Մեկնաբանություն

02.05.2013 15:12


Ներկոալիցիոն մրցավազք

Ներկոալիցիոն մրցավազք

Ինչպես հայտնի է, ՀՀԿ–ն Երևանի ավագանու ընտրություններում հանդես է գալիս «Ավելի լավ Երևան» կարգախոսով։ Թե ինչ է դա նշանակում գործնականում, կարելի է հասկանալ Տարոն Մարգարյանի ունեցվածքի հայտարարագրերն ուսումնասիրելով. աճի դինամիկան տպավորիչ է։

Գործող քաղաքապետին հաջողվել է պետական համակարգում աշխատելու տարիներին միլիոնավոր դոլարներ կուտակել։ Իսկ դա նշանակում է, որ ավելի լավ Երևանը կարող է Տարոնի համար ավելի շատ եկամուտներ ապահովել։ Թե որքանով է դա ձեռնտու երևանցիներին, կերևա մայիսի 5–ի քվեարկությունից, եթե իհարկե՝ ունենանք նորմալ ընտրություններ, այլ ոչ թե «տոկոսխփոցի»։

Իշխող կոալիցիայի մյուս անդամը՝ ՀՀԿ–ի կցորդ ՕԵԿ–ն էլ ընտրել է «Մենք կարող ենք ավելին» կարգախոսը։ Ըստ այդ կուսակցության՝ Տարոնը լավ է աշխատել, բայց իրենք կարող են ավելի լավ տարոնություն անել։

Փաստորեն, եթե Տարոնը կարողացել է 10 մլն դոլար կուտակել, ապա Արթուր Բաղդասարյանը խոստանում է՝ իր թիմը կարող է ավելին, այսինքն՝ ավելի շատ գումարներ մսխել։ Ճիշտ է, ՕԵԿ–ն ուղղակիորեն այդպես չի հայտարարում, բայց այդպես է ստացվում։ Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ այլ կերպ պարզապես հնարավոր չէ բացատրել 2008–ից քաղաքական դիակի վերածված ՕԵԿ–ի՝ Տարոնի արածներից ավելին անելու խոստումը։

Եվ այսպես՝ ՀՀԿ–ն և ՕԵԿ–ը ներկոալիցիոն մրցավազքի մեջ են, թե ով կհաջողացնի ավելի լավ «շինել» Երևանը և ավելի շատ կուտակել։

Ոչիշխանական ուժերի գործն այս դեպքում պետք է լինի ՀՀԿ մենաշնորհը Երևանում վերացնելն ու իշխանական բուրգի ապամոնտաժման սկիզբը դնելը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը