը մյուս երեքը դուրս են եկել ընտրատեղամասից:
13/26 տեղամասում «Ժաառանգություն» կուսակցության` հանձնաժողովի անդամը տեղամաս է ներկայացել ուշացած, ԿԸՀ հղված բողոքին այնտեղից պատասխանել են` ոչինչ թող նստի աշխատի, հիմա նստած աշխատում է:
07/13 տեղամասում (176 դպրոց, Ա-1 թաղամաս) երկու ընտրող եկել են անձնագրի մեջ ջնջված կնիքով ու կատարել կրկնակի քվեարկության փորձ, երբ դիտորդը նկատել է դա, նրանցից մեկը, ով կին է եղել, աղմուկ է բարձրացրել, գոռգոռացել եւ հեռացել է ընտրատարածքից: 12:16
08/28 ընտրատեղամասում (91 դպրոց, Ախպարաշեն) անընդատ մուտք են գործում ՀՀԿ ներկայացուցիչներ, որոնք լիազորված չեն ներկա գտնվելու տեղամասային կենտրոնում, բազմիցս տեղամասից հեռացվելուց հետո անգամ, շարունակում են մուտք գործել տեղամաս: Հանձնաժողովի անդամները լիովին չեն տիրապետում իրավիճակին: Խախտումը չի արձանագրվել գրանցամատյանում:
13/24 տեղամասում` Չուխաջյան երաժշտական դպրոց, Ռոստոմյան փ., մարդկանց կուտակումներ են, ուղղորդված քվերակություն է ընթանում, լարված վիճակ է, նոր անձնագրեր կան բազմաթիվ, որ տրվել են 2013 թվականին:
09/28 տեղամասում (Նորգյուղ) «թաղի տղերքը» լցվել են տեղամաս՝ հայտարարել, որ դուրս չեն գալու` ինչ էլ անեն: Նրանք թելադրում են ընտրողներին` ինչն ինչպես անել, հանձնաժողովի նախագաը անկարող է կարգավորել իրավիճակը: 12:08
13/05 տեղամասում` 70 դպրոց, Սարի թաղ, ԲՀԿ-ից միանգամից մի քանի վստահված անձ կա:
13/26 տեղամասում` Հաստոցանորմալ գործարան, Մահարու փ., ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամը ահաբեկել է «Ժառանգության» հանձնաժողովի անդամին, ասելով` «Էս անգամ քեզ խելոք կպահես»: Միջադեպի վերաբերյալ կազմվել է արձանագրություն: 11:50
13/27 ընտրատեղամաս` թիվ 67 մանկապարտեզ` Վարդաշեն, մուտք գործած ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը, հարբած վիճակում հայհոյել եւ սպառնացել է դիտորդներին, որից հետո նրան են միացել սպառնալիքներով ևս մի քանի անհայտ անձինք: Առկա են մեծ կուտակումներ և իրավիճակը տեղամասում անվերահսկելի է:
13/20 տեղամասում` 18 մանկապարտեզ, Արցախի փ., ՀՀԿ անունից ընտրական հանձնաժողովի անդամներին բաժանվել է սնունդ եւ ընպելիք: 11:25
07/29 տեղամասում հանձնաժողովի կազմում փորձ է կատարվում փոփոխություն անել, փոխարինելով ՀՀԿ-ական անդամին մեկ այլ ներկայացուցչով: 10:14
07 ընտրատարածքի տեղամասերից ստացված տեղեկություններով` քվեարկության առաջին 3 ժամերի ընթացքում ընտրություններին մասնակցել է 200-300 ընտրող:
07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6), դիտվում են մարդկանց կուտակումներ և տեղամասի հարակից տարածքում առկա է հիսունից ավել մարդ: Կատարվում է ուղղորդված քվեարկություն: 72 եւ 82 համարի երթուղային տաքսիներներով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, այդ հարցով ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավությամբ` ակնհայտ անգործունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն, վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը: 11:02
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհդրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը էլեկետրոնային նամակով ([email protected]) բողոք է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, բողոքում ասվում է. «...Պարոն Մուկուչյան, Երեւանի 08/08 տեղամասում` 179 դպրոց, Օհանով, փ., Ա-3 թաղ., մի քանի հանրապետականներ լցվել են ներս պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ (Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am եւ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթ) Կարեն Հարությունյանին եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից (Թրանսփարենցի ինթերյեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ)` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս, ... Խնդրում եմ հրատապ միջոցներ ձեռք առնել ԶԼՄ ներկայացուցչի եւ դիտորդի իրավունքները վերականգնելու համար»: 11:00
