Լրահոս

04.05.2013 12:15


Գյումրիի դեպքերի գործով՝ երկու բողոք

Գյումրիի դեպքերի գործով՝ երկու բողոք

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը երկու բողոք է ներկայացրել դատարաններ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց փաստաբանը, Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել իր պաշտպանյալին կալանավորելու Շիրակի մարզի ընդհանուր դատարանի ապրիլի 27-ի որոշման դեմ, ևս մեկ բողոք է ներկայացրել հիշյալ մարզային դատարան՝ բողոքարկելով իր պաշտպանյալին գործով տուժող չճանաչելու նախաքննական մարմնի որոշումը:

Գյումրիի դեպքերի գործում որպես մեղադրյալ ներգրավված իր պաշտպանյալն, ըստ Հայկ Ալումյանի, մեղավոր չի ճանաչում իրեն առաջադրված մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը: Մեղադրյալը գտնում է, որ իր վրա հարձակում է կատարվել, ինչի հետևանքով ինքն որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»:

Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար «Քավոր Հարութ» և «Շեկո» մականուններով և համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով:

Այս խորագրի վերջին նյութերը