Մեկնաբանություն

03.05.2013 23:35


Ինչո՞ւ ՀՀԿ–ն չի ուզում հանձնել Երևանը

Ինչո՞ւ ՀՀԿ–ն չի ուզում հանձնել Երևանը

Պատասխանը շատ պարզ է։ Որովհետև.

1.Երևանը հանձնելով՝ իշխանական բուրգը կփլուզվի և համապետական մասշտաբով տեղի կունենա անցնցում իշխանափոխություն,

2.Երևանը հանձնելով՝ կբացահայտվեն բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ, որոնք անկասկած կտանեն դեպի Բաղրամյան 26 և Հանրապետության հրապարակ. «Հայկական աշխարհի» ճարտարապետները ստիպված կլինեն հաճախակի այցելել դատախազություն,

3.Երևանը հանձնելով՝ կջարդվի ՀՀԿ–ի ընտրակեղծիքների մեքենան,

4.Երևանը հանձնելով՝ Սերժ Սարգսյանը կվերածվի անգլիական թագուհու՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով. ավագանին ու քաղաքապետն այնպիսի լիազորություններ ունեն, որ ցանկության դեպքում կարող են վերահսկել Բաղրամյան 26–ի ու Կառավարության աշխատանքները,

5.Երևանը հանձնելով՝ իշխանությունները կզրկվեն կասկածելի եկամուտների հսկայական աղբյուրից. միայն Տարոն Մարգարյանի հայտարարագրած միլիոններն արդեն իսկ ցույց են տալիս, թե ինչն ինչոց է,

6.Երևանը հանձնելով՝ չի իրագործվի տնտեսաքաղաքական համակարգը նեոբոլշևիկյան մոդելով սեփականաշնորհելու իշխանական ծրագիրը,

7.Երևանը հանձնելով՝ հօդս կցնդեն պետական կառավարման համակարգը մեկի ձեռքում կենտրոնացնելու և իշխանությունը ժառանգական դարձնելու նախագծերը,

8.Երևանը հանձնելով՝ գործող նախագահն այլևս չի կարողանա մայրաքաղաքը կառավարել «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» տարբերակով։

Իշխանությունն էլի պատճառներ ունի մայրաքաղաքն իր ձեռքում պահելու համար, բայց նշված կետերն այն հիմնականն են, որոնց համար «ավելի լավ Տարոն» են խաղացնում։ Այսինքն՝ այն պնդումները, թե սրանք տեղական նշանակության ընտրություններ են և չեն կարող քաղաքական հետևանքներ ունենալ՝ բլեֆ են։

Եթե մայիսի 5–ին զուտ տեղական նշանակության ընտրություններ լինեին, ապա իշխանությունն այսպես իրար չէր խառնվի ու մեկ ամսվա ընթացքում «շըփ–թըփ» ոճի մեջ երևանցու աչքերին թոզ փչելու համար ասֆալտ–մասֆալտ չէր փռի։

Երևանցիների գործն, ըստ այդմ, պետք է լինի իշխանության «իշտահին» քացախ լցնելը և «Ավելի լավ Տարոնը՝ պաշտոնազուրկ Տարոնն է» թեմայով քվեարկություն իրականացնելը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը