Լրահոս

02.05.2013 21:29


Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանում «Ռուսական վարժարան» հիմնադրամ ստեղծելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կրթօջախը կստեղծի Հայաստանում ռուսաց լեզվով միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագիր իրականացնելու և որակյալ կրթություն կազմակերպելու բարենպաստ պայմաններ։

Իր նիստում կառավարությունը Գյումրու Ազատ Շիրինյանի անվան «Օկտետ» N6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով հատկացրել է 10 մլն դրամ։ Վերակառուցումը, որն իրականացվում է «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրով, մոտենում է ավարտին։ Ս.թ. սեպտեմբերին տեղի կունենա դպրոցի բացումը, որին կմասնակցի նաև Deep Purple-ի մենակատար Իեն Գիլանը։ 2009-2012 թթ. դպրոցի վերակառուցման նպատակով հավաքվել է 110 հազար ԱՄՆ դոլար։ 2012 թ. Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկել է հավաքված գումարը, 21 հազար 200 ԱՄՆ դոլարի գործիքներ է տրամադրելու Millbank Music երաժշտական գործիքների խանութի սեփականատեր Թիմ Իրվինգը։
Կառավարության որոշմամբ Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 168 մլն դրամ։ Դեսպանության բացումը խթան կհանդիսանա զարգացնելու հայ-շվեդական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` առևտրատնտեսական ոլորտում և օգտվելու Շվեդիայի տնտեսական հզոր ներուժից։ 
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև Հայաստանում զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Պրոպարկո մասնաճյուղի հաստատման և գործունեության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը սահմանում է ԶՖԳ խմբի, որի մեջ մտնում է նաև դրա մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ մասնագիտացած Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության մասնաճյուղը (Պրոպարկո), Հայաստանում հաստատվելու, կարգավիճակի և գործունեության իրավաբանական, հարկային, ֆինանսական և այլ պայմանները։ 
ՀՀ կառավարության համաձայնությունն են ստացել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև եկամտի և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու, Հայաստանի Հանրապետության և Բահրեյնի Թագավորության կառավարությունների միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությունները։

Այս խորագրի վերջին նյութերը