08/08 տեղամասում (179 դպրոց, Օհանով փ., Ա-3 թաղ.) մի քանի անձինք, ովքեր հայտարարում են իրենց հանրապետական լինելը (ընտրական գործընթացների հետ առնչվող որևէ կարգավիճակ չունեն, տեղամասում գրանցված չեն ո'չ որպես դիտորդ, ո'չ որպես վստահված անձ, ոչ որպես ԶԼՄ-ի ներկայացուցիչ), ներխուժել են տեղամաս և պահանջում են ԶԼՄ ներկայացուցիչ Կարեն Հարությունյանից եւ դիտորդ Ռուզան Գրիգորյանից` դուրս գալ տեղամասից, տեսախցիկի լիցավորող սարքը գողացել են (որպեսզի տեսախցիկի մարտկոցի լիցքաթփվելուց հետո այն չաշխատի)` հարձակվել են դիտորդի վրա, սկսել են սպառնալ, հայհոյել են վերջինիս: 10:55:
07/29 տեղամասում` 146 դպրոց, Լուկաշինի փ., երեք ընտրողներ քվեարկությանը մասնակցել են 9-րդ ձեւով (անձնագրի փոխարինող փաստաթուղթ):
07/15 տեղամասում Ծերերի տնից գազելով մարդկանց բերել են ընտրատեղամաս, որի պատճառով տեղամասում առաջացել են կուտակումներ` ավելի քան 15 ընտրող: Քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք չեն հասցնում դիտարկել քվեարկության գործընթացը:
07/28 տեղամասում (11 դպրոց, Լուկաշին փ.) ընտրողին օգնող անձի տվյալները հանձնաժողովի անդամները հարժարվել են գրանցել մատյանում, սակայն դիտորդի զգուշացումից հետո, գրանցել են օգնողին գրանցամատյանում:
07/16 տեղամասում (113 դպրոց, Հաղթանակ փ.), հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել ժամանած դիտորդներին եւ սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ընտրատեղամասից: 10:40
13/12 տեղամասում (№ 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.), հանձնաժողովի նախագահը 3 ոստիկաններ է հրավիրել ընտրատեղամաս՝ պատճառաբանելով, որ պետք է մարդկանց հոսքը կարգավորվի, այն դեպքում, որ նման գործառույթ կատարելու համար մեկ ոստիկանի աջակցությունը, այն էլ քվեասենյակից դուրս կանգնած լինելով` լիովին բավարար է: 10:26
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ահազանգ է ստացել, որ Երեւանի Վիկտոր Համբարձումյան փ., 8/1 շենքի նկուղում նույն շենքի բնակիչներից մեկը իր տղաների հետ կաշառք է բաժանում, (նախքին Գայդարի փողոց): Տեղեկությունը ստուգված չէ:
07/14 տեղամասում (№ 80 նախակրթարան, Հաղթանակ փ.), տեղամասային կենտրոնում կարգավիճակ չունեցող անհայտ անձը փորձել է դուրս հրավել կին դիտորդին՝ վերջինիս հետ ինչ-որ հարցեր պարզելու նպատակով: Պատճառը դիտորդի կողմից մի քանի անգամ հանձնաժողովի նախագահին դիտողություններ անելն է եղել՝ այն մասին, որ վստահված անձինք չեն գրանցվում գրանցամատյանում: Դիտորդը չի լքել տեղամասը եւ մնում է տեղում:
07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ.), անընդհատ ավտոբուսներով ընտրողների են տանում-բերում, հիմնականում տարեց կանաց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում սաստիկ կուտակումներ են՝ 15 ընտրողից շատ ավելի մարդ կա քվեասենյակում, տարեցներին բերողները ուղեկցում են քվեախցեր` եւ օգնում են քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ուզում օրենքով սահմանված կարգն ապահովել տեղամասում: 10:16
13/12 տեղամասի (№ 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.)դիմաց առկա են ոստիկանների կուտակումներ: Ոստիկաններն անարգել ելումուտ են անում ընտրական տեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր կերպով նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել: 10:06
13/27 տեղամասում` 64 դպրոց` Վարդաշեն, երկու «Բոգդան» ավտոբուսներով ընտրողներ են բերում-տանում: 10:08
08/28 տեղամասում (Ախպարաշեն, № 91 դպրոց) դիտորդին արգելվում է ազատ տեղաշարժը ու դիտարկումը ընտրատեղամասում: Հանձնաժողովի նախագահ` Սամվել Խանյան` ՀՀԿ: Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը 09:59-ին էլեկտրոնային բողոք է ուղարկել ՀՀ ԿԸՀ նախագահին:
13/12 տեղամասի (№ 17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) դիմաց ոստիկանների կուտակումներ են: 09:59:
12/08 տեղամասում (31 դպրոց), քվեասենյակից 10-15 մետր հեռավորության վրա ընտրողները անթաքույց վիճաբանում են՝ խոստացված եւ չտրված գումարի շուրջ:
07/31 տեղամասում (№ 6 ուսումնարան), քվեարկության խցերից ընտրողները դուրս են գալիս, առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու: Հանձնաժողովի նախագահին զգուշացնելուց հետո, խախտումը վերացվել է:
12/11 տեղամասում` 140 դպրոց` Նորագավիթ, դիտորդ Անի Չատինյանին չէին թողնում մտնել ընտրատեղամաս:
08/04 տեղամասում (№ 116 դպրոց, Արարատյան զանգ), միաժամանակ գտնվում են ՀՀԿ երկու վստահված անձինք:
13/26 ընտրատեղամասում (Հաստոցանորմալ գործարան, Մահարու փ., 1) տեղակայված է տարածքում (գործարան), բացակայում է սանհանգույցը, քվեասենյակով ելումուտ են նշված տարածքում ապրող բնակիչներ:
07/34 տեղամասում (№ 37 մանկապարտեզ, Սիլիկյան թաղ.), ընտրակաշառք են բաժանում:
07/14 տեղամասում (№ 80 նախակրթարան), ՀՀԿ երկու ներկայացուցիչներ միաժամանակ գտնվում են տեղամասում եւ հրահանգներ են տալիս հանձնաժողովի անդամներին: Նախագահը հրաժարվում է գրանցամատյանում արձանագրել այս խախտումը:
13/30 տեղամասում (№107 դպրոց), հանձնաժողովի քարտուղարը հրաժարվում է գրանցել խախտման վերաբերյալ դիտորդի մեկնաբանությունը:
12/22 տեղամասում (№ 142 նախակրթարան), Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ ներկայացուցիչ և վերջինիս շահերի պաշտպան: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն: Դիտորդը ձայնագրել է զրույցը:
08/08 տեղամսում (№ 90 դպրոց), տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում կամ անօրինական կերպով օժանդակում: 08:39 անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ են արձանագրվել:
13/25 տեղամասում (Նոր Արեշի № 69 մանկապարտեզ), հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ մոռացել է բերել ծրարների վրա դրվող կնիքը, արդյունքում 36 քվեաթերթիկներ նետվել են քվեաթուփ՝ առանց կնքելու:
07/23 (№ 121 դպրոց) կնիքը անձնագրում դնելուց անմիջապես հետո թանաքը թաշկինակով սրբվել է:
07/05 ԶԼՄ ներկայացուցչին փորձել են խոչընդոտել ներկա գտնվել եւ հետեւել քվեարկության ընթացքին:
08:56-ի դրությամբ բազմաթիվ ահազանգեր կան 8, 12 ընտրատարածքների տեղամասերից, որ անձնագրերում դրված կնիքների թանաքը արագ ցնդում է կամ հեշտությամբ սրբվում:
7/23 ընտրատեղամասում անձրագրերում դրվող դրոշմակնիքը չորանալուց հետո անձեռոցիկով մաքրվում է:
13/05 դիտարկվել է ընտրողների կուտակումներ՝ ընտրատեղամասի միջանցքներում:
07/14 ընտրատեղամասում 8:00-ի դրությամբ (№ 80 նախակրթարան) միաժամանակ ներկա են նույն կուսակցության (ՀՀԿ) 3 վստահված անձինք:
7/32 գրանցվել է՝ խմբերով ընտրողների փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:
13/36 տեղամասի (Նուբարաշենի 175 դպրոց) ընտրացուցակներում ընդգրկված են քաղաքացիներ (առնվազն 3 հոգի), որոնց Երեւանի գրանցումը սկսվում է 21.02.2013թ:
Մայիսի 5-ին Երեւանում ընթանում են Ավագանու ընտրությունները: Արդեն բացվել են Երեւանի 13 ընտրատարածքների 467 տեղամասերը: Ամբողջ օրվա եւ քվեների հաշվարկի ընթացքում transparency.am-ը լուրեր կհաղորդի ընտրությունների ընթացքի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